‘«Սիսիանի» ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքում կնոջ մահվան դեպքով հարուցվել է քրգործ’

916

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ Անի Դավթյանը 2014թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա մոտ ախտորոշվել է 24 շաբաթական հղիություն, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:

2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն: Կատարվել են ռեանիմացիոն միջոցառումներ, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները չեն վերականգնվել և նույն օրը՝ ժամը 22:05-ին, Անի Դավթյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տարբեր հատվածներում մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում մահացած են գտել դերասան Ալեքսեյ Դևոտչենկոյին’