‘Ստեփան Դեմիրճյան. Երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի նաեւ ներկայացված այս ծրագիրը. Տեսանյութ’

1309

Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում ելույթ է ունեցել նաեւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ կառավարության  գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները». սա մեջբերում է կառավարության ներկայացրած ծրագրից: Այն վերանշանակված կառավարության, որի նախորդ՝ 5 տարիների գործունեության արդյունքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Աճել է թե՛ աղքատությունը  (եթե 2008թ. աղքատների թիվը մեր երկրում կազմում էր 23 տոկոս, ապա ներկայումս այն հասել է 37 տոկոսի), թե՛ գործազրկությունը եւ թե՛ արտագաղթը. անցած 5 տարվա ընթացքում ավելի քան 200 հազար մարդ է լքել Հայաստանը: Այս տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բացասական միտումները էլ ավելի են խորանում, արտագաղթը շարունակում է աճել. այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 37 հազար մարդ հեռացել է Հայաստանից:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ապա այն պետք է սկսել Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց: Սակայն թե՛ 2012թ. ԱԺ ընտրությունները, թե՛ 2013թ. նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, մեղմ ասած՝ հեռու էին այդպիսին լինելուց:

Ներկայացված ծրագիրը էապես չի տարբերվում կառավարության նախորդ ծրագրից: Ամեն ինչ շատ գեղեցիկ ու լավ է շարադրված, օրինակ՝ «յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով եւ լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում», «յուրաքանչյուրի համար կստեղծվեն սեփական ջանքերով ստանալու աշխատանքին համապատասխան վաստակ»,  «յուրաքանչուրը պետք է վճարի իր ունեցվացքին եւ եկամտին համապատասխան հարկեր»:

Կառավարությունը խոստանում է ՀՆԱ աճ՝ տարեկան 5-7 տոկոսի սահմաններում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, 100 հազարից ավելի աշխատատեղերի ստեղծում, գործարար եւ ներդրումային միջավայրերի բարելավում, հավասար մրցակցային պայմանների ապահովում,  նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, 8-10 տոկոս աղքատության նվազեցում: Եւ իհարկե, ինչպես միշտ՝ հայտարարում է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու վճռականության մասին:

Սակայն ամբողջ հարցն այն է, որ հենց գործող կառավարության գործունեության, տարիներ շարունակ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության, երկրում տիրող անարդարությունների ու անօրինականությունների հետեւանքով է, որ մարդիկ որեւէ հեռանկար չեն տեսնում սեփական երկրում եւ իրենց ապագան փնտրում են օտար ափերում:

Առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը էլ ավելի կվատթարանա գազի սակագնի բարձրացումից: Կառավարությունը խոստանում է աջակցել անապահով ընտանիքներին ու 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը: Պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը, եւ ակնհայտ է, որ գազի թանկացմանն առաջիկայում կհաջորդի էլեկտրաէներգիայի, ծառայությունների եւ  ապրանքների գների շղթայական բարձրացումը, ինչն անելանելի դրության մեջ է դնելու մեր բնակչության ճնշող մեծամասնությանը:

Ստեղծված իրավիճակը արդարացնելու համար կառավարությունը, որպես փաստարկ, մշտապես մատնանշել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Մենք, իհարկե, չենք թերագնահատում դրա բացասական ազդեցությունը: Սակայն ակնհայտ է, որ  այն ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ այսօր առկա է մեր երկրում, պայմանավորված է, առաջին հերթին, ոչ արդյունավետ կառավարմամբ: Հայաստանում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը բացառում է երկրի զարգացման որեւէ հնարավորություն:

Եթե համապատասխան քայլեր կատարելով՝ հնարավոր է մեղմել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, ապա երկրում տիրող համատարած կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունը, կեղծվող ընտրությունները  պարզապես քանդում են մեր պետականության հիմքերը:

Ակնհայտ է, որ մեր երկրին պետք են որակական, արմատական փոփոխություններ: Նույնքան ակնհայտ է, որ գործող կառավարությունն ի վիճակի չէ դա անել:

Մենք չենք կարող կողմ քվեարկել ներկայացված ծրագրին, քանի որ կառավարությունը չի կատարել իր նախորդ խոստումներն ու ծրագրերը: Կարեւոր է ոչ միայն ծրագիրը, այլեւ այն, թե ով է այն իրականացնում: Այնպես որ՝ որեւէ երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի նաեւ ներկայացված այս ծրագիրը:

 

Նախորդ հոդվածը‘Մայրուղի հանված իշխանությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Մարտիրոսյան. Դեմ քվեարկեցի, որովհետեւ խմբակցությունում այդպիսի որոշում էր կայացվել’