‘Սրտային հիվանդների «արտագաղթը» Հայաստանում կանխվում է հակամենաշնորհային համաձայնությամբ’

635

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների` Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային որևէ հիվանդությամբ։

Գերատեսչության մեկ այլ վիճակագրության համաձայն, Հայաստանում հիվանդությունների հետևանք բոլոր մահերի շարքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ  80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%, չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):

Համաձայն նույն գերատեսչության հաղորդագրության՝ ավելի քան 20 տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։

Ինվազիվ ընթացակարգը բժշկական ընթացակարգ է, որի ժամանակ մարդու օրգանիզմ ներթափանցում են մարմնի արտաքին բնական խոչընդոտների միջոցով (մաշկ, լորձաթաղանթ):

Ըստ 2016 թ․ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մուրադյանի՝ Հայաստանն այժմ էլ ապահովված է լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով, բայց մատչելիության ապահովման խնդիրն է խոցելի, և սա օրակարգային հարց է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու (նկատի ունի Վրաստանը – հեղ․) միտում է նկատվում։ Այս հայտարարությունն արվել է 2016 թ․ հուլիսի 14-ին։

Փաստորեն, այն իրողությունը, որ սրտաբանական ծառայություններ ստանալու համար ՀՀ քաղաքացիներն այլ երկրներ են մեկնում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նկատել էր 2016 թ․ կեսերին, մինչդեռ այսպիսի միտում նկատվում էր մոտ 3 տարի։

Ուշագրավ է նաև, որ դեռևս 2016 թ․ մարտին նույն Արմեն Մուրադյանը հայտարարում էր, որ համամիտ չէ այն պնդմանը, թե Վրաստանում բուժծառայությունների գներն ավելի ցածր են:

Ստացվում է՝ մի քանի ամսվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը գլխի է ընկել, որ հայաստանցիները համատարած մեկնում են Վրաստան բուժվելու, և որ՝ հարևան երկրում գները մի քանի անգամ ավելի ցածր են, ու սկսել է քայլեր ձեռնարկել։

Բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի առաջատար սրտաբաններից մեկը, որի խնդրանքով չենք նշում նրա անունը, իր տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ բուժհաստատությունների սեփականատերերի խնդրանքով, փորձել է կանխել Հայաստանից հիվանդների արտահոսքը։ Մեր զրուցակցի տեղեկություններով՝ Արմեն Մուրադյանը նույնիսկ Վրաստանում բանակցություններ է վարել, որ ՀՀ քաղաքացիների համար բուժծառայությունների գներն օրենսդրական կարգավորումների եղանակով բարձրացվեն։ Սակայն, մերժում ստանալով, սկսել է Հայաստանում խորհրդակցությունների միջոցով փորձել այլ միջոցներով կանխել հիվանդների արտահոսքը։

Ավելին, Վրաստանում իրականացվող ստենտավորման որակը կասկածի տակ դնելու գործընթաց սկսվեց ամենաբարձր մակարդակով։

«Ինչ վերաբերում է Վրաստանին, կուզեի նաև, առիթից օգտվելով, խորհուրդ տայի մեր քաղաքացիներին, որոնք որ գայթակղվում են, անպայման ստուգել, թե որտեղի՞ արտադրանք ա և ի՞նչ ժամկետի ա այդ ստենտները», — 2016 թ․ փետրվարի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նոր նախարար Լևոն Ալթունյանն է՛լ ավելի հեռու է գնացել՝ հայտարարելով, որ Վրաստանում պետական դոտացիաներն անօրինական տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա։

Սրա մասին նա հայտնել է հունիսի 29-ին ԱԺ-ում, 2016-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանում պետական դոտացիաներ կան թե՛ ուռուցքաբանական, թե սրտանոթային հիվանդությունների բուժման համար։ «Այդ դոտացիաների մի մասը՝ որոշ դեպքերում ոչ այնքան օրինական միջոցներով, տարածվում է նաև Հայաստանի քաղաքացիների վրա։ Ամեն դեպքում, հիվանդանոցները շահագրգռված են նման հիվանդներ ընդունելու հարցում։ Դա է գների տարբերության հիմնական գաղտնիքը, եթե չհաշվենք, որ այնտեղ դեղերի վրա ԱԱՀ չկա, ու ավելի ազատական օրենսդրություն է դեղագործական ոլորտում։ Դա հանգեցնում է նրան, որ շուկան հեղեղված է կեղծ դեղերով, այնպես որ՝ այդ մասով Վրաստանի փորձն այդքան էլ դրական չէ»,- ասել է նա։

Նշենք սակայն, որ Լևոն Ալթունյանը մարտի 21-22-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, բայց պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Ալթունյանը քննարկել է այն հարցը, ըստ որի՝ Վրաստանն իր բյուջետային միջոցներով անօրինական բուժում է Հայաստանի քաղաքացիներին։ Դրանից բացի, Հայաստանի առողջապահության նախարարը պետք է մի քիչ ամաչեր նման հայտարարություններ անելուց առաջ կամ գոնե՝ հետո։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ստիպվա՛ծ են մեկնել Վրաստան, պարտքով, վարկով, տոկոսով փող վերցրել, որ կարողանան լուծել սրտի վիրահատության հարցը և կենդանի մնալ, քանի որ ՀՀ բյուջեում գումար չկա սեփական քաղաքացիների կյանքը փրկելու համար, բայց արի ու տես, որ հարևան Վրաստանի բյուջեում այնքան գումար կա, որ հնարավոր է դրանք տրամադրել նաև Հայաստանի քաղաքացիներին։

Հիվանդների «արտագաղթ»

Ինչպես գրում էր news.am-ը 2016 թ․մայիսին, նույն թվականի մարտի սկզբին երևանցի 46-ամյա տղամարդը (անունը չի հրապարակվում իր խնդրանքով) սրտի կաթված էր տարել, նրան շտապօգնության մեքենայով հասցրել էին երևանյան բուժկենտրոններից մեկը: Պետական Stent for Life ծրագրի շրջանակում նրա անոթում մեկ հատ ոչ դեղապատ ստենտ էին տեղադրել սրտի կաթվածը կանխարգելելու և կյանքը փրկելու համար:

Բայց բժիշկները զգուշացրել էին, որ տղամարդը ևս մեկ փակ անոթ ունի, և լիակատար բուժման համար մեկ կամ երկու դեղապատ ստենտի տեղադրման անհրաժեշտություն նույնպես կա։ Իսկ դա արդեն վճարովի է: Երևանյան բոլոր հիվանդանոցներում վիրահատության գինը մոտ 2 700 000 (+-100 000) դրամ էր։ Դոլարի վերածելիս՝ այդ պահի դրությամբ  5700 (+-200) դոլար էր կազմում:

Տղամարդու կնոջ ազգականները Թբիլիսիում են ապրում: Կորոնարոգրաֆիայով սկավառակն այնտեղ են ուղարկել, և կլինիկաներից մեկում ասել են, որ երկու դեղապատ ստենտը կտեղադրեն 2500 դոլարով: «Թբիլիսիի սրտանոթային կլինիկա» ԲԲԸ-ում այդ նույն գործողությունը գնահատել են 1400 դոլար։ Տղամարդուն դուրս են գրել երևանյան հիվանդանոցից, գնացքով տեղափոխել Թբիլիսի: 

«Թբիլիսիի սրտանոթային կլինիկա» ԲԲԸ-ում հիվանդին բացատրել են, որ իր դեպքում նախընտրելի է շունտավորում կատարել, այդպես հարցը կլուծվի արմատապես:  Ընդ որում, առաջարկվել է նոր մեթոդ էնդոսկոպի կիրառությամբ` հիվանդի կրծքավանդակին ընդամենը մեկ կտրվածք է արվում վնասված անոթի տեղում և մի քանի անցք: Հետվիրահատական վերականգնումը նման մեթոդի դեպքում անհամեմատ ավելի արագ ու թեթև է ընթանում: Վիրահատության արժեքը 4000 դոլար է: Երևանում շունտավորումը միջինը 2 700 000 դրամ արժե, այսինքն` 5700 դոլար:

Ի՞նչ արեց նախարարը հիվանդների արտահոսքը կանխելու համար

2016 թ․ օգոստոսի 31-ին, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարվել էր, որ Երևանում ու մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը  դեռևս հուլիսին (2016 թ․) բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ է արել ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:

Իսկ օգոստոսի սկզբին (2016 թ․) Գյումրու բժշկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի վճարելիք գումարի չափը նվազեցնել մոտավորապես 300 հազար դրամի չափով:

Խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին միանում է նաև  «Աստղիկ» բժշկական կենտրոնը, և տեղեկացրել է, որ հանդիպել է նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ,  որոնց հետ նույնպես քննարկել է սրտի ստենտավորման գների  իջեցման հարցը:

Սրան հետևեց բժշկական կենտրոնների՝ իրար հերթ չտվող հաղորդագրությունները գների նվազման մասին։

«Այսուհետ մեկ ստենտի տեղադրումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում կարժենա 1 մլն 100 հազար դրամ` նախկին 1 մլն 800 հազար դրամի փոխարեն, ընդ որում՝ այս գնի մեջ ներառված է նաև կորոնարոգրաֆիան», — ասված է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հաղորդագրությունում։

«Արամյանց» բժշկական կենտրոնը, միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին, նվազեցրել է սրտի ստենտավորման գները: Բուժկենտրոնից հայտնել են, որ եթե նախկինում մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կազմում էր 1 900 000 դրամ, ապա այժմ՝ կարժենա 1 100 000 դրամ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին՝ նվազեցրել է սրտի ստենտավորման գները: Մասնավորապես, եթե նախկինում մեկ դեղապատ ստենտի տեղադրումն արժեր 1 մլն 650 000 դրամ, իսկ կորոնարոգրաֆիան` 190 000 դրամ, ապա սեպտեմբերի 6-ից ստենտավորումն արժե 1 մլն 100 000 դրամ, կորոնարոգրաֆիան` 140 000 դրամ:

Սրտի ստենտավորման գները նվազեցրած բուժհաստատություններին միացել են ևս երեքը` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արամյանց» (նախկին թիվ 3 հիվանդանոց) բժշկական կենտրոնները, Գորիսի բժշկական կենտրոնը, ասված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին տարածած ԱՆ հայտարարությունում։ Այսպիսով, սույն գերատեսչության համապատասխան կոչին արձագանքած առողջապահական կազմակերպությունների թիվը հասել է 6-ի: Դեղապատ մեկ ստենտի տեղադրման գինը նվազեցվել է մի քանի հարյուր հազար դրամով: Այժմ հիմնականում կազմում է 1 մլն 100 հազար դրամ:

Գյումրի բժշկական կենտրոնը վերանայել է սրտի դեղապատ ստենտավորման գնային քաղաքականությունը՝ վիրահատության արժեքը նվազել է: 1 մլն 800 հազար դրամը 2016 թ․ սեպտեմբերի մեկից դարձել է 1 մլն 100 հազար դրամ. սրա մասին տեղեկացրել է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

«Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը ևս 700 հազար դրամով կնվազեցնի ստենտավորման գինը և վիրահատության համար կպահանջի 1.1 մլն դրամ»:

Ինչպես պարզ երևում է հաղորդագրություններից, 1.1 մլն՝ այսքան պետք է վճարի հիվանդը մեկ դեղապատ ստենտի համար Հայաստանի գրեթե բոլոր հիվանդանոցներում, որոնք իրականացնում են տվյալ միջամտությունը։

Միայն «Աստղիկ» բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս գնի մեջ ներառված է նաև կորոնարոգրաֆիան։ Սակայն, հուլիսի սկզբին այս բուժհաստատությունում ստենտավորված հիվանդը, որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով, մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար վճարել է 1 մլն 240 հազար դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի համար առանձին՝ 180 000 դրամ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ստենտի թանկությունը բացատրել են ոչ ստանդարտ ավելի մեծ չափերով։ Այստեղ ևս ստացվում է նույն 1.1 միլիոնը՝ գումարած կորոնարոգրաֆիայի արժեքը։

ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերն ինվազիվ սրտային վիրաբուժության գները նվազեցնելու ուղղությամբ, իհարկե, շատ ողջունելի են։ Սակայն միայն այն հանգամանքով, թե ինչպես է կատարվում դա, կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ այս գերատեսչությունում, և ոչ միայն այս, ոմանք շատ շահագրգռված են, որ վիրահատությունների և դեղերի գներն այսքան բարձր լինեն։

Գները Վրաստանում

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի բնակիչները, մամուլը շատ են խոսում, որ Վրաստանում ստենտավորման գները մատչելի են, քննարկումները հասել են նույնիսկ Ազգային ժողով, բայց ոչ մեկը չի հրապարակում որոշակի գներ։

Մենք ուսումնասիրեցինք Վրաստանում ստենտավորման գները։

Ներկայանալով, որպես ՀՀ քաղաքացի, որը ունի ստենտավորման կարիք, մենք այցելեցինք Թբիլիսիում գտնվող 5 կլինիկաներ՝ ճշտելու գները։ Եվ ահա ինչ պատկեր ստացվեց։ Առաջ ընկնելով նշենք, որ Հայաստանում մեկ դեղապատ ստենտի տեղադրման մինիմալ արժեքը 1 100 000 դրամ է։ Վրաստանյան բուժհաստատությունների գները ներկայացված են դրամով։

 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի նվազագույն գինը մոտ 120 000 դրամով ավելի է Վրաստանի առավելագույնից։ Պատճառների մասին դեռ կխոսենք։

Գները Հայաստանում

Այժմ էլ ներկայացնենք, թե ինչ պատկեր է Հայաստանի բուժհաստատություններում։ Ինչպես Վրաստանում, Հայաստանում ևս ներկայացել ենք որպես ստենտավորման կարիք ունեցող հիվանդի բարեկամ և հարցրել, թե ինչ արժե ստենտավորումը։ Ահա պատկերը.

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ներքևի շեմում առկա է նույն 1.1 մլն-ը։ Վրաստանում, օրինակ, ոչ մի բուժհաստատության գին չի համընկնում մյուսին։ Սա վկայում է, որ Հայաստանում նվազագույն գնի շուրջ առկա է հստակ պայմանավորվածություն։

Այստեղ հարց է ծագում՝ հնարավո՞ր է արդյոք, որ 5, 10, 15 ընկերություններ հակամրցակցային պայմանավորվածության գան։ Աշխարհի պրակտիկան հուշում է, որ նման պայմանավորվածություններ ձեռք են բերում երկու, երեք, առավելագույնը՝ չորս տնտեսվարողներ։

Բայց պարզվում է, որ կարող են։

Հակամենաշնորհային համաձայնություն դեղերի շուկայում

Այսպես, դեղերի ներկրմամբ զբաղվող գրեթե բոլոր ընկերությունները, որոշ դեպքերում՝ բացառությամբ «Վագա-Ֆարմ» ընկերության, բոլոր՝ այսպես կոչված կենսակարևոր դեղերի համար սահմանում են մեծածախ նույն գները՝ դրամի կամ որոշ դեպքերում մի քանի դրամի ճշտությամբ։

Դեղատների համար հատուկ մշակված «Ֆարմ ինֆո» ծրագիրը հնարավորություն է տալիս դեղ ներկրող և արտադրող բոլոր ընկերություններին՝ ներկայացնել մեծածախ գները։ Ծրագրի օգնությամբ դեղատունը կարողանում է առցանց եղանակով տեսնել այս կամ այն ընկերությունում այս կամ այն դեղի առկայությունը, դեղի պիտանելիության ժամկետը, արտադրողին ու գինը և որոշել, թե ում պատվիրել դեղը վաճառքի համար։

Եվ ահա, ուսումնասիրելով մեր տրամադրության տակ հայտնված ստենտավորված հիվանդներին նշանակվող և մի շարք այլ դեղերի գները, հասկանալի է դառնում, որ Հայաստանի դեղերի վաճառքի շուկայում, ամենայն հավանականությամբ, գործում է  հակամրցակցային համաձայնություն։ Նույն պատկերն է նաև մյուս դեղերի պարագայում։

 «Վագա-Ֆարմ» ընկերությունը կա՛մ այս համաձայնության մաս չի կազմել, կա՛մ տվյալ պահին փորձում է ինքնուրույն գործել։ Մեր իրազեկ աղբյուրի համաձայն՝ այս պահին դեղերի ներկրմամբ զբաղվող մյուս ընկերություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այս ընկերության գործունեությանը։ Ամեն դեպքում, որոշ դեղերի պարագայում «Վագա Ֆարմը» մյուս ընկերություններից տարբերվող գներ է առաջարկում։

Եվ այսպես՝ «Կարդիոմագնիլ դ/հատեր 150 մգ» դեղահաբերի 100 հատ պարունակությամբ տուփը՝ արտադրող ավստրիական Նիկոմեդ (Տակեդա) ընկերություն, «Վագա-Ֆարմ», «Ֆարմ Սիսար», «Թեոֆարմ», «Տոնուս Լես», «Ալֆա-ֆարմ», «Նատալի ֆարմ», «Ռիխտեր-Լամբրոն» ընկերությունները վաճառում են 2420-2422 դրամով։ Այսինքն՝ 2 դրամի տարբերությամբ։ 7 ընկերություն նույն դեղը վաճառում է նույն գնով։ Ուշագրավ է նաև, որ 2422 դրամ գինը «Ալֆա-ֆարմ», «Նատալի ֆարմ», «Ռիխտեր-Լամբրոն» ընկերություններում գոյանում է 20% զեղչից հետո, իսկ մյուսների մոտ՝ առանց զեղչի։

 

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1. առկա է դրա մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց,

2. դրա մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ (ապրանքների գների չհիմնավորված բարձրացում, իջեցում կամ պահպանում) և 4-րդ (իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանում, փոփոխում կամ պահպանում) մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

Մեր ներկայացրած փաստերը կարող են հակամրցակցային համաձայնության մասին վկայող գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն համարվել, իսկ եթե նույնիսկ՝ ոչ, միևնույն է՝ ակնհայտ է, որ առկա է ապրանքների գների չհիմնավորված բարձրացում, իջեցում կամ պահպանում։

Ի դեպ, այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարել է կազմակերպված խումբը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այստեղ մենք պետք է որ դիմեինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով  և որոշ հարցեր ուղղեինք, քանի որ հենց ՏՄՊՊՀ-ն է պատասխանատու հակամրցակցային երևույթների բացահայտման և բացառման համար։ Բայց մենք այդպես չենք վարվել՝ գուցե այս հանգրվանում խախտելով մեր հետազոտության օբյեկտիվությունը։ 

Սակայն այս կառույցը, մեր կարծիքով, վաղուց ապացուցել է իր անգործությունը։ Միայն այն, թե ինչպես է այս հանձնաժողովը պաշտպանում շաքարավազի մենաշնորհ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը՝ մամուլի բազմաթիվ հրապարակումներում առկա աղաղակող փաստերից, բավական է, որ մենք անտեսեինք ՏՄՊՊՀ-ն։ Ի դեպ, դեղերի և ստենտների ներկրման շուկայում ևս հանդիպում ենք Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամենևին իմաստ չկա ՏՄՊՊՀ դիմելու։

Ի դեպ, ՏՄՊՊՀ-ի տարիներ առաջ իրականացրած ուսումնասիրության արդյունքում ընդամենը արձանագրվել էր, որ «Նատալի ֆարմը» գերիշխող դիրք է զբաղեցնում որոշ դեղերի շուկայում։ Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունը գերիշխող դիրք ունի նաև ստենտների ներկրման շուկայում։

Սամվել Ալեքսանյանին է պատկանում նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը առաջատարներից է իրականացվող ստենտավորումների քանակով։
2016 թ․ «սրտի վիրահատության ծառայություն» տողով «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ-ն պետական բյուջեից ստացել է 442,7 մլն դրամ։ Ավելի շատ են ստացել միայն «Նորք-Մարաշ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները։
Ալեքսանյանը, ինչպես պատմեց ժամանակին իր հետ համագործակցող ընկերություններից մեկի տնօրենը, չի սիրում մրցակցություն և ամեն ինչ անում է շուկայում եթե ոչ մենաշնորհային դիրք, ապա թելադրող լինելու՝ գերիշխող դիրք ունենալու համար։

Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորը միանգամից իջեցրին գները

Ինչպես արդեն նշեցինք, ստացվում է, որ պետությունը սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման խնդիրը լուծում է կոչերի և մասնավոր բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպելու միջոցով։ Ոչ թե օրենսդրական փոփոխությունների, ոչ թե հարկային արտոնությունների, ոչ թե բժշկությանն ուղղված գումարների ավելացմամբ կամ արդյունավետ օգտագործմամբ, այլ՝ կոչերով։

Օրինակ, Վրաստանում, վիրահատությունների և դեղերի մատչելիությունը, նախարար Դավիթ Սերգեյենկոյի խոսքով, պայմանավորվում է նրանով, որ «Վրաստանը ջանում է որակի վերահսկման և մրցակցության ապահովման միջոցով կարգավորել դեղերի գները»։ Նույնը վերաբերում է նաև բժշկական ծառայություններին։

«Դեղային քաղաքականությունը շատ առանձնահատուկ է, և ամեն երկիր ջանում է իր հնարավորությունների սահմաններում կառավարել այն: Մենք ջանում ենք դեղերի գնի հարցը կարգավորել որակի վերահսկողությամբ և մրցակցության ապահովմամբ:  Որպեսզի դեղագործական ոլորտի նոր խաղացողներ կարողանան մտնել շուկա, որպեսզի դրանով հասնենք գների նվազման», — ասաց Սերգեյենկոն:

Իսկ որ Վրաստանում որոշ բժշկական ծառայություններ, ինչպես օրինակ` ստենտավորումը, ավելի էժան են, Դավիթ Սերգեյենկոն կարծում է, որ հարցը հավանաբար այն է, որ Վրաստանի կառավարությունը ջանում է պետական գնումների շրջանակում բժշկական կենտրոններն ապահովել որակյալ ու մատչելի դեղամիջոցներով և բժշկական պարագաներով, ինչպես նաև վերահսկում է բուժծառայությունների գները, որպեսզի դրանք չափազանց բարձր չլինեն:

Այստեղ ընդգծենք Սերգեյենկոյի երկու անգամ կրկնած «մրցակցություն» բառը։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ոլորտի մասնագետների մի մասը մեզ հետ զրույցում ենթադրել է, որ գների նվազումը Հայաստանում, որին առողջապահության նախարարը հասել է կոչերի միջոցով, կարող է հանգեցնել կա՛մ բժիշկների վարձատվության նվազեցման, ինչի հետևանքով նաև՝ որակի վատթարացման, կա՛մ ստենտավորման փոխարեն հիվանդանոցներում կարող են որոշ դեպքերում անցնել բաց վիրահատության, ինչը հիվանդանոցի համար տնտեսապես ավելի շահավետ է։

Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը «անլուրջ» որակեց նման մեթոդներով (կոչերով – խմբ․) գների իջեցումը, միաժամանակ դժվարացավ նշել, թե կոնկրետ ինչի հաշվին է տեղի ունեցել վիրահատությունների էժանացումը։

«Եթե հնարավոր էր մեկ զանգով կամ մեկ հայտարարության մակարդակով իջեցնել վիրահատությունների գները, հարց առաջին՝ ինչու՞ մինչ այս չէր իջեցվում։ Երկրորդ, եթե մենք ազատ տնտեսական հարաբերությունների շրջանակում ենք գործում, շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս մի միջամտությամբ բոլորը միասին կարողացան իջեցնել։  Եվ երրորդը, տնտեսագիտության մեջ մի շատ հետաքրքիր բան կա՝ կարտելային համաձայնություն։ Այսինքն՝ մի գեղեցիկ օր բոլորը որոշեցին իջեցնել», — ասաց Զելվեյանը։

Նրա խոսքով, եթե առաջին հայացքից փորձենք ակնկալել, որ որակը չի նվազել, այսինքն՝ մասնագիտական բոլոր պարամետրերը եթե չեն նվազել, ապա, ըստ երևույթին, դա արվել է գերշահույթի նվազեցման միջոցով կամ պարզապես ֆինանսական ներդրումների հաշվին։ 

 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վիլհեն Մանուկյանի կարծիքով՝ ստենտավորման համար գանձվող հսկայական գումարի առյուծի բաժինն՝ իբրև ստենտի արժեք, որի իրական գինն այնքան էլ բարձր չէ, ստանում են կողմնակի մարդիկ։

 «Եթե սրտաբանության ոլորտում մենք 90-ական թվականներին առաջին գծի վրա էինք բոլոր առումներով, ապա այժմ մեր հարևաններն էլ են մեզանից առաջ անցել, մենք այսօր Վրաստանի ետևից ենք վազում ստենտավորման գների առումով, որը ես խայտառակություն եմ համարում մեզ համար: Փառք Աստծո, որ վերջին շրջանում ստենտավորման արժեքը Հայաստանում մի քիչ էժանացավ: Սակայն, սա բժշկական հարց չէ, բժիշկներին տրվող հարց չէ, այլ բիզնես, որը բժիշկների հետ ընդհանրապես կապ չունի: Բժիշկն իր գործն է անում, նրա համար ի՞նչ տարբերություն` ինչ գնի ստենտ է դնում, ինքն իր դրած ստենտի, աշխատանքի որակի մասին անհանգստացող մարդ է: Ստենտների գները, որոնք ձեռք են բերվում կենտրոնացված կերպով, խայտառակություն են. թե ինչ մեխանիզմով, չգիտեմ, բայց  200 դոլարանոց ապրանքը, վերջիվերջո, դառնում է 2000 դոլար, կլինիկաներն այդ գնով են ձեռք բերում: Ծայրաստիճան անբավարար եղանակով է այդ ամենը կատարվում: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ինչ-որ գնումների մեխանիզմով, ինչ-որ կենտրոնացված ճանապարհով ստենտները ձեռք է բերում այնպիսի խայտառակ գներով, այնքան թանկ են նստում դրանք հիվանդանոցի վրա, որ հասկանալի է դառնում` ստենտներն այդ գնով չպետք է վաճառվեն: Եթե այդ ապրանքի միջազգային գինը 200 դոլար է, ինչու՞ պետք է բազմապատիկ ավելի բարձր գնով վաճառվի: Ինձ մտահոգում է, որ հիվանդները, որոնք կարիք ունեն բուժական միջամտության, չեն կարողանում այն ստանալ, որովհետև ստենտավորման արժեքի նվազեցումից հետո էլ այդ ծառայությունից օգտվելը դեռ շատ թանկ է: Այսօր դրա պատճառով մենք որակ ենք կորցնում:

Խնդիրն այն է, որ հսկայական արժեքի գործողություն է կատարվում, տվյալ գործողության համար բժշկի աշխատանքի վարձատրությունը ստենտավորման համար գանձվող այդ հսկայական գումարի չնչին մասն է կազմում (վիրավորական կերպով ցածր է, խայտառակություն), հիվանդանոցը ստենտավորման բարձր գնից շատ քիչ է օգտվում, հիվանդանոցի օգուտը չնչին է: Այսինքն` հիվանդանոցը ստենտավորման համար գանձվող գումարից ներդրումներ կատարելու և իր զարգացման նպատակով գումար չի կարողանում հատկացնել, բժիշկն իր զարգացման համար գումար չի ստանում, մինչդեռ ստենտավորման համար գանձվող այդ հսկայական գումարի առյուծի բաժինն իբրև ստենտի արժեք, որի իրական գինն այնքան բարձր չէ, որքանով մեզ է հասնում, ստանում են կողմնակի մարդիկ», — ասել է Վիլհեն Հակոբյանը araratnews.am-ի հետ զրույցում:

Բայց եկեք մի կողմ դնենք ենթադրությունները և լսենք առողջապահության նախարարության պաշտոնյաներից Ծաղիկ Վարդանյանին, որը, իր իսկ խոսքով, անմիջական, կենտրոնական դերակատարում է ունեցել այս գործընթացին։ 

Նշենք, որ Վարդանյանի հետ մարտի 23-ին հանդիպում էր կազմակերպել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Այդ ժամանակ Վարդանյանը նոր էր նշանակվել ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր։

Մենք ստիպված ենք ամբողջությամբ մեջբերել Վարդանյանի պատասխանը մեր այն հարցին, թե ինչի հաշվին են նվազել ստենտավորման գները, քանի որ շատ ուշագրավ է։

Միանգամից նշենք, որ լրագրողների համար կազմակերպված հանդիպումը բաց էր լուսաբանման համար։

Վարդանյանի բանավոր խոսքը՝ ընթեռնելիությունն ապահովելու նպատակով, դարձրել ենք հնարավորինս գրական։ Շահարկումներից խուսափելու համար նշենք, որ Վարդանյանի բանավոր խոսքը մեջբերում ենք ոչ թե նրան վատ լույսի ներքո ներկայացնելու համար, այլ միայն այն պատճառով, որ, ինչպես արդեն նշեցինք, այստեղ կարևոր տեղեկություններ կան, որոնք այլ եղանակով ներկայացնել հնարավոր չէ։

Ծաղիկ Վարդանյան

Շատ լուրջ սիգնալներ եկան և՛ կառավարությունից, և՛ շրջապատից, և՛ մեդիաոլորտից, որ մարդիկ գնում են Վրաստանում բուժվում են։ Շատ լուրջ ազդանշաններ (սիգնալներ) եկան։

Որից հետո, իհարկե, նախարարը (Արմեն Մուրադյան) հանձնարարություն տվեց՝ մի հատ լավ ուսումնասիրեք, տեսնենք՝ էս ինչ ա։

Այս խնդիրը սկսվել էր դեռ 2015 թ․, այն ժամանակ, անհետաձգելի ստենտի ծրագրի (Stant for life պետական ծրագիր, որի շրջանակներում մեկ ոչ դեղապատ ստենտ է տեղադրվում պետության հաշվին։ Պետբյուջեից այդ ծառայության համար բուժհիմնարկին փոխանցվում է 700 000 դրամ – խմբ․) ժամանակ, երբ որ մեզ իրանք (բուժհաստատությունները – խմբ․) ասում էին՝ մի միլիոնից ցածր դնեք, մենք կոչնչանանք։ Այս ինչ եք անում, դա հնարավոր չի։ Այնպես էին ասում, չէիր կարող չհավատալ։

Այդ ժամանակ, անկեղծ եմ ասում, բոլոր 11-ը (ստենտավորում իրականացնող 11 բուժհիմնարկները – խմբ․) նստած ասում էին՝ կմեռնենք, կոչնչանանք։ Դուք մեզ ոչնչացնում եք։ Ես այն ժամանակ բուժվարչության պետ եմ եղել և շատ անմիջական, կենտրոնական դերակատարում եմ ունեցել։

Դե, ասինք, կարող ա ճիշտ են ասում այս մարդիկ, բայց մենք գները արդեն հարցում էինք արել, մարդ էինք ուղարկել, ուսումնասիրել էին Վրաստանում։ Դրանից հետո հրավիրեցինք ներմուծողներին, ովքեր որ այդ ստենտի կոմպլեկտները ներմուծում են, և իրանց հետ խոսեցինք, ինչքա՞ն կարող են իջնել, և առաջին էտապի մեր հարաբերությունները եկան նրան, որ ոնց որ տուպիկ ա։ Չի լինում։ Այս սկիզբը սենց էր։

Դրանից հետո հանձնաժողով կազմեցինք։ Գնացինք երկու-երեք բժշկական կենտրոն, մնացածից վերցրեցինք տվյալները, որովհետև արդեն հասկանալի էր։ Նստեցինք իրենց պահեստում, ասեցինք՝ հերթով ցույց տուր, ինչ ես ծախսում ստենտի վրա։ Մեկս էլ նստել է ապակու հետևը ու ուշադիր նայել է՝ ոնց են ստենտավորում անում, բացի այն, որ կարդացել էինք, գիտեինք, եկանք պրակտիկայի, նայեցինք։

Ու խմբագրեցինք իրանց էդ տված ծախսերը, սենց  իջավ, իջավ։ Դուր չէր գալիս իհարկե, ու՞մ դուր կգար, բայց տենց էր որոշված։

Որից հետո սկսեցինք դրսերից ճշտում անել և հայտարարեցինք, որ կարող ա մի աղբյուրից վերցնենք, մենք գնենք, մենք էլ տանք, ասենք, մեր տված ստենտը դրեք։ Էս տեղեկատվության վրա 300 000 ստենտը նենց արագ իջավ, էդ թվերը ներմուծողների։

Հետո մեզ մասնագետները ասեցին, որ անելու են ուրիշ բան (կամ ներմուծողները կամ բուժհիմնարկները – խմբ․), որ այսպես անում են, օգտագործում են։ Հիմա գրել ենք, որ երեք սերտիֆիկատն էլ եռաստիճան ա՝ երեքն էլ պետք է փակցված լինի։ Էդպես ինչ-որ մի քիչ տենց պաշտպանող բաներ արեցինք, որպեսզի չկարողանան, այսինքն մտնեն բանի մեջ (ստենտի տուփի – խմբ․),

Որից հետո, երբ որ կանչեց ու բանը (հավանաբար նախարարը – խմբ․) ասաց, որ 500 000 եմ տալու ձեզ (բուժհիմնարկներին – խմբ․), ով չի ուզում, ցտեսություն ձեզ, ցտեսություն ասի՝ գնա։

Տենց եկան, պայմանավորվեցի, ստենտն ու կորոնարոգրաֆիան հետը՝ մի 700 000 կարգի ստացվեց ոչ դեղապատ ստենտի տեղադրումը։ 1 100 000-ից,  1 200 000-ից պակաս չէր էդ պահին՝ 2015 թ․ հունվարին։

Մեկնարկը տրվավ հունվարին, սկսեցինք էդ ծրագիրը ու էդ ժամանակվանից սկսեցինք աշխատել դեղապատ ստենտների վրա, որովհետև մտածում էինք, որ ծրագիրն այդ ավելացնելու ենք։ Էսպես քիչ ա։ Որովհետև, տարեկան եթե ես 5000 հիվանդանոցային դեպք եմ ունենում, ապա ես կարողանում եմ ծածկեմ այս ծրագրով 1500, ամենածանրները, մնացած ինֆարկտը մնում ա դրսում։ Վերցնենք ամբողջ ինֆարկտը պետպատվերով անենք։ Մարդը ինֆարկտ եղավ, չի ընկնելու, էլ երկրորդ ինֆարկտը չի ստանալու նրա համար, որ փող չի գտնվում։ 2 մլն որտեղից գտնի, հիմա միջին ո՞ր ընտանիքում ա 2 մլն տունը դրած՝ ինձնից սկսած, հեշտ բան չի։ Որից հետո արդեն նախարարը ասաց՝ էդ կալկյուլիացիաները բոլորը տվանք, աստիճանաբար թվերը թեթևացան, էդ թմբլիկ թվերը իջան, էդ ծախսերը քննարկումներ արեցինք, ես էլ հայտարարեցի այդ ժամանակ, որ մոտ 30 տոկոսով ավելանալու է դեպքերի թիվը։ Այսինքն, կկարողանանք էս նույն գնով  30 տոկոսով ավել ստենտավորում անել։

Ստենտների հաշվին իջավ և իջավ էն կալկուլյացիայի հաշվին` ուռճացրած կալկուլյացիայի հաշվին»։

Հակամենաշնորհային պայմանավորվածություն բուժհիմնարկներում

Ծաղիկ Վարդանյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ ստենտ ներմուծող ընկերություններում, ինչպես նաև բժշկական հիմնարկներում առկա է եղել «ուռճացված կալկուլյացիա»։ Ակնհայտ է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ ազատ մրցակցության պարագայում։

Ծաղիկ Վարդանյանը ասում է, որ ստենտի գները (լրակազմը) 300 000 դրամով արագ իջել են այն ժամանակ, երբ պետությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, սպառնացել է ստենտների ներմուծումը կազմակերպել ինքնուրույն։ 

Մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ՝ տեղեկանալու, թե 2016 թ․և 2017 թ․առաջին եռամսյակում քանի տնտեսվարող սուբյեկտ է Հայաստան ներկրել սրտի կորոնար ստենտ։ ՊԵԿ-ից մեզ պատասխանել են, որ «ըստ վիճակագրական տվյալների շտեմարանի՝ 2016 թ. ընթացքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է  8382 հատ սրտի կորոնար ստենտ, իսկ 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում թվով 15 տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվել է 4756 հատ»։

Ստացվում է, որ ստենտների ներկրման ոլորտում Հայաստանում մենաշնորհ չկա։ Այստեղ առավելագույնը կարելի է խոսել այս շուկայում ինչ-որ ընկերության գերիշխող դիրքի մասին։

Ակնհայտ է, որ եթե 18 կամ 15 ընկերություն Հայաստան է ներկրում ինչ-որ ապրանք, և այդ ապրանքի գինը միանգամից իջնում է պետության, այսպես ասած՝ հորդորից հետո, ստացվում է, որ ոլորտում մրցակցություն չի եղել, և այս ընկերությունները հակամենաշնորհային պայմանավորվածություն են ունեցել։

Նույնը կարելի է ասել նաև բժշկական ծառայություն մատուցողների մասին։ Հայաստանում ներկա պահին սրտի ստենտավորում է իրականացնում 11 հիվանդանոց։ Սրա մասին ասում է Ծաղիկ Վարդանյանը։

Նույն տվյալներն առկա են նաև ՀՀ պետական բյուջեի ինտերակտիվ քարտեզում։ Եվ այս 11 ընկերություններում մեկ դեղապատ ստենտի տեղադրումը եղել է մոտ 1.9 մլն դրամ։ Ու մեկ էլ՝ բոլորի մոտ գներն ընկնում են մինչև 1.1 մլն՝ առողջապահության նախարարության միջամտությունից հետո։ Եթե հաշվի առնենք, որ ստենտի ուռճացված արժեքը եղել է մոտ 300 000 ու ընկել է, ասենք, 50%՝ մինչև 150 000, իսկ ստենտավորման գինը 1.9 միլիոնից դարձել է 1,1, այսինքն՝ նվազել է 800 հազարով, ստացվում է, որ բժշկական հիմնարկները ևս գերշահույթ են ունեցել։ Շուկայում 11 ընկերության պարագայում անհնար էր նման իրավիճակը՝ առանց ներքին պայմանավորվածության։

Ստենտավորման թանկությունը ստենտի գնի հետ կապ չունի

Ստենտավորման թանկությունը շատերը պայմանավորում են ստենտի թանկությամբ։ Ծաղիկ Վարդանյանը նշում էր 300 000 դրամ, Վիլհեն Մանուկյանն ասում էր, որ 200 դոլարանոց ապրանքը, վերջիվերջո, դառնում է 2000 դոլար։

Ընդհանրապես ստենտների գների վերաբերյալ համացանցում գրեթե հնարավոր չէ գտնել ստույգ տեղեկություն։ Ստենտ արտադրող ընկերություններն աշխատում են չհրապարակել գները։ Մեր փորձերը՝ ստանալ այդ գները, ավարտվեցին անհաջողությամբ։ Աշխարհում ստենտներ արտադրող առաջատար ընկերություններից մեկում՝  ամերիկյան Abbott-ում մեզ պատասխանեցին, որ գները տրամադրում են միայն գործընկեր կազմակերպություններին։

Սակայն մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ, որտեղից պատասխանել են, որ 2016 թ. ընթացքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել  8382 հատ սրտի կորոնար ստենտ (ԱՏԳ ԱԱ կոդը 902190900 1) 1022,3 մլն դրամ մաքսային արժեքով, իսկ 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ թվով 15 տնտեսվարող սուբյեկտ ներմուծել է 4756 հատ՝ 507,6 մլն դրամ մաքսային արժեքով:

Այսպիսով ստացվում է, որ 2016 թ. ներմուծված ստենտների միջին արժեքը կազմում է 122 000 դրամ, իսկ 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ 107 000:

Այս գներին պետք է գումարենք 20% ԱԱՀ և 2017 թ․ ապրիլի 20-ից հետո ներմուծելու դեպքում՝ 5% մաքսատուրք։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2015 թ․ մարտի 17-ին որոշել էր մինչ նշված օրը 0%  մաքսատուրք կիրառել կորոնար ստենտների համար։

Քանի որ մեր տրամադրության տակ եղած տվյալները վերաբերում են 2016 թ․և 2017 թ․ առաջին կիսամյակին, մենք ևս «կկիրառենք» 0% մաքսատուրք։

Եվ այսպես ստացվում է, որ 2016 թ․ընթացքում մեկ ստենտը ներմուծողի վրա միջինում նստել է 146 400 դրամ, իսկ 2017 թ. առաջին կիսամյակում ՝ 128 400: Այս գները լիովին համընկնում են ինչպես Ծաղիկ Վարդանյանի (հղում) նշածի հետ, երբ 300 000 դրամանոց ստենտի գինը կտրուկ ընկել է, այնպես էլ՝ Վիլհեն Մանուկյանի նշած $200-ի հետ։

Թե ինչ գնով են ստենտները ձեռք բերում բժշկական կենտրոնները, անհայտ է։ Բայց ինչպես մեզ հաջողվեց պարզել, ստենտավորման քանակով առաջին հնգյակում գտնվող բժշկական կենտրոններն իրենք են ներմուծում ստենտները։  Այսքանից ակնհայտ է, որ Հայաստանում ստենտավորման թանկությունը կապ չունի ստենտի արժեքի հետ, որն ընդհանուր գնի ընդամենը 11%-ն է։ Հետագա գնագոյացումն էլ շատ դժվար է պարզել, միայն հայտնի է, որ այդ «կալկուլյացիայի» հետևանքով Հայաստանի բոլոր հիվանդանոցներում ստացվում է միևնույն 1,1 միլիոնը։

Պետական բժշկական ապահովվածությունը Հայաստանում և Վրաստանում

Քանի որ 1,1 միլիոնը շատ բարձր գին է Հայաստանի նման երկրի համար, տեսնենք՝ եթե հիվանդն այդքան գումար չունի, ի՞նչ կարող է անել, արդյո՞ք կարող է հույսը դնել պետության վրա։ Իրավիճակը կրկին համեմատեցինք Վրաստանի հետ։

Նախ նշենք, որ 2014 թ․դրությամբ Վրաստանը՝ առողջապահության ծախսերով բնակչության մեկ շնչի հաշվարկով (Расходы на здравоохранение на душу населения) համարյա երկու անգամ գերազանցում է Հայաստանին: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Վրաստանը 2014 թ․ մեկ բնակչի հաշվարկով առողջապահության վրա ծախսել է $302, իսկ Հայաստանը՝ $162։

Միանգամից նշենք, որ Վրաստանում դեռևս 2013 թ․ գործում է պետական բժշկական ապահովագրություն, որը մինչև այս տարվա մայիսը երկրի բոլոր քաղաքացիներին, Վրաստանում մշտական բնակվող արտասահմանցիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն էր տալիս անվճար օգտվել բոլոր տիպի բժշկական ծառայություններից։ Պետական բժշկական ապահովագրության համար Վրաստանի բյուջեից 2016 թ․ծախսվել է 645 մլն լարի (129 մլրդ դրամ)։

Այս տարվա մայիսից, տարեկան 40 000 լարի (8 մլն դրամ) և ավելի եկամուտ ունեցող անձինք այլևս չեն կարող օգտվել պետական բժշկական ապահովագրությունից։ Միջին եկամուտ ունեցողներին պետական բժշկական ապահովագրությունը հնարավորություն է տալիս անվճար օգտվել ընտանեկան բժշկի ծառայություններից, անհետաձգելի բժշկական օգնությունից, որի մեջ է մտնում նաև ինֆարկտով հիվանդների ստենտավորումը։ Հիվանդանոցում անհետաձգելի բուժման ժամանակ պետությունը վճարում է բուժման ծախսի 90%-ը, և միայն 10%-ն է վճարում հիվանդը։ Հիվանդանոցում պլանային բուժման ժամանակ մինչև 1000 լարի (200 000 դրամ) պետությունը վճարում է գումարի 70%-ը։

Սոցիալապես անապահովների, երեխաների, ուսանողների և թոշակառուների համար բժշկությունը պետական բժշկական ապահովագրության շնորհիվ լիովին անվճար է (որոշ դեպքերում սահմանված է տարեկան լիմիտ 15 000 լարիի (3 մլն) չափով)։

Նշենք, որ Թբիլիսիում մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակչությունը հիմնականում տեղեկացված է պետական բժշկական ապահովագրության մասին։ Իսկ հարցմանը մասնակցած բոլոր 15 քաղաքացիներն ասացին, որ ստենտավորումը Վրաստանում անվճար է։

Հայաստանում պետական ապահովագրություն չի գործում, թեև դրա անհրաժեշտության մասին խոսում են ինչպես ոլորտի պատասխանատուները, այնպես էլ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր կուսակցությունները, դրանց թվում՝ նաև իշխող ՀՀԿ-ն։

Դրա փոխարեն, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբեր։ 

Միանգամից նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության համար հատկացվող բյուջետային միջոցները բավարար չեն և պետպատվերի շրջանակում չեն ապահովում որակյալ ու մատչելի բուժօգնություն, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի և ստվերային շրջանառությանը։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանում պետպատվերի համակարգը լիովին թաղված է կոռուպցիայի մեջ։

Կառավարության հաստատած ցանկը շատ ընդարձակ է և ներառում է բնակչության ավելի քան 30 տոկոսը կազմող այնպիսի խմբեր, ինչպիսիք են ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 7 տարեկան երեխաները և այլն:

Ինչպես ասվում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտության մեջ, այսչափ ընդգրկուն խմբի առկայության և պետբյուջեի սուղ միջոցների պայմաններում պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների գները հիմնականում սահմանվում են տվյալ ծառայության ինքնարժեքից ավելի ցածր, ինչը բացասաբար է ազդում թե՛ մատուցված ծառայությունների որակի և թե մատչելիության վրա՝ ստեղծելով ստվերային շրջանառություն և կոռուպցիոն ռիսկեր:

ԹԻ ուսումնասիրության մեջ նաև ասվում է, որ պետության կողմից փոխհատուցման ենթակա հիվանդությունների որոշման չափանիշները բացակայում են։

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկերի անկատարությունը լայն հնարավորություն է տալիս բժշկին կամ բժշկական կազմակերպության տնօրինությանը՝ իրենց հայեցողությամբ հիվանդությունը կամ վիճակը բնորոշել այնպես, որ դրանք ենթակա լինեն ինչպես պետական պատվերով, այնպես էլ վճարովի սկզբունքով բուժման:

Հատկապես անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող վիճակների և հիվանդությունների ցանկի անկատարությունը, երկակի ախտորոշումների, իսկ որոշ հիվանդությունների դեպքում՝ դրանց «բարդացած ձևեր» որակելու հնարավորությունները՝ առանց սահմանված որոշակի չափանիշների, հայեցողական վարքագծի մեծ հնարավորություն են ստեղծում, ինչը ռիսկային է, մասնավորապես, բյուջետային միջոցների սղության պայմաններում հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով:

