‘Մայրուղի հանված իշխանությունը ‘

2522

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին նախագահական եւ հատկապես՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, շատերի համար անսպասելի էր, սակայն, թերեւս՝ բնական: Առանձին համայնքներում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ցույցներն ու ակցիաները, որոնք հաճախ դուրս են գալիս երեւակայության սահմաններից (ինչպես, օրինակ՝ Նոյեմբերյանի զորամասերից մեկում օրերս սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների որոշումը), հստակ ցույց են տալիս, որ տեղի է ունենում բնական հակազդեցություն: Պարզ բան է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Այս առումով, իշխանությունը մշտապես գործել է հստակ մեխանիզմով. ճնշումների դոզան տարածության եւ ժամանակի առումով հստակ այնպես է բաշխել, որ հիմնականում կարողանա այդ արանքում, ժողովրդի լեզվով ասած՝ «պառ թողնել»: Թեյնիկը եռում է, կրակը չի անջատվում,  սակայն եռացող ջուրը չի հասցնում մինչեւ վերջ թափվել, որովհետեւ վերջին պահին թեյնիկի կափարիչը մի փոքր բացում են: Սակայն հատկապես վերջին ընտրությունների ժամանակ, երբ ընտրությունները կեղծելու գործում իշխանությունը մոբիլիզացրեց իր բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ոստիկանական համակարգից մինչեւ թաղի խուժաններն ու, բառիս բուն իմաստով՝ անգամ մարմնավաճառները, ակնհայտ դարձավ, որ իշխանությունը հատել է ռուբիկոնը: Ընտրություններից հետո քաղաքական դաշտում նկատված անդորրն ու քաղաքացիների շրջանում ծայր առած հուսահատությունը, թերեւս, այդ առումով խաբուսիկ էին: Հայտնի փաստ է, գիշերը ամենամութը լինում է լուսաբացից առաջ: Եւ հետընտրական թվացյալ անդորրի մեջ զգացվեցին իշխանության ճնշումների արդյունքում առաջացած հակազդեցության առաջին ծիլերը: Ընդ որում՝ խոսքն արդեն սովորական բողոքի ակցիաների մասին չէր, որտեղ մարդիկ «քաղաքակիրթ» պաստառներով արտահայտում են իրենց բողոքն ու որոշ ժամանակ անց գնում տուն: Սա արդեն ինքնաբուխ ու անկառավարելի մի գործընթաց է, որի աշխարհագրական մետաստազները միայն Երեւանում չէ, որ նկատվել են: Ավելին, այդ հակազդեցությունը դուրս է եկել Երեւանից, եւ գուցե նաեւ կարելի է ասել՝ ավելի ակնհայտ արտահայտվել է հենց Երեւանից դուրս: Ընդ որում՝ այս ամենում մի ուշագրավ օրինաչափություն կա. ժողովուրդն սկսել է իր բողոքն արտահայտել մայրուղիներ փակելով: Հակազդեցությունն այլեւս անվերահսկելի է, եւ հենց այդ պատճառով էլ նախարարները վազում են մայրուղիներ՝ ժողովրդին ընդառաջ, տեսախցկների առաջ պատրաստ են հազար տեսակ ծամածռությունների, երդումներ ու խոստումներ տալու, միայն թե այդ պահին, թեկուզ ա՛յդ պահին, լռեցնեն ցասումը: Իշխանությունները սկսել են ստանալ իրենց վարձքը. ժողովուրդը նրանց հերթով դարձնում է «տռասի նախարարներ»: Ժողովուրդը նրանց հանել է մայրուղի, եւ այստեղ արդեն ուժի դիրքերից, վերեւից խոսողը նախարարները չեն: Իշխանությունները քաղում են այն պտուղները, որոնք իրենք են աճեցրել: Դե ֆակտո մերժելով երկրի խնդիրները լուծելու, արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քաղաքական առաջարկները՝ իշխանությունները ստացել են ապաքաղաքական մի իրավիճակ, որտեղ արդեն իրենց են կանչում մայրուղի՝ վերջնագրեր ներկայացնելու համար: Սա արդեն այն ռուբիկոնն է, որը իշխանություններն անցնել չեն կարողանալու: Իշխանությունն ուներ ընտրելու հնարավորություն: Նա կարող էր ուղղակի հեռանալ, չպարտադրել իր ներկայությունը իրեն չընտրած ժողովրդին: Իշխանությունը չօգտվեց այդ հնարավորությունից՝ կարծելով, թե այս անգամ էլ հուսահատ ժողովուրդը նախընտրելու է միայն արտագաղթի ճանապարհը: Իշխանությունները, սակայն, իրենց ինքնավստահ հաշվարկներում սխալվեցին: Առայժմ նրանց մայրուղի են կանչում: Իսկ վաղն արդեն կարող են կանչել ժողովրդական դատարանի առաջ: Եւ այդ ժամանակ արդեն ո՛չ թաղի խուժաններն են փրկելու, ո՛չ ոստիկաններն ու նրանց համակարգմամբ կեղծիքներ իրականացնող մարմնավաճառները, ո՛չ բանաստեղծություններ արտասանող դպրոցի տնօրինուհիները, ո՛չ Սեյրան Օհանյանի ուշացած համբույրը եւ ո՛չ անգամ ինքնաձեռնադրված քահանա-ոստիկանապետ Վովա Գասպարյանի աղոթքները: Գյուղնախարարը, փոխվարչապետը, պաշտպանության նախարարն ու ոստիկանապետն արդեն կանչվել են մայրուղի: Հերթում արդեն թերեւս Սերժ Սարգսյանն է: Եւ այնտեղ ահարոնադիբեկյանների ու կեղծ գելափների սոցհարցումները չեն անցնելու:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ կառավարությանը. Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի նաեւ ներկայացված այս ծրագիրը. Տեսանյութ’