‘Ստեփան Մարգարյան. Իշխանությունն ուզում է անսահմանափակ լիազորություններ ստանալ ‘

1524

Լավ օրից չէ, որ մենք այսօր այստեղ ենք` կապանցիներին ողջունելով՝ այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ելույթ ունենալով երեք ընդդիմադիր ուժերի համատեղ հանրահավաքին:

«Ցավոք սրտի, ունենք իշխանություն, որը բացարձակ ունակություն չունի լսելու ժողովրդի ձայնը: Ամիսներ առաջ, երբ չորս քաղաքական ուժերի միջև ձևավորվեց համաձայնություն, որը բառի բուն իմաստով այսօր քաղաքական օրակարգ է ձևավորում, իշխանություններին ներկայացվեցին պահանջներ, որոնց չկատարումը փլուզում կբերեր համապատասխան բնագավառներում: Փոխանակ այդ կետերը կատարեին, իշխանությունները մեր և ձեր վզին փաթաթում են կեղծ գաղափարներ, ինչ-որ սահմանադրական փոփոխություններ են առաջ քաշում: Այսինքն, նրանք ասում են՝ եկեք վերացնենք նախագահի պոստը, որպեսզի գնացող իշխանություն չլինի՝ լինի քաղաքական իշխանություն՝ անսահմանափակ լիազորություններով ու ժամկետով, և զրո պատասխանատվությամբ»,- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով, տասներկու կետերն ամփոփելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում ժողովրդի հետ միասին կորոշվեն հետագա քայլերը, որպեսզի թույլ չտան այդ ծրագրերի իրականացումը: Ստեփան Մարգարյանը նկատեց, որ հրապարակում կանգնածների մեծ մասը խոստովանել է, որ տոկոսի տակ է: «Մի բանկից վարկ են վերցնում՝ մյուս բանկի տոկոսները փակելու համար: Դրանից բացի, իշխանությունների քաղաքականության «շնորհիվ» մենք հինգ միլիարդ դոլարի պետական պարտք ունենք: Այդ պարտքը մենք ենք վճարելու, բոլորս՝ եթե ոչ ուղղակիորեն, մեր գրպանից, ապա այն գումարների հաշվին, որոնցով պետք է ձեր աշխատավարձերն ու թոշակները բարձրանային», — ասաց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հնարավոր է արտահերթ ընտրություններ պարտադրել’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Նոր սահմանադրություն չի լինելու (տեսանյութ)’