Բացի դրանից, քաղաքացիներն իրազեկված չեն պետպատվերով իրականացվող բուժօգնության ծավալների, դրա տրամադրման կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի, հիվանդների հերթագրման կարգի, հերթագրված հիվանդների թվի, ընթացիկ հերթագրման ժամկետների, հերթագրման տեղերի քանակի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի ու կազմի, հերթագրման ցուցակների, պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման, բողոքների ներկայացման կարգի և այլ հարցերի վերաբերյալ: Իսկ միայն այս ամենի մասին հստակ իրազեկված լինելով կարելի է հուսալ, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ «կընկնես պետպատվերի տակ»։

Նշենք նաև, որ պետպատվերով բժշկական օգնության և սպասարկման մասին քաղաքացիների իրազեկման վերաբերյալ պահանջները սահմանված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ և առողջապահության նախարարի հրամաններով:

Մենք փոքրիկ հարցում անցկացրինք նաև Երևանի փողոցներում։ Մեր զրուցակիցների պատասխաններն ի մի բերելով՝ ստացանք հետևյալ պատկերը․ «Ի՞նչ պետպատվեր. թե ծանոթ ունեցար, կարող է բախտդ բերի», «մեկ ա՝ պիտի քո գրպանից վճարես»։

Վստահաբար կարելի է պնդել, որ պետպատվերի տրամադրման հստակ կարգը Հայաստանում գիտի մի քանի մարդ՝ լավագույն դեպքում։

Մեջբերված կառավարության որոշման 5-րդ հավելվածով սահմանվում է «պետության կողմից երաշխավորված անվճար սրտային վիրաբուժության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի ցանկը և այդ ցանկում ընդգրկված անձանց բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման կարգը»։ Այս կարգը ընթերցելուց հետո պարզ է դառնում, որ սրտային վիրաբուժության ծառայությունից օգտվելը գրեթե անհնար է։

Ըստ փաստաթղթի, սրտի անվճար վիրահատություն իրականացվում է բժշկական կազմակերպությունում ստեղծված հանձնաժողովի որոշման հիման վրա, որի կազմը և գործունեության կանոնակարգը սահմանվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

Անձը սրտի վիրահատությունն անվճար իրականացնելու համար բժշկական կազմակերպություն պետք է ներկայացնի 1) անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, 2) սրտի վիրահատության անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն, 3) անձնագրի պատճեն:

Հանձնաժողովի կողմից տվյալ անձի սրտի վիրահատությունն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա՝ դրանք բժշկական կազմակերպություն ներկայացնելուց հետո առավելագույնը մեկշաբաթյա ժամկետում:

Անհետաձգելի դեպքերում, երբ բժշկական ցուցումներից ելնելով դիմողն արդեն հոսպիտալացվել է, սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովին կարող են ներկայացվել հոսպիտալացումից հետո՝ մինչև հիվանդի սահմանված կարգով դուրսգրումը:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ սրտի վիրահատության անվճար իրականացումը կարող է մերժվել, եթե 1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին, 2) բացակայում են սրտի վիրահատության բժշկական ցուցումները և՝ ուշադրություն, 3) սպառվել են պետական պատվերով նախատեսված միջոցները:

Հատուկ նրանց համար, ովքեր հույս ունեն պետության հաշվին ենթարկվել սրտի վիրահատության, մենք պատրաստեցինք փոքրիկ ուղեցույց։ Հավաքում եք «մի վախտ» փաստաթուղթ, հետո սպասում եք՝ մինչև հավաքվի համապատասխան հանձնաժողովը, ու ևս մի շաբաթ սպասում եք հանձնաժողովի պատասխանին։ Դրանից հետո կարող է պարզվել, որ պետական պատվերով նախատեսված միջոցները սպառվել են։ Իսկ համարյա միշտ՝ եթե չունես ծանոթ, բարեկամ կամ կաշառքի գումար, հենց այդպես էլ պարզվում է։ Ու այդ պահից սկսում ես գումար հայթայթելու գործընթացը, որ Հայաստանում կամ Վրաստանում քեզ վիրահատեն։

Եզրակացություն

Ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ ոլորտներում՝ ստենտավորման և դեղերի շուկայում նույնպես, գործ ունենք պետության անգործության և մի շարք ընկերությունների ամենաթողության հետ։ Այս ամենից տուժում են միայն ՀՀ քաղաքացիները, որոնք ստիպված վաճառում կամ գրավ են դնում տները, անհավանական տոկոսներով գումար են վերցնում կամ պարզապես՝ մահանում։

Հայաստանում ստենտները հարկվում են ԱԱՀ-ով, դրանց վրա գործում է մաքսատուրք։ Պետական պատվերի շրջանակներում առկա է անհասկանալի վիճակ, մարդիկ տեղյակ չեն, թե ո՛ր դեպքում իրենք կարող են օգտվել պետպատվերից, որ դեպքում՝ ոչ։ Պետպատվերը, ինչպես արդեն նշեցինք, թաղված է կաշառակերության մեջ։

Ինֆարկտով հիվանդանոց հասած քաղաքացիների հարազատները միայն մտածում են, թե ոնց փրկեն իրենց հարազատին, սպասում են բժշկին, որ տեղեկանան հիվանդի վիճակի մասին, բայց հենց շքամուտքի մոտ ստանում են ծառայությունների դիմաց հաշիվը։ Հետագայում հստակեցվում է հիվանդի վճարունակության մակարդակը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան հրատապություն է պահանջում վիճակը:

Ինֆարկտով հիվանդանոցում հայտնված հիվանդի հարազատներից կամ ինչպես ասում են հիվանդանոցներում՝ հիվանդատիրոջից, միանգամից պահանջում են 140-150 հազար սրտի հետազոտության՝ զոնդավորման համար։ Եթե զոնդավորման ընթացքում հայտնաբերվում են փակ՝ ստենտավորման ենթակա անոթներ, հիվանդատիրոջը ներկայացվում է վճարվելիք գումարի չափը և տրվում մի քանի ժամ, առավելագույնը մի քանի օր ժամանակ՝ այդ գումարը մուծելու համար։

Պետությունն ուղղակիորեն ոչինչ չի անում այս իրավիճակը շտկելու համար։ Մեր հրապարակած փաստերը պետք է անհապաղ դառնան քննության առարկա։ Համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե ինչպես է ստացվում, որ դեղերը վաճառվում են նույն գնով, ստենտավորումն իրականացվում է նույն գնով։ Քանի մարդու կյանք կարող էր փրկվել, եթե Հայաստանի իշխանություններն արտոնություններ չտային ընտրությունների ժամանակ լավ աշխատածներին։ Քանի ընտանիքի ճակատագիր է խեղվել, որովհետև իրենց հասանելի չի եղել ստենտավորումը։ Քանի մարդ է հանձնվել Եվրոպայում գործող փախստականների ճամբար, որ հույս ունենա անվճար վիրահատվելու։

Իսկ ամենացավալին այն է, որ այս իրավիճակը ստեղծվել ու շարունակում է չլուծված մնալ միայն