‘Սերժ Սարգսյանի տան դիմաց բնակարան են պահանջում’

1177

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների բնակիչները հավաքվել էին Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Շուրջ մեկ ժամ նրանք անցկացրել են այդ վայրում, սակայն ակցիայի մասնակիցներին ոստիկանները հայտնել են, որ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, գտնվում է Լոռու մարզում` հորդորելով հավաքվածներին հեռանալ: Ապա ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի իրենց հետ հանդիպի Ռիտա Սարգսյանը, սակայն այդ պահանջը ևս չի կատարվել: «Թող մեզ ընդունեն, մեր խնդրին լուծում տան, ուր գնում, բողոքում են, անօգուտ է, ինչքա՞ն կարելի է ցրտին, անձրևին և ձյանը հավաքվենք ու բողոքենք»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են հավաքվածները: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ բնակարանով ապահովելու խոստում իրենց անձամբ տվել է Սերժ Սարգսյանը և հիմա պարտավոր է կատարել այն: «Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր բնակարաններն ենք ուզում, ինչքա՞ն կարելի է վարձով ապրել»:

Նախորդ հոդվածը‘Վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ և թունավորվել’
Հաջորդ հոդվածը‘Մյանմայում վերացրել են զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը’