‘Սովետը մահացավ և հարյավ Հայաստանում. «Ժողովուրդ»’

1248

Երեկ 87 տարեկան հասակում մահացավ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:  Նրան իրավամբ համարում էին նախկին ԽՍՀՄ-ի կենդանի լեգենդ, ով մարմնավորում էր նախկին կայսրությունը: Զարմանալի զուգադիպությամբ, Շևարդնաձեի մահը համընկավ ՀՀ Արմավիրի մարզում ընթացող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային հանդիպման հետ:

Առաջին հայացքից՝ կարող է անհեթեթ ու անտրամաբանական  թվալ այս զուգահեռի անցկացումը: Բայց միայն՝ առաջին հայացքից: Իրականում Հայաստանի այսօրվա իշխանությունները նախկին կոմունիստական վարք ու բարքի ամենաուղիղ կրողներն են, ովքեր 21-րդ դարում զբաղված են ամենաէժան, ամենապրիմիտիվ պոպուլիզմով, պրոպագանդա-ագիտացիայով, որ անգամ լճացման տարիներին իրեն թույլ չէր տա քաղբյուրոյի ծերակույտը:

Ու զավեշտալին այն է, որ նրանք հավատում են, թե վարչական միջոցներով «բերման ենթարկվածներին» հետաքրքրում է սահմանադրական բարեփոխումների հարցը, կամ նրանց համար ընկալելի է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքն այն մասին, թե «ես ուզում եմ, որ իմ երեխաներն ապրեն մի երկրում, որտեղ չինովնիկը նրանց ճակատագիրը չի որոշում, որտեղ կա Սահմանադրություն… Հակառակ դեպքում՝ պետք է ապավինենք իշխողների բարյացակամությանը»: Նկատենք, որ  Գագիկ Հարությունյանն իշխանության կազմում էր, երբ սովետական կարգերին հրաժեշտ տվեցին Հայաստանում, ու, պարզվում է, նրա՝ ՍԴ նախագահության օրոք էլ կրկին հարություն առան դրանք:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ի վախը մի քանի անգամ «նստած-հելած» է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ հարուցվել է քր. գործ’