‘Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, վաղը կխոսի տարածքների 30%-ի օկուպացման մասին’

1457

Հայաստանի Հանրապետությունը եւ զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, եւ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սկսելու դեպքում ՀՀ-ն իր ամբողջ կարողությամբ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղին:

ԵԽԽՎ նստաշրջանում, պատասխանելով ադրբեջանցի պատվիրակ Սեիդովի հարցին, հայտարարեց Սերժ Սարգսյանը: Սեիդովն իր հարցում նշեց, որ «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, այդ թվում՝ տարածքներ, որոնք երբեք ԼՂ կազմի մեջ չեն եղել: Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիային եւ Վրաստանին: Արդյո՞ք ձեր այս քաղաքականությունը ապագա ունի», — հարցրեց նա:  

«Ձեր նշած քաղաքականությունը ապագա չունի, բայց այն մեզ հետ էլ կապ չունի: Մենք երբեք Թուրքիային տարածքային պահանջ չենք ներկայացրել, դուք չեք գտնի հայաստանցի որեւէ պաշտոնյայի պաշտոնական հայտարարություն, որը կվերաբերեր Թուրքիայից տարածքային պահանջներին: Ինչ վերաբերում է Վրաստանին, դուք նորություն եք ասում, որը զավեշտալի է: Ինչպե՞ս կարելի է երկու եղբայրական ժողովուրդների միջեւ նման բաներ սերմանել», — ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «տարածքների օկուպացիային», Սարգսյանը նշեց, որ «պետք չէ ռազմական գործողություններ սկսել եւ հետո բողոքել օկուպացիայից»:

«Եթե դուք նորից ռազմական գործողություններ սկսեք, վաղը կխոսեք 25-30 տոկոս օկուպացիայի մասին: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել», — ասաց Սարգսյանը:

Նա ներկայացրեց նաեւ ԼՂ գործընթացում վերջին տարիների զարգացումները՝ նշելով, որ հակառակ միջազգային հանրության ջանքերի, պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել Մադրիդյան հիմնարար  3 սկզբունքներից 2-ը՝ ուժի կիրառման բացառման եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:

«Կոնֆլիկտը պետք է լուծվի երեք սկզբունքների համաժամանակյա կիրառման հիման վրա: Այն միջոցները, որոնք ծախսվում են սպառազինությունների կուտակման վրա, պետք է ուղղել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը», — ասաց նա:

Ի պատասխան իսպանացի պատգամավորի հարցի, թե ինչով կարող է օգնել եվրոպական հանրությունը ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում, Սերժ Սարգսյանը նշեց, որ եվրոպացիները պետք է նպաստեն վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ հետեւեն, թե որքանով է Ադրբեջանը կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, սպառազինությունների սահմանափակման հարցում:

«Ոչ թե նրա համար, որ մենք վախենում ենք պարտվելուց. մենք վախենում ենք բուն պատերազմից եւ համարում ենք, որ պատերազմով խնդիրը չի լուծվի: ԼՂ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու՝ Ադրբեջանի կազմում, անկախ, թե Հայաստանի կազմում: Այնպես, ինչպես մյուս ժողովուրդներն են արել: Այո, Ադրբեջանը պետք է պայքարի իր տարածքային ամբողջականության համար, մենք տարածքային պահանջներ Ադրբեջանից չունենք:

Նախորդ հոդվածը‘UITE. Հայաստանը կսկսի անօդաչու թռչող սարքեր արտահանել Դանիա’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը ստել է ԵԽԽՎ ամբիոնից. Ելույթ’