‘Սոցիալական բո՞ւնտ, թե՞…’

3492

Սոցիալական բո՞ւնտ, թե՞ ընկերային խեռություն*

1. Աղ ու բիբար, խառը կանաչի կամ խտացված ներածական

(Եթե որոշ կետերում թվա բարդ ու վերացական, կարող եք բաց թողնել և անցնել առաջ, ուր նույնը բացատրված է ավելի պարզ, հանգամանալից և օրինակներով):

 

Թեպետ «բունտ» բառը բացակայում է հայերենի բառարաններում (այլ կերպ ասած՝ հայերենում նման բառ չկա) և դրա իմաստային դաշտը լիովին ծածկվում է հայերեն բառերի մի ամբողջ հոմանշային շարքով՝ «խռովություն, ապստամբություն, հուզում, ընդվզում, ըմբոստացում, խազմ, խազմարարություն, խազմություն, վտարանջություն, նշկահում, մռտություն» և այլն, ընդհուպ մինչև «խեռություն», և թեպետ «սոցիալական բունտ» հասկացության միջազգային (ոչ ռուսերեն) գիտական համարժեքն այնքան էլ պարզ չէ (պարզ համացանցային փնտրտուքը տալիս է ճապոնական «Social riot machine» խմբի հղումներ), ի հեճուկս այս ամենի, իսկ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ շնորհի՛վ սրա «սոցիալական բունտ» հղացքը (կոնցեպտը) պարբերաբար թեժ քննարկումների առարկա է դառնում մեզանում: Ամեն ինչ բնական է. չսահմանված եզրեր «ֆիրմա» հնչեղությամբ (որով և՝ գավառական երևակայության համար «գիտական» ու մոգական ուժ ունեցող), բայց միջազգային համարժեքը չունեցող հասկացություն (իրականում ռուսական մի լուսանցքային «խելոքությունից», չասենք «խեռությունից» փոխառված)՝ և հայաստանյան բանավեճի աջապսանդալն արդեն հիմնականում պատրաստ է:

Մնում է ավելացնել ա՛ղ, բիբա՛ր ու խառը կանաչի՝ ըստ ճաշակի: Աղի դերը տվյալ դեպքում վերապահված է չունեվորների ապստամության մասին դպրոցական դասերից մնացած աղոտ հուշերին, բիբարը՝ պատմական և հասարակական իրողությունների վերաբերյալ ռոմանտիկ քերթվածքներից փոխառած պատկերացումներին («ամբոխները խելագարված») և վերջապես խառը կանաչին՝ հայաստանյան քննարկումների առաջատարների «իրավիճակային էմպիրիզմին», այսինքն՝ մտածողության մի կերպին, որը, ի զորու չլինելով իրավիճակներ ձևակերպել և ձևավորել հիմնվելով թեկուզ սեփական փորձի ընդհանրացուման վրա (հասարակագիտական հիմունքային գիտելիքի օգնությամբ), միայն արձագանքում է ամեն տվյալ պահի իրավիճակին հաջորդ օրն իսկ մոռացվող (ըստ իրավիճակի փոփոխության), չսահմանված և հավակնոտ խոսքով:

 2. De potentia et impotentia կամ վասն «տռենդից»

Հայ հասարակության ինքն իրեն առաջադեմ համարող հատվածն ուզում է հեղափոխություն: Հեղափոխությունը չի ստացվում, որովհետև բացի ցանկությունից պետք է նաև միտք, կամք և աշխատանք: Իսկ այդ երեքը շատերի կատաղի ոսոխներն են: Հետևաբար գցում ենք մեզ դեսուդեն՝ կախված իրավիճակից փնտրելով հերթական մոդայիկ թեման, որի շուրջ կարելի է կառուցել պարապ մտավարժանքների հերթական սերիան. և քանի որ 2013-ի ամռան շեմին կարևոր միտում են դարձել գյուղական ընդվզումները, ապա հայ «առաջադեմ» մտավորականությունը, վերհիշելով իր պապենական նարոդնիկական արմատները, երազում է Հայաստանում գյուղական հեղափոխության մասին: Բնական է, որ այդ գերմոդայիկ միտումը (հայերեն ասած՝ թրենդը կամ ռուսերենախառը հայերեն-անգլերենով՝ «տռենդը») կմոռացվի նույնքան արագ, որքան արագ մոռացվել են նախկին բոլոր գերմոդայիկ «տռենդները» (մտքում պահել բնիկ հայերեն «տեռ» արմատը, որից «տռել», «տռան» և այլն)՝ հենց իրավիճակը փոխվի և գյուղական ընդվզումների հուշերը մարեն ամառային բաթումա-քոբուլեթիական թմբիրում: Աշնանը, նոր իրավիճակային զարգացումներին զուգահեռ, կքննարկվեն նոր գերմոդայիկ թեմաներ, դաշտ կնետվեն նոր ու «գերնոր» ու «կրեածիվ» «իձյեաներ»:

