Սեւակ Արամազդ. Հա՛յ ժողովուրդ

1893

Ես կեանքում երբեւէ չեմ դիմել քեզ, կոչ չեմ արել, քանզի հետեւելով իմ մտքի ու հոգու իւրաքանչիւր շարժմանը եւ կեանքիս ու արարքներիս բեկբեկուն ուղեգծին՝  ինձ անարժան եմ համարել քեզ խօսք ասելու համար։

Սակայն նոյնքան ուշադիր հետեւել եմ քեզ, քո ամեն քայլին՝ յուսահատ անզօրութեամբ տեսնելով, թէ ինչպէս ես դու ինքնակործան յամառութեամբ հասունացնում այն աղէտը, որ հիմա հիմնայատակ պատուհասել է քեզ։

Դարաւոր ստրկութիւնից ծնուած պոռոտախօս ցանկամտութեամբ եւ մոլագար սեւեռումով՝ դու քեզ առաջնորդ կարգեցիր աղէտաբեր պարտուածին եւ ընտրելով պարտութիւնն իբրեւ կենսակերպ՝ դրանով իսկ ստորագրեցիր քո Անկախութեան հրաժարագրի տակ։

Դա քո երկար ու ձիգ պատմութեան ամենամեծ ողբերգութիւնն էր, աւելի մեծ, քան Մեծ Եղեռնը։ Դրանով դու հրաժարուեցիր քո իսկ գոյութեան ցանկութիւնից։

Աշխարհն ապշեց քո այդ անմեղսունակ անկամութեան վրայ, քանզի դա դէմ էր գոյութեան օրէնքներին, որոնց համար քո հպարտութեան բոլոր ցնորական կռուանները՝ կրօն ու մշակոյթ, արուեստ ու գրականութիւն, գէթ մէկ փոշեհատիկի արժէք իսկ չունեն։

Խրախճանքների հիւթառատ տեսիլներից մի պահ գլուխդ բարձրացնելով՝ դու մշուշուած հայեացքով անտարբեր հետեւեցիր, թէ ինչպէս է յօշոտւում քո վերջին զաւակը՝ Արցախը։ Ապա կախեցիր գլուխդ մինչեւ գետին՝ խաղաղ ու ապահով շարունակութեան ակնկալութեամբ։

Չզգացիր նոյնիսկ, թէ ինչպէս է թուրանական գայլն իր երկար ու սուր ժանիքները խրել մարմնիդ մէջ եւ սեղմում անընդհատ։ Արիւնռուշտ գիշատչի իր ջահէլ բնազդով նա որսացել է իր երկար երազած այս երանագոյն պահը եւ բաց չի թողնելու, մինչեւ դու նոյնպէս կտապալուես գետին՝ ճիշտ քո կորուսեալ զաւակի պէս։

Դու եւս օժտուած ես այն նոյն բնազդով, ինչ այդ գայլը։ Ո՛ւժ գտիր քո մէջ, թօթափի՛ր քեզնից քո հոգու երկդիմի կեղծիքից ծնուած պարտուածին ու պարտութեան բեռը, եւ վերադարձի՛ր իրականութիւն։

Հայրական տանը ապրող որբի պէս դու ընկել ես աշխարհէաշխարհ եւ անպատիւ աներեսութեամբ կախուելով մէ՛կ սրա փէշից, մէ՛կ նրա՝ ծնկասող փրկութիւն ես աղերսում՝ արդարօրէն ստանալով միայն թաքուն քմծիծաղ ու կիսաժպիտ արհամարհանք։

Բնութիւնը չի հանդուրժում նրան, ով ապաստան է փնտրում պարտութեան մէջ։

Վերագտի՛ր քո կամքը՝ քո բնական գիտակցութիւնը։

Այդ կամքը քո իսկ ներսում է՝ փակուած ինքն իր մէջ՝ որպէս ժայռում։ Դա այն ուժն է, որ դուրս պոռթկաց Հայոց Համազգային Շարժման տեսքով եւ երիցս առաւել դժնդակ օրհասում վերականգնեց քո գոյութեան արժանապատւութիւնը եւ ազդարարեց քո աներկբայելի ներկայութիւնը աշխարհի մէջ։

