‘Սիրիահայ 32 ընտանիք մշտական բնակություն է հաստատել ԼՂՀ-ում’

1033

Սիրիահայ 32 ընտանիք մշտական բնակություն է հաստատել Արցախում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա խոսքով, սիրիահայերի համար ԼՂՀ կառավարությունը հատուկ ծրագիր չի մշակել. նրանց համար գործում է Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների զարգացման ծրագիրը:
«Այդ ծրագրերի շրջանակներում մենք սիրիահայերին Ղարաբաղում ապրելու հնարավորություն ենք տվել: Նրանք, նախ եւ առաջ, տարրական սոցիալ-կենցաղային պայմանների կարիքն ունեն», — նշել է Հարությունյանը:
Նա նշել է, որ, մասնավորապես, Բերձորում, Իշխանաձորում, եւ Կովսականում բարեգործների եւ պետկան ֆինանսավորման միջոցներով սիրիահայ ընտանիքների համար բնակարաններ են վերանորոգվում են նորմալ կենսապայմանների համար լուրջ վարկային միջոցներ են տրամադրվում:
Հարությունյանը նշել է, որ կան ընտանիքներ, որոնք սեփական միջոցներով են եկել ԼՂՀ, ձեռք են բերել կացարան եւ լուրջ ներդրումներ են իրականացնում Քաշաթաղում եւ Ստեփանակերտի մերձակա տարածքներում:
«Սիրիահայերը հմուտ հողագործներ են եւ գյուղատնտեսության բնագավառում նոր մշակույթ են ներմուծել: Նրանք Ղարաբաղի համար անսովոր մշակաբույսեր են աճեցնում, մասնավորապես, ձիթապտուղ եւ այլ մշակաբույսեր», — ասել է Արա Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Ակցիա դատախազության մոտ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘5 ներկրող, երկու հանքարդյունաբերող, երեք սպասարկող. Կիսամյակի 10 խոշոր հարկատուների ցանկը’