   3. Երեք «կրեածիվ» հեծանիվ ու երկու «իձյեա» արմենիկում

 Որպեսզի ասածս չափազանցություն չթվա, պարզապես հիշեցնեմ, որ միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հայ առաջադեմ հասարակությունը հասցրել է ձևակերպել ու քննարկման առարկա դարձնել այնպիսի գերհզոր հեղափոխական հղացքներ, ինչպիսիք են

* «Մաշտոցի պուրակում փորձարկվեց նոր «ծիխնալոգիա», որը գալիք ընտրություններում կբերի իշխանափոխության» (Մաշտոցի պուրակի ազնիվ ակտիվիստներին խնդրում եմ չնեղվել. սա իրենց մասին չէ, այլ միայն «ծիխնոլըգների»),

* «hանրահավաքների ժամանակն անցել է» (2012-ի աշուն, 2013-ի հունվար. հետո նույն մարդիկ նույն պաթոսով մասնակցում և կոչ էին անում մասնակցել հետընտրական հանրահավաքներին),

* «լիդերների ժամանակն անցել է» (ե՞րբ է եղել, ե՞րբ է անցել, ո՞րտեղ է անցել, ինչու՞ է անցել և նման սին հարցերը բնականաբար անպատասխան մնացին. կարևորը, Լենինի ասած, «հեղափոխական ֆրազն է»),

* «այլընտրանքային իշխանության ձևավորումը որպես ուղիղ ճանապարհ» (մի պահ նույնիսկ այլընտրանքային իշխանության ցուցակները հրապարակվեցին),

* «կրեածիվ, ապակենտրոնացված, ցանցային պայքար» (ո՞վ է հիմա սրա մասին հիշում՝ չնայած ընդամենը 2 ամիս առաջ էր շեփորահարվում որպես աշխարհի վերջին հայտնագործություն),

* «բարի հեղափոխություն» («դոբրիի» մեջ),

* «հացադուլը կփրկի հայրենիքը»,

* «տոլկո պոսլե չերեզ մոյ դիակ» և այլն, և այլն:

Այսպիսով հայ առաջադեմ խավին կարելի է շնորհել Իգնոբելյան մրցանակ կես տարվա մեջ միանգամից մի քանի հեծանիվ և մի երկու հատ էլ նոր Արմենիկում հորինելու անսպառ ջանքերի համար:

Այս իմաստով մենք նման ենք մանուկների, որոնք ամեն անգամ նոր խաղալիքով տարվելով և ամեն մի նոր խաղալիքով մեկ-երկու ամիս խաղալով՝ մոռանում են դա ու նույն կրքոտությամբ տարվում հերթական ժամանակավոր «տռենդով»: Ի դեպ երբ ծրագրում էի հոդվածս, չէի պատկերացնում, որ այս հատվածն այսքան կերկարի, քանզի ինքս էլ հասցրել էի մոռանալ այս հանճարեղությունների մեծ մասը: Բայց արի ու տես, որ երբսկսեցի գրել, հասկացա, որ սրա մասին արժեր մի առանձին նյութ գրել (բայց ախր ո՞ր մեկի մասին մարդ հասցնի գրել՝ անսպառ է մանուկների երևակայությունը):