Նա փշրեց նոյն այդ գայլի ժանիքները եւ ազատեց քո զաւակին մահուան ճիրաններից, բայց փոխարէնը քեզնից ստացաւ միայն հայհոյա՛նք, անէ՛ծք, զրպարտա՛նք եւ ատելութի՛ւն։

Քեզ վախեցրե՛ց քո իրական Անկախութիւնը, քեզ սարսափեցրե՛ց քո իրական Ազատութիւնը, դու սահմռկեցի՛ր քո իրական յաղթանակներից, եւ հեռու վանեցիր նրան քեզնից՝ որպէս յետին դաւաճանի։

Այո, այդ ուժը դաւաճանել էր քո հազարամեայ ստրկամտութեանը, որի մէջ յարմար տեղաւորուած՝ դու դարեր շարունակ օրօրում էիր քո երկնառաք ցնորքները՝ գետնաքարշ տրորուելով անցնող-դարձողից, մինչեւ մաշուելով՝ դարձար մի բուռ ու մի ոտնաչափ։

Եւ հիմա կրկին դու յայտնուել ես նոյն օրհասի մէջ, ինչպէս հազար տարի առաջ, ինչպէս երեկ։ Եւ դարձեալ չես կարողանում հասկանալ, թէ ի՞նչ պատճառով։ Ողբում ես անվերջ ու բողոքում, լալահառաչ անէծք թափում անարդար աշխարհի ու մարդկութեան գլխին։

Դա արդէն ծաղր է պատմութեան հանդէպ։ 

Դու ազնիւ չե՛ս ինքդ քո առջեւ։

Պատմութիւնը երբեք չի կրկնւում, այլ կրկնւում է միայն քո նո՛յն սխալը, որը միշտ յանգեցնում է նո՛յն հետեւանքին։

Դո՛ւ ես ստեղծում քո պատմութիւնը, դո՛ւ ես նախապատրաստում քո վախճանը եւ ոչ թէ ինչ-որ «աստուած ու մարդկութիւն»։

Միայն դո՛ւ։ 

Ընդամենը մէ՛կ անգամ դու ըմբռնեցիր գոյութեան ճշմարտութիւնը եւ կարողացար դուրս գալ քո անկումների մոգական շրջապտոյտից՝ կերտելով պետութիւն եւ յաղթանակներ, ապա  կրկին սուզուեցիր քո հինաւուրց մոլորութիւնների խանդոտ գիրկը եւ հասար այս օրուան։

Ինքնամեծար եսամտութեամբ ու ամբարտաւան քամահրանքով դու տասնամեակներ շարունակ իսպառ մերժեցի՛ր Անկախութեան հիմնադիր Հայրերի բոլոր խորհուրդներն ու յորդորները, կուրօրէն անտեսեցի՛ր նրանց նախազգուշացումներն ու կանխատեսումները՝ նոյնիսկ ա՛յն ժամանակ, երբ դրանք արդէն դարձել էին անշրջանցելի իրականութիւն։   

Կա՛նգ առ մի պահ եւ փնտրի՛ր քո քաղաքական գիտակցութիւնը։

Եթէ գէթ մէկ անգամ դու յաղթահարեցիր ինքդ քեզ եւ յաղթեցիր թշնամուդ, հապա ինչո՞ւ չես կարող հիմա կրկնել նոյնը՝ առերեսուելով քո եղերական սխալների հետ։  

Չէ՞ որ դեռ կենդանի են նրանք, ովքեր կերտել են այդ յաղթանակները եւ չեն մոռացուել նրանք, ովքեր զոհուել են այդ յաղթանակների համար։  

Յիշի՛ր՝ կամքը մեռնում է, բայց չի ծերանում։

21․09․2023թ․

Նախորդ հոդվածըԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայմանը
Հաջորդ հոդվածը«Ինտերն» առաջին պարտությունը կրեց Ա սերիայում, «Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ուդինեզեին»