‘Սեւանում իշխանի պաշարների վերականգնման հարցերով խորհուրդ կստեղծվի’

2522

Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել  Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

Ըստ President.am-ի՝ խորհրդի հիմնական գործառույթներն են` մշակել համապատասխան առաջարկություններ Սևանա լճում ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հիմնախնդիրների լուծման համար, իրականացնել ծրագրի կատարողական ցուցանիշների մշտադիտարկում և ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել լիազորված մարմիններին, առաջարկություններ ներկայացնել ծրագրի շրջանակներում գնային քաղաքականության (մանրաձուկ, վաճառվող ձուկ և այլն) վերաբերյալ:

Համաձայն կարգադրության՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Խորհրդի կազմում ընդգրկված են բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ այլք: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մի բան հաստատ է. մեր հավաքականն արդեն հասունացել է եւ հաղթողի հոգեբանությամբ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հայցել է Յագլանդի աջակցությունը ‘