Սեւակ Արամազդ. Սողունների արշավանքը

1621

Յայտնի փաստ է, որ սողունները գերադասում են խժռել ոչ թէ թռչուններին, այլ նրանց անպաշտպան ձուերը՝ նրանց ապագայ սերունդներին։ Եթէ նոյնիսկ թռչնի բոյնը հիւսուած է ամենաբարձր ծառի կատարին, միեւնոյն է, սողունները գտնում են հնարը՝ վար բերելու տենչալի աւարը։ Սողունի գիշատիչ բնազդը գործում է անվրէպ։

Անզէն աչքով իսկ տեսանելի է, որ Հայաստանի գործող վարչախումբն իր արտաքին քաղաքականութեան խառնակ-խայտառակ ձախողումները փորձում է հակակշռել ոչ այլ կերպ, քան ներքին քաղաքականութեան մէջ նոյնպիսի անտարբերելի խառնաշփոթ յարուցելով՝ այդպիսով ստեղծելով հաւասարակշռութեան պատրանք՝ ի խնդիր սեփական իշխանութեան պահպանման։ Դրանով են բացատրւում վերջին ժամանակներս գիտակրթական եւ մշակութային հաստատութիւնների դէմ ձեռնարկուած աղմկալի գրոհները՝ ինչ-որ «բարեփոխումների» անուան տակ։ Հասկանալի է, որ այդպիսով փորձ է արւում հանրութեան մտածող հատուածին «ազատել» երկրին սպառնացող աշխարհաքաղաքական լրջագոյն վտանգների մասին ահագնացող մտահոգութիւնից՝ դրանից բխող համապատասխան եզրայանգումներով։ Ենթակայական իմաստով, դա թերուս իշխանաւորի չարախինդ վրէժն է՝ մտածող մարդու հանդէպ։    

Այժմ էլ, ահա, հերթը հասել է ստեղծագործական միութիւնների շէնքերի «պետականացմանը» կամ «օրինականացմանը»։ Կասկածից վեր է, որ այդ գործընթացն առաջին հերթին վերաբերում է Գրողների միութեանը՝ պարուրուած յոգնակիութեան ծխածածկոյթով։ Դա տեղի է ունենում իշխող ուժի՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը կազմաքանդելու «ռազմավարական ծրագրի շրջանակում»՝ յանուն «հայոց վերին Երուսաղէմի»՝ «նոր Հայաստանի» կառուցման, աւելի ստոյգ՝ յանուն «իրական» Հայաստանի «արարչագործման»՝ «ըստ պատկերի իւրում»։

Անկախութեան Հռչակագիր, Հիմն, Զինանշան, Արարատ, Սահմանադրութիւն՝ այդ թիրախները լինելով չափազանց ակնառու եւ ընդհանրական՝ ունեն դիմադրական մեծ ներուժ, ուստի, պայքարելով դրանց դէմ՝ հնարաւոր չէր ակնկալել նկատելի արդիւնք։ Հարուածը հարկ էր ուղղել Պետականութեան առաւել անպաշտպան եւ աներեւոյթ հիմքերին։

Ինչո՞վ է Գրողների միութիւնն արժանացել նման «ուշադրութեան»։ Մի՞թէ միայն այն պատճառով, որ հարազատ կամ օտար մի հաստամարմին սողուն ցանկութիւն է յայտնել լափելու այդ «ոսկէ ձուն»։

Ո՛չ։ Կամ՝ ո՛չ միայն։ Խնդիրն արմատական է։   

Գրողների միութիւնը Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ծննդեան բոյնն է։ Այստեղ է խմորուել Հայոց Անկախութիւնը, կերպ առել «Ղարաբաղ» կոմիտէն, նրա ներշնչանքով է սկսուել Արցախի ազատագրումը, այստեղից են դուրս եկել Հայոց Պետականութեան հիմնադիր այրերը։

Անկախ այն բանից, թէ յետագայում հայ գրողներն իրենք ինչպէ՛ս են կուրացել-ուրացել կամ «մոռացել» այդ փաստը, միեւնոյն է, այդ իրողութիւնն ինքնին ապրում է այդ տան պատերի ներսում՝ իբրեւ պատմութեան կենդանի յիշողութիւն, իբրեւ հայոց մեծերի հաւաքական ներկայութեան լուռ պատգամ։  

