‘Սիրիահայ երեխաների դպրոցը փակվել է’

1035

Մեկ տարի առաջ բացված Կիլիկեան վարժարանն այլևս գոյություն չունի։ Նար-Դոսի դպրոցում գտնվող, մոտ 350 աշակերտ ունեցող վարժարանը միակն էր Հայաստանում, որտեղ ուսուցումն իրականացվում էր սիրիական ծրագրով, բացի հայերենից, երեխաները սովորում էին ևս 3 լեզու` արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն:

Վարժարանի արդեն նախկին տնօրեն Նորա Փլիպպոսեանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցը փակվել է սեպտեմբերի 15-ից, իսկ երեխաները հաճախում են հայկական հանրակրթական դպրոցներ։ «Չեմ կարող ասել, թե ինչպես եղավ, հիմա դպրոց չկա, երեխաներն էլ հաճախում են իրենց տների մոտ գտնվող դպրոցներ։ Ես հիմա ոչ մի տեղ չեմ աշխատում»,-ասաց տիկին Փլիպպոսեանը՝ ներողություն խնդրելով, որ չի կարող մեր մյուս հարցերին պատասխանել։ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Կիլիկեան վարժարանն իրավական առումով չի էլ եղել, իսկ հիմա ամեն ինչ կարգավորվել է։ Նրա խոսքերով, Կիլիկեան վարժարանը բացելով՝ իրենք ընդառաջ են գնացել սիրիացիներին, որպեսզի իրենց երեխաները սթրեսային վիճակում չհայտնվեն և սիրիական ծրագրից հետ չմնան։

«Դա պայմանավորված էր նրանով, որ ծնողների մեծ մասը վստահ էին, որ պատերազմի ավարտից հետո կվերադառնան Սիրիա, իսկ որոշ ժամանակ անց, մեզ հետ զրույցներում ասացին, որ պետք է մնան Հայաստանում և իրենց երեխաների բուհական կրթությունը տեսնում են հայկական բուհերում։ Դա եղավ այն հիմքը, որի հիման վրա նոր մոտեցում ձևավորվեց, սիրիահայ երեխաները պետք է ինտեգրվեն հայկական դպրոցներում։ Ճիշտ է, հիմա սիրիահայ երեխաներն անցնում են հայկական ծրագրով, բայց ունեն արեւմտահայերենի և արաբերենի ֆակուլտատիվ ժամեր»,-նշեց պարոն Զաքարյանը։

Նրա փոխանցմամբ, երեխաների մի մասը շարունակում է սովորել նույն դպրոցում, որտեղ տեղակայված էր Կիլիկեան վարժարանը՝ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, իսկ մյուս մասը՝ իրենց բնակարանների մոտ գտնվող դպրոցներում։ Իսկ Կրթության և Գիտության նախարարության Հանրակրթության վարչության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը պարզաբանեց, որ դպրոցը փակվել է աշակերտներ չլինելու պատճառով. «Ինչքանով ես տեղյակ եմ, աշակերտներ չեն հավաքվել, այդ իսկ պատճառով էլ դպրոցը չի գործում։ Սիրիահայ երեխաները նախընտրել են մեր դպրոցները»։

Նախորդ հոդվածը‘Ջոուի Բարտոն. Իբրահիմովիչը արժանի չէ «Ոսկե գնդակին»’
Հաջորդ հոդվածը‘«Անկախ» վերլուծաբանները չեն անդրադառնա Լևոնի մտքերին’