‘«Սիրահարված» ուսուցչուհին պատվիրել է իր աշակերտի սպանությունը (տեսանյութ)’

1567

Ռուսաստանի Շատուրա քաղաքում երաժշտության 52-ամյա «սիրահարված» ուսուցչուհին պատվիրել է իրեն փոխադարձությամբ չպատասխանող իններորդ դասարանցի աշակերտի սպանությունը: Ընդ որում՝ նա պնդել է, որ սպանելուց առաջ  տղային հաշմեն:

Քննիչները մանրազնին հետազոտում են թաքնված տեսախցիկով արված տեսագրությունը, որտեղ ցնցող երկխոսություն է ընթանում: 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժ Յուլյա Սիմոնովան խնդրում է սպանել իր նախկին աշակերտին: Քիլլերի դերում հանդես է եկել օպերատիվ աշխատող, սակայն մանկավարժն այդ մասին չի իմացել: Նա համոզված է եղել, որ իր առջև կրկնահանցագործ է, և վերջին հրահանգներն է տալիս նրան:

 

Ըստ լուրերի՝ ամեն ինչ սկսվել է երկու տարի առաջ, երբ տղան առաջին անգամ հաճախել է նրա դասին: Համադասարանցիների խոսքով՝ դասատուն նրան անընդհատ հաճոյախոսություններ էր անում՝ ստիպելով տղային կարմրել: Սիմոնովայի հարևանները պատմել են, որ վաղուց են նկատել նրա հետ կատարվող փոփոխությունները. հասուն տարիքի կինը հանկարծ սկսել է հագնվել ջահել աղջկա պես, ըստ երևույթին՝ ուզեցել է գրավել 15-ամյա աշակերտի ուշադրությունը: Մի անգամ Սիմոնովան տղային տեսել է իր համադասարանցի աղջիկների շրջապատում ու կատաղել է, նույնիսկ այցելել է նրա ծնողներին ու պնդել, որ սահմանափակեն որդու շփումներն աղջիկների հետ:

Թե ինչու է Յուլյա Սիմոնովան՝ երկու հասուն երեխաների մայր (26 տարեկան դուստր և 19 տարեկան որդի), հարգված մանկավարժից վերածվել 15-ամյա անչափահասի սպանության պատվիրատուի՝ դեռ պարզ չէ: Բացառված չէ, որ Սիմոնովան ենթարկվի հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. 100-ամյա տարելիցի հանձնաժողովի պերճանքն ու թշվառությունը’
Հաջորդ հոդվածը‘Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը կվերահսկվի’