Դա ինքնին անձնական մահացու վիրաւորանք է «նոր Հայաստանի» հիմնադիր «կերտչի»՝ մի ինքնակոչ, փայլաթեփուկ «գրողի» համար։

Ահա թէ ինչո՛ւ է Գրողների միութեանն անհրաժեշտ «կադաստրի վկայական»՝ ճիշտ այնպէս, ինչպէս Հայաստանի Երրորդ Հանրապետութեանը, որի «լեգիտիմացման» գործընթացը «պսակուեց» 2020թ․ պատերազմում կրած «փայլուն» պարտութեամբ, տասնեակ հազարաւոր զոհերով ու վիրաւորներով, Արցախի եղերական կորստով, Հայաստանի սահմանների շարունակական խոցոտմամբ եւ Հայոց Ինքնիշխանութեան գետնատարած ջախջախումով։

Ինչպէս ցոյց են տալիս անցեալի ու ներկայի բազում յար եւ նման ձեռնարկումները, այդ «գործընթացը» եւս, չհասնելով որեւէ տրամաբանական  հանգրուանի, ի վերջոյ, չպայթած արկի պէս իր սուր ծայրով խրուելու է անորոշութեան ճահճի մէջ՝ տեւականօրէն թունաւորելով-ապականելով հանրային ընկալումների զգայուն դաշտը։    

Այդ հանգամանքը հեռաւոր աղերս իսկ չունի ո՛չ վախի, ո՛չ թուլութեան, ո՛չ էլ, առաւել եւս, «օրինականութեան» կամ «ժողովրդավարութեան» հետ։ Ընդհակառակը, դա այն է, ինչին ձգտում է Հայաստանի իշխող վարչախումբը, որի գործունէութեան տրամաբանութիւնը հէնց գիտակցուած անտրամաբանութիւնն է․ որեւէ բան չհասցնել իր աւարտին․ խնդիրներ վերհանել եւ թողնել օդում առկախ․ քար նետել աղբիւրի մէջ ու փախչել․ քաղաքական ուժերի պայքարը վերածել երկուստեք խրախճանքի․ ամեն վայրկեան թաքուն նենգել խաղաթղթերը եւ դուրս գալ շահած։  

Այդ կարծեցեալ անտրամաբանութեան նպատակն է՝ միաժամանակ բազմաթիւ փոքր ցնցումներ յարուցել Հայաստանի Երրորդ Հանրապետութեան քաղաքական-պատմական-տնտեսական-ազգային-ռազմական-հոգեւոր կառոյցում եւ սպասել, մինչեւ դրանք գումարուելով իրար՝ ինչ-որ պահի, ռեզոնանսի օրէնքով, կվերածուեն աւէրիչ երկրաշարժի։ Այնժամ մատի մի թոյլ, անզգալի հպումն իսկ բաւական է, որ փլուզուի ամբողջ շէնքը։ Չէ՞ որ դա ճիշտ եւ ճիշտ այն է, ինչ «աննախադէպ արդիւնավէտութեամբ» փորձարկուեց Արցախի պարագային։ 

Կործանումը կհետեւի ինքնաբերաբար։ 

Անկախ այն բանից, թէ Հայաստանի ներկայ իշխանութիւնը ծախու «դաւաճա՞ն» է, թէ՞ խեւ «անմեղսունակ», անյոյս «բախտախնդի՞ր», թէ՞ տգէտ «անկարողունակ», միեւնոյն է, հայ ժողովուրդն ի՛նքն է հաւաքականօրէն, ամենից առաջ իր մտաւորականութեամբ՝ գրողներով, գիտնականներով, պատմաբաններով, քաղաքագէտներով, նկարիչներով, երաժիշտներով, ուսուցիչներով, կանգնելու Պատմութեան դատի առջեւ՝ իբրեւ հանցագործ հեղինակը սեփական անփառունակ վախճանի։   

Մի՞թէ հայ մարդու մէջ անդառնալի մարել է այն տարրական-կենդանական բնազդը, որ մղում է նոյնիսկ փոքրիկ թռչունին փորձելու ամեն գնով՝ թէկուզ տագնապահար ծւծուոցներով, թեւերի անզօր թափահարումներով, յուսահատ կտցահարումներով, վանել իր բոյնը սողոսկած սողունին։  

03․04․2024թ․

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