‘Արման Մուսինյան. Նոր սահմանադրություն չի լինելու (տեսանյութ)’

2266

Կապանում ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը և այսօր այստեղ եք՝ մեզ հետ:

Ես կուզենայի, որ մենք հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Հայաստանում այսօր իշխում է մի ռեժիմ, որը`

1. բռնանում է ժողովրդի կամքի վրա և հետևողականորեն կեղծում է բոլոր ընտրությունները՝ ՏԻՄ-ից մինչև նախագահական: 

2. իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ տնտեսական համակարգը, գործարարներին՝ միջին, մանր, խոշոր՝ զրկելով ազատ ձեռներեցություն անելու հնարավորությունից:

3. ժողովրդին մատնել է թշվառության, ծանր, մղձավանջային սոցիալական պայմանների և դրանից բխող արդեն՝ ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի:

4. ամեն Աստծու օր ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը և մնացած բոլոր օրենքները:

5. ըստ էության, ավերել է գյուղը: Այսօր Հայաստանի գյուղերը դատարկվել են, ամայացել են, վարելահողերի մեծ մասը չի մշակվում, մարդիկ մատնված են հարկադիր արտագաղթի, և այս ամենը իշխանությունն անում է մեկ նպատակով՝ պահել իշխանությունը և հարստանալ: 

Սրանից բացի, իշխանությունն ունի մեկ նպատակ ևս, որը հետևողականորեն փորձում էր իրականացնել մինչև վերջերս՝ մասնատել երկրի քաղաքական դաշտը, այնպես անել, որ քաղաքական դաշտի այն ուժերը, ովքեր մտահոգված են հասարակության խնդիրներով և երկրի վիճակով՝ չկարողանան միավորվել և նաև՝ հուսահատության, մինչև վերջին աստիճանի հուսահատության մատնել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը չկարողանա ուղղել իր մեջքը, կռանա սոցիալական բարդություններից ու պահանջներ չներկայացնի իրեն:

Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» խափանել են Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի այս նպատակի առաջին մասը: Ստեղծվել է, ըստ էության, աննախադեպ համախմբում` ընդդեմ այս վարչախմբի: 

Հիմա երկրորդ քայլը, որ մենք պիտի անենք՝ համախմբված քաղաքական ուժերի և ձեր՝ հասարակության, այդ թվում, գործարարների, մտավորականության, մանր ու միջին բիզնեսի, ուսանողների, տարեցների, բոլորի միասնությունն ապահովելն է: 

Մենք այդ խնդիրը պետք է լուծենք և լուծելու ենք՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի, ի դժբախտություն նրա վարչախմբի:

Հոկտեմբերի 10-ին մենք բոլորս ապահովելու ենք Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի ՝Կոնգրեսի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» ու հասարակության միասնությունը Ազատության հրապարակում:

Այդ միասնությամբ մենք լուծելու ենք հետևյալ խնդիրները. 

Վիժեցնելու ենք սահմանադրական բարեփոխումներ կոչվածը, որը ոչ այլ ինչ է, քան փաստաթուղթ` Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության մասին: Դա չի՛ լինելու, մոռացե՛ք, իմացեք, վստահ եղե՛ք, և Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբն էլ թող հույսները կտրեն: Նոր Սահմանադրություն չի լինելու՝ քանի դեռ վարչախումբը հեռացված չէ քաղաքական ասպարեզից, և ձևավորված չէ նոր իշխանություն:

Հաջորդը: Վիժեցնելով հանդերձ այդ ծրագիրը՝ մենք ուժեղացնելու ենք ճնշումը իշխանությունների վրա և ի վերջո՝ իրականացնելու ենք ամբողջական իշխանափոխություն:

Այնպես որ, մի՛ զլացեք, մի՛ հուսահատվեք, այն պահին, երբ դուք ձեր ուսերը, ձեր ձեռքերը թափ տվեցիք՝ իմացեք, որ Սերժ Սարգսյանը դրանով հաղթում է: Իսկ երբ ուղղեցիք ձեր մեջքը ու պարզ երեսով մասնակցեցիք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ձեր ընկերների, բարեկամների, հարազատների հետ, այս վարչախմբի օրերը հաշվված են:

Կհանդիպենք հոկտեմբերի 10-ին»,- իր ելույթում ասաց Արման Մուսինյանը:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Իշխանությունն ուզում է անսահմանափակ լիազորություններ ստանալ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիսկան հետևել է հանրահավաքին, և չնայած բոլոր ջանքերին՝ չի կարողացել խափանել’