 «Իձյեաների» այս «կրեածիվ», անսպառ շատրվանը 2013-ի մայիսի երկրորդ կեսին եկավ ու հանգեց հին ու բարի, մի քիչ փոշոտած (մի երկու տարի ակտիվ չէր օգտագործվել) սոցիալական բունտին: Դարձ ի շրջա՛նս յուր: Այս պարբերաշրջանն անպայման կրկնվելու է. երբ սպառվի սոցիալական բունտի մասին այսօրվա խոսակցությունը, դրան փոխարինելու են գալու նորանոր «կրեածիվներ»՝ գուցե նաև հների վերարտադրությամբ (երբ մարդը չի կարողանում փորձը վերածել գիտելիքի, կրկնություններն անխուսափելի են, մյուս կողմից էլ՝ երբ մարդն ամեն փորձ համարում է եզակի ու վերջին ճշմարտություն, անխուսափելի է հեծանիվ հորինելու «կրեածիվը»): Իսկ ինչ-որ մի փուլի, երբ «կրեածիվը» ժամանակավորապես սպառվի, նորից թեմա կդառնա սոցիալական բունտը:

Որպեսզի այս փակ շրջանից դուրս գանք, փորձենք հասկանալ ի վերջո, թե ի՛նչ է այդ անտերը:

  4. Անսահմանելիի սահմանումը կամ տերյանական մեգի ու մեծարենցյան աղջամուղջի մանանաբեր մշուշներում

    Սոցիալական բունտի մասին կարելի է ասել ընդամենը մեկ նախադասություն. այն չի կարող լինել, որովհետև այն չի կարող լինել երբեք (ոգեկոչելով Չեխովի հայտնի հերոսին): Իհարկե մի կարևոր ճշտմամբ. լինել ասելով՝ նկատի ունեմ սոցիալական բունտի հաջողումը և նրա միջոցով հասարակական արմատական բարեփոխումների կամ շրջադարձի հասնելը: Թե չէ զուտ որպես փաստ այն, իհարկե, կարող է լինել՝ տեղական, թե մեծ ծավալով, բայց որպես հաջողության հասած շարժում՝ ոչ: Ինչու՞ եմ այսքան կատեգորիկ:

  Իհարկե, բարդ է հայ առաջադեմ խավի փոխարեն սահմանում տալ «սոցիալական բունտ» «մոգագիտական» հասկացությանը, որը պատված է քաղցրիկ անհասկանալիության տերյանական միգով, էլ չասած մեծարենցյան աղջամուղջի մասին: Իսկ եթե այդպիսի որևէ սահմանում գտնվի էլ համաշխարհային հասարակագիտության շտեմարաններում, ապա անսահմանելի և մոգական է մնում դրա կիրառումը հայաստանյան խոսքում, «հայերեն» ասած՝ դիսկուրսում: Ի դեպ, արժե նաև հիշեցնել ամեն ֆիրմա բառից իրենց կորցնող վերլուծաբաններին, որ դիսկուրսը ոչ մի կապ չունի դիսկուսիայի՝ բանավեճի հետ, և դիսկուրս բառի կիրառումը որպես դիսկուսիայի համարժեք, ինչը մեզանում արվում է բավականին հաճախ, անհեթեթություն է: Իսկ նման ապուշ իրավիճակների մեջ չընկնելու համար կարելի է հետևել մի պարզ կանոնի՝ առանց հույժ անհրաժեշտության չօգտագործել «ֆիրմա» բառեր, մանավանդ եթե իմաստը ձեզ անհասանելի է՝ չնայած այս դարում չկա ավելի հեշտ բան, քան գոնե համացանցում կամ էլեկտրոնային որևէ բառարանում բառերի իմաստները ստուգելը. միով բանիվ՝ փորձեք ձեր պայծառ մտքերը ձևակերպել հայերեն բառապաշարով, և միայն երբ այն սպառվում է, դիմեք «ֆիրմայի» օգնությանը՝ նախապես ճշտելով իմաստները:

   Ամեն դեպքում, որքան կարելի է հասկանալ, սոցիալական բունտ ասելով մերոնք հասկանում են հասարակության չքավոր խավերի և ստորին շերտերի՝ գյուղացի, բանվոր, արհեստավոր, տարերային և անկանխատեսելի խռովությունը: Հենց դրանով էլ մերոնց դա «դզում է»: Նախ՝ որովհետև ոչ մի ջանք ու աշխատանք չի պահանջում՝ երկնքից իջնող մանանա է, միտք նույնպես պետք չէ՝ ամեն բան տարերային է, բացի այդ էլ՝ գավառական երևակայությունը գրգռվում է հովվերգական պատկերներով՝ բարի ու ազնիվ գյուղացիները հաստատում են տիեզերական արդարությունը մեկ առանձին վերցրած երկրում:

 5. Դեկաբրիստներն արթնացրեցին Հերցենին կամ Լենի՛ն կարդացեք, հարգելի՛ նախկին սովետական քաղաքացիներ

 Այս ամենը շատ հուզիչ է և գեղեցիկ, բայց կա մի լուրջ խնդիր: Համաշխարհային պատմությանը հայտնի չէ (իսկ եթե հայտնի է, ապա հուշեք) չքավորների ապստամբության և որևէ հաջողված դեպք: Դա չի նշանակում, որ չքավորների ապստամբություններ չեն եղել ընդհանրապես: Անշուշտ եղել են, բայց խոսքը հաջողված փորձերի մասին է: Իհարկե, անմիջապես կարող եք հիշել 20-րդ դարասկզբին ռուսական հեղափոխությունները (1905-07, 1917-ի փետրվար և հոկտեմբեր): Ըստ սովետական դասագրքերի՝ դրանք բանվորա-գյուղացիական ապստամբություններ էին: Բայց եթե նույն դասագրքերն ավելի ուշադիր ընթերցվեին, ապա կհիշվեր, որ ռուսական հեղափոխությունների առանցքային դեմքերից Վ. Լենինի հիմնարար վեճերից մեկն այլ սոցիալ-դեմոկրատների հետ տարիներ շարունակ եղել է այն, որ բանվոր դասակարգն ինքը չի կարող ձևակերպել հեղափոխության նպատակները, ոչ էլ կարող է ինքնակազմակերպվել. անհրաժեշտ է առաջնորդող ուժ ի դեմս պրոֆեսիոնալ հեղափոխականների կազմակերպության: Իհարկե, հարցը տվյալ դեպքում Լենինի տեսական հայացքների ճիշտ կամ սխալ լինելը չէ: Այլ այն է, որ, անկախ այդ վեճերից, 20-րդ դարի ռուսական երեք հեղափոխություններն էլ առաջնորդել են միջին դասի ներկայացուցիչները (բարձր դասի որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ), նրանք են ձևակերպել հեղափոխական պահանջները, ստեղծել կազմակերպություններ, որոշել ռազմավարությունը և ամեն տվյալ շրջանի մարտավարությունը: Չքավորների խռովությունները միայն այս շրջարկում են ստացել վճռորոշ նշանակություն, այլ ոչ թե իրենք իրենցով: Իսկ եթե է՛լ ավելի լայնացնենք պատմական համայնապատկերը, ապա առանց մեծ դժվարության կտեսնենք, որ հեղափոխական առաջին գաղափարախոսներն ու գործիչները Ռուսատանում եղել են բարձր դասի ներկայացուցիչները՝ դեկաբրիստները, ապա դրանց փոխարինել են այսպես կոչված «ռազնոչինեցները» (միջին խավը), որոնք էլ ի վերջո հասել են հեղափոխական նպատակների իրականացմանը՝ իրենց կողմը գրավելով նաև չքավոր զանգվածների մի մասին:

 Ռուսաստանը բնավ բացառություն չէ: Ճիշտ նույն կերպ նոր դարաշրջանի հիմնադիր և նախատիպային՝ ֆրանսիական հեղափոխությունը նախապատրաստվել է բարձր ու միջին դասի լուսավորիչների սերնդի կողմից, որոնք ձևակերպել են հեղափոխական խոսքը, և իրականացվել ու առաջնորդվել է նույն շերտի կողմից՝ լայն զանգվածների մասնակցությամբ: Ճիշտ է, ֆրանսիական հեղափոխության անմիջական առիթն այսպես կոչված սոցիալական խնդիրներն էին ու դրանց շուրջ ծագած խռովությունները, բայց սոցիալական խնդիրներ և խռովություններ Ֆրանսիայում (ինչպես և Ռուսաստանում ու ցանկացած այլ երկրում) դարերի ընթացքում անթիվ-անհամար են եղել, սակայն ֆրանսիական միապետությունը տապալվել է հենց 1792-ին վերը նշված պայմաններում, երբ կար արդեն միջին ու բարձր դասերի ներկայացուցիչների կողմից ձևակերպված հեղափոխական գաղափարը և գիտակցությունը:

     6. «Որ յԵգիպտոս միշտ ունես զսրտիդ զդարձնանձն իմ պարտաւոր»

 Կարող եմ հիշատակել նաև ավելի թարմ՝ Արաբական գարնան օրինակները: Շատ է խոսվում, որ Արաբական գարունը սկսվեց թունիսյան մի վաճառական երիտասարդի ինքնահրկիզումով: Բայց դա, իհարկե, միայն դեպքերի առիթն էր, որը, որպես հուզական պատկեր, տարածվեց միջազգային ԶԼՄ-ներով, և որը սակայն չքավորների ապստամբություն համարվել չի կարող, քանի որ արաբական հեղափոխությունների ընթացքում նույնպես վճռական էր միջին դասի դերը:

Պատկերացնու՞մ եք աշխարհում տարեկան քանի մարդ է ինքնահրկիզվում ի նշան բողոքի (օրինակ Տիբեթում 2009-2012 թթ.-ին ինքնահրկիզվել է 50 մարդ), և եթե ամեն այդպիսի դեպք բերեր հեղափոխության…

Պարզ է, որ եթե թեկուզ արտաքին հայացքի համար անսպասելիորեն տեղի է ունենում այնպիսի հզոր ալիք, ինչպիսին էր Արաբական գարունը, ուրեմն այդ հասարակությունների ներսում խորքային նախապայմաններ էին հասունացել նման զարգացման համար. այլ կերպ մտածելն արդեն այսպես ասած հասարակագիտական հերձվածք է («հայերեն»՝ հերետիկոսություն):

Եթե մի կողմ թողնենք արաբական այն երկրները, ուր ընդվզումը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, և վերցնենք առանց պատերազմի փոփոխությունների հասած ամենահայտնի երկրի՝ Եգիպտոսի օրինակը, ապա կտեսնենք, որ այստեղ նույնպես վճռական դեր խաղացին ներքին երեք գործոններ (արտաքինը մի կողմ թողած՝ որպես մեր հետաքրքրությունից տվյալ պահին դուրս գտնվող).

1. միջին դասի համախմբումը հրապարակում և սոցցանցերում,

2. իսլամիստների համաեգիպտոսյան՝ նախապես ունեցած կազմակերպչական ուժեղ ցանցը (որն անշուշտ ներառում էր նաև ստորին խավի ներկայացուցիչներին, բայց կազմակերպվել և առաջնորդվում էր, բնականաբար, միջինների ու բարձրների կողմից)

3. և բանակի չեզոքությունը, իսկ ապա և՝ փաստացի անցումը հեղափոխության կողմը:

Ընդ որում՝ պետք է նկատել, որ հետհեղափոխական իրավիճակում այս երեքից առավել մեծ շահում ստացան մինչհեղափոխական իրավիճակում առավել կազմակերպվածները՝ իսլամիստներն ու բանակը: Իսկ Թահրիրի «բնակչության» կարևոր հատվածը կազմող քաղաքաբնակ և ոչ իսլամիստ միջին դասի ներկայացուցիչները ստիպված են հիմա էլ պայքարել ընդդեմ իսլամիստների նոր վարչակարգի: Ընդ որում՝ այդ պայքարն էլ հազիվ թե ունենար լուրջ արդյունքներ, եթե բանակն ու նախկին վարչակարգի՝ դեռ ազդեցություն պահած ներկայացուցիչները նույնպես չլինեին իսլամիստների դեմ:

Կարծում եմ՝ սա ուսուցողական է մեր «առաջադեմ» շերտի համար, որը համաձայն իր «իրավիճակային էմպիրիզմի», եգիպտոսյան իրադարձություններին զուգահեռ սկսել էր օրգիաստիկ մտքեր տարածել առ այն, որ մեր օրերում այլևս պետք չէ կազմակերպում, որ այսօր այլևս մարդիկ զուտ ֆեյսբուքում խումբ սարքելով՝ կարող են հեղափոխություն անել ցանցային, ապակենտրոնացված սկզբունքով և այլն: Ցանցային սկզբունքն, իհարկե, վատ բան չէ, բայց ամեն մի այդպիսի նոր փորձը չվերլուծած ու չմարսած՝ հեռուն գնացող ընդհանրացումներ անելը հեչ լավ չէ: Տեսնում ենք, որ եգիպտոսյան հեղափոխությունից առավելապես շահեց նախապես կազմակերպված իսլամիստական, այլ ոչ թե «պրադվինուտի» «կրեածիվների» հատվածը:  

      7. Չինաստանից մինչև Գերմանիա ամեն բան նույնն է եղել

Լավ, իսկ ո՞րն է խնդիրը, ինչու՞ է միջին և բարձր դասերի մասնակցությունը հեղափոխության համար վճռական:

Պատճառներն ավելի քան պարզ են. հեղափոխության տարբերությունը սոսկական ընդվզումից այն է, որ հեղափոխությանն անհրաժեշտ են միտք, ծրագիր, կազմակերպում, տեխնոլոգիա, ռեսուրսներ կամ գոնե դրանց մի մասը (որքան շատ՝ այնքան ավելի լավ հետհեղափոխական իրավիճակում):

Միտք ասելով՝ նկատի ունեմ, որ հեղափոխական նպատակները պետք է նախօրոք ձևակերպվեն ու տարածվեն հասարակության մեջ: Ծրագիր ասելով նկատի ունեմ, որ ամեն պահի իրավիճակին համապատասխան պետք է ձևակերպվի գործողությունների ընդհանուր և իրապաշտական պլան՝ հիմնված այս պահի ուժերի դասավորության վրա: Կազմակերպում նշանակում է ուժեղ ու համախմբված թիմ և կառուցվածքային, մտածված բաժանում ու աշխատանք: Բնական է, որ այդ ամենը նախևառաջ հասու է հասարակության միջին ու բարձր խավերի ներկայացուցիչներին, այլ ոչ չքավորներին: Զարմանալի է կարծել, թե անզեն, անփող, անծրագիր, անկազմակերպ չքավոր խավը երբևէ կարող է որևէ հաջողության հասնել վերնախավի դեմ պայքարում:           

  Իհարկե, համաշխարհային պատմությանը հայտնի են ոչ միայն ստորին շերտերի նեկրայացուցիչների տեղական ընդզվումներ, այլև ավելի լայն, հատկապես գյուղացիական ապստամբական շարժումներ: Հիշենք մի քանի հատկանշական օրինակ, որպեսզի ասելիքն ավելի պարզ դառնա:

14-րդ դարի ֆրանսիական գյուղացիական ապստամբությունը՝ Ժակերիան: Ծագել է Հարյուրամյա պատերազմի ժամանակ, երբ Ֆրանսիայի զգալի մասը գրավված էր անգլիացիների կողմից, իսկ կենտրոնական իշխանությունը՝ ծայրաստիճան թուլացած: Ճնշվել է ազնվականների կողմից:

Դպրոցում մեզ շատ էին սիրում պատմել 2-րդ դարի չինական «դեղին չալմաների» գյուղացիական ապստամբությունը: Իրականում, որքան էլ գյուղացիները դրանում ընդգրկված ենեղել, այն հիմնվել է դաոսական կրոնի հետևորդների կազմակերպված ցանցի վրա: Ճնշվել է կառավարության կողմից:

16-րդ դարի գյուղացիական պատերազմը Գերմանիայում: Տեղի է ունեցել կրոնական ռեֆորմացիայի ծավալման շրջանում և ըստ էության կազմել է դրա մասը: Ճնշվել է ազնվականության կողմից:

Ստեպան Ռազինի և Եմելյան Պուգաչովի ապստամբությունները Ռուսաստանում 17-18 դդ.-ում, որոնք ընդունված է կոչել գյուղացիական պատերազմներ: Որպես նպատակ է ձևակերպվել տապալված միապետերի (համապատասխանաբար՝ Ալեկսեյ Ալեկսեյևիչի և Պետրոս Գ-ի) վերականգնումը գահին (թեև իրականում որպես միապետի թեկնածու են հանդես եկել ինքնակոչերը): Ապստամբությունների կորիզն են եղել կազակական զորքերը: Ճնշվել են կառավարության կողմից:

Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, կարելի է նաև այնպիսինները գտնել, որոնք գուցե ինչ-որ մանսակի հաջողության են հասել: Բայց տեսնում ենք, որ բոլոր օրինակներում, բացի այն, որ ապստամբությունները ճնշվել են, առանցքային դեր են կատարել գյուղացիական միջավայրից դուրս գտնվող գործոնները՝ արտաքին թշնամու ներխուժումը տվյալ երկիր, կրոնական կազմակերպության կազմակերպված ցանցը, միջին դասի կողմից ձևակերպված կրոնական բարեփոխման գաղափարներն ու պայքարը հանուն դրանց, միապետության հասարակարգի շրջանակներում լեգիտիմ ընկալվող նպատակները, զենք կրող շերտի վճռական ներգրավվածությունը և այլն:           

Հետևաբար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է եղել կա՛մ գաղափարական, կա՛մ կազմակերպական, կա՛մ զինված ռեսուրսի ներգրավումը, կամ էլ արտաքին միջամտությունը: Եվնույնիսկ այս պարագայում ապստամբական շարժումները ձախողվել են:

8. Մոլորակը մոլորակ չէ

           Հայաստանը չի կարող դրվել Երկիր մոլորակից, համաշխարհային պատմությունից, հասարակագիտական օրինաչափություններից դուրս, որքան էլ փորձենք նորանոր գաղափարական արմենիկումներ առաջարկել մեր հասարակությանը: Հետևաբար Հայաստանում էլ արմատական փոփոխությունները կամ հեղափոխությունը (ինչ անուն էլ նախընտրեք) հնարավոր են միայն այն դեպքում, երբ միջին դասը կարողանա ձևակերպել իր նպատակները, վերածել դրանք կոնկրետ ծրագրի, ինքնակազմակերպվել, ապա և դաշնակիցներ փնտրել հասարակության մյուս՝ բարձր ու ցածր շերտերի մեջ:

Անշուշտ, միջին դասը պետք է լինի նաև չունեվոր խավի շահերի ներկայացուցիչն ու խոսափողը, չպետք է նաև հարկ եղած դեպքում խորշի վերնախավում եղած պառակտումներից օգտվելուց, բայց կարևորը սեփական ինքնակազմակերպումն է՝ առանց որի լավագույն դեպքում կլինեն միայն ճնշված խռովություններ կամ պալատական հեղաշրջումներ՝ որպես համապատասխանաբար ստորին կամ բարձր շերտի գործունեության արդյունք: Իսկ թե ի՛նչը կարելի է համարել միջին դաս Հայաստանում և ի՛նչ վիճակում է այդ խավն այսօր մեզանում, առանձին թեմա է:

 

*Խեռությունը ոչ թե հայհոյանք է, ինչպես, վստահ եմկարծեցիք, այլ բնիկ հայերեն բառ՝ կազմված «խեռ» արմատից, և նշանակում է«ըմբոստություն», «անհնազանդություն», «անզսպություն» և այլն: Առկա է թե՛ հին, թե՛ նոր լեզվի բոլոր հիմնարար բառարաններում: Արդի լեզվում օգտագործված է արևմտահայ բանաստեղծների, հատկապես Վարուժանի կողմից:

  Հ.Գ. Հոդվածը գրել եմ հատուկ Կատյա Գրիգորյանի պատվերով, իսկ վերնագրում հարցական նշան եմ օգտագործել ի պատիվ Զորիկ Գալստյանի

 

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգայի հաղթողը կարող է հանդես գալ Չեմպիոնների լիգայում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ’