‘Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր’

1272

Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Քաջարան քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի ընթացքում մի շարք անձանց շնորհակալագրեր և մեդալներ է հանձնել: Քանի որ Սերժ Սարգսյանի խոսքերն իրենց անպատասխանատվությամբ, անլրջությամբ և իրականությունից շատ հեռու լինելով՝ մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, մեջբերենք մի քանի նախադասություն Քաջարանի հրապարակում Սարգսյանի ելույթից (մեջբերումներն՝ ըստ «Արմենպրեսի»):

«Մենք հինավուրց ժողովուրդ ենք, ունենք հազարամյա քաղաքներ և հաղթահարելով պատմության փորձությունները հասել ենք 21-րդ դար: Շատ հաճախ հարց է առաջանում՝ ինչպես ենք մենք կարողացել հասնել այս օրվան: Պատասխաններից մեկն այն է, որ ունենալով հզոր պատմություն, մեր հասարակության լավագույն մասը միշտ նայում է ապագային: Այդպիսի դրսևորումներից մեկն էլ հենց Քաջարանի կոմբինատի գործարկումն էր և Քաջարան քաղաքի հիմնադրումը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօր Քաջարանը համարվում է Հայաստանի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, իսկ Քաջարանի կոմբինատը՝ տնտեսության հսկան:

Սարգսյանը նշել է, որ հսկաները հենց այնպես չեն առաջանում, այլ դրանք գիտակից և աշխատասեր մարդկանց աշխատանքի արդյունքն են: «Ես վստահ եմ, սիրելի քաջարանցիներ, որ 5 տարի, 10 հետո դուք ավելի լավ եք ապրելու, ավելի երջանիկ եք լինելու: Այսօր քաջարանցիները չեն կարող համեմատել իրենց ներկայիս քաղաքը 30 տարի առաջ եղած քաղաքի հետ, և վստահ եմ, որ 10-20 տարի հետո Քաջարանն անհամեմատելի կլինի այսօրվա քաղաքի հետ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, սիրելի՛ քաջարանցիներ, և վստահ եղեք, որ ձեզ հետ միասին մեր հանրապետությունն առաջ են տանում նաև այլ քաղաքներ, և ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր»,- ասել է ՀՀԿ առաջնորդը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ՆԳ նախարարը կոչ է արել երկրից վտարել գնչուներին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի՝ Գյումրիի եւ Ախուրյանի կառույցների խորհուրդների կազմը’