‘Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը լիովին մաքրվել է, ընթանում են վերականգնողական աշխատանքներ’

1441

Վրաստանը Ռուսաստանին կապող Ստեփանծմինդա-Լարս ռազմավարական ճանապարհին փլվածքները լիովին մաքրվել են, մասնագետները ձեռնամուխ են եղել խճուղու վերականգնման աշխատանքներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը:

Նախորդ շաբաթ Վրաստանի Դարիալի կիրճում սողանքը շրջափակել էր երթևեկությունը ռազմավարական ճանապարհով, աղետից տուժել էր նաև Կազբեկ/Վերին Լարս մաքսային անցակետը ռուս-վրացական սահմանում:

«Ճանապարհի մաքրման 24-ժամյա աշխատանքների արդյունքում այն լիովին մաքրվել է, և այս փուլում վերականգնողական և ափի ամրապնդման աշխատանքներ են ընթանում», — ասվում է գերատեսչության հայտարարությունում: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տվյալներով, հատկապես վնասվել է ճանապարհի երկու կիլոմետր հատված, որի վերականգնման համար տեղում աշխատում է հատուկ տեխնիկա: «Զուգընթաց անցկացվում են Թերեկ գետը բնական հուն վերադարձնելու և Լարսի հսկիչ անցակետի մաքրման աշխատանքներ», — ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այդ ճանապարհը  կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ թույլ է տալիս ցամաքային կապ  ապահովել  Ռուսաստանի հետ: 

Նախորդ հոդվածը‘Բալոտելին այսօր կդառնա «Լիվերպուլի» խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյի նախագահությունը’