‘Ստյոպա Սաֆարյան. Թիվ 1 ընտրատարածքում բերեցին պաստառ կախեցին և այդ պաստառն ընտրվեց’

839

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին: «Ես երբեք չեմ տառապել պատգամավոր դառնալու մոլուցքով: Հիմա եմ հասկանում մարդկանց ցավն ու վրդովմունքը, որ կարող են նման ապտակ հասցնել հասարակությանը: Սա նախագահական ընտրություններից առաջ փորձարկում էր: Ես պետք է ասեմ, որ իշխանությունները մտահոգվելու շատ լուրջ բան ունեն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

PanArmenian.net-ի փոխանցմամբ, նա նաև նկատեց, որ ի տարբերություն մայիսի 6-ի ընտրությունների, երբ ինքը պայքարում էր Ռուբեն Հայրապետյանի հետ, այս անգամ մոբիլիզացվել էր ամբողջ մայրաքաղաքի ռեսուրսը: Իսկ նախորդ դեպքում գործում էր Հայրապետյանի անձնական և թաղային ռեսուրսը: Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, որ այս ընտրությունների ժամանակ Ռոբերտ Սարգսյանն իշանությունների հետ միասին ահռելի ծախսեր էր արել: «Պաստառապատում, բիլբորդներ, կերուխումներ, ձայն հավաքող մարդիկ, և այսպիսի ծախսերի դեպքում քսան տոկոս հավաքելն ուղղակի ծիծաղելի է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանն ու ավելացրեց. «Այստեղ ընտրվում էր Տարոն Մարգարյանի անունը և անգամ այն չկարողացավ լուրջ ձայներ հավաքել:

Իշխանությունների գործը շատ բարդ է լինելու: Թիվ 1-ում ընտրության չեկած մարդիկ իշխանության ընտրողները չեն: Մեր թիմը, ցավոք, չկարողացավ այդ խռոված, հիասթափված մարդկանց համոզել գալ ընտրության»: Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, որ իր հաղթանակի խնդիրը լուծել հնարավոր չէր: «Մի բանդա էր՝ կազմված ԿԸՀ-ից, դպրոցների տնօրեններից, թաղապետարանից… նրանք կանխորոշել էին ընտրությունների ելքը: ԿԸՀ-ն ուղղակի կանաչ լույս էր բացել կեղծիքների համար»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դիմելու է Սահմանադրական դատարան և դրա համար բավական հիմքեր ունի: «Դիմելու եմ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պայքարելու եմ, որ իմ իրավունքների խախտման փոխհատուցման գումարները վճարվեն Տարոն Մարգարյանի և Տիգրան Մուկուչյանի գրպանից և ոչ՝պետական բյուջեից»,- ավելացրեց նա:

Ավելացնենք, որ Ավանն ու Նոր-Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Նա ստացել է 18 805 քվե, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 680 քվե, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Բարի գալուստ Մոսկվայի «Սպարտակ». տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Իրի անձի պաշտամունքը ԿԺԴՀ-ին 120 միլիոն դոլար է արժեցել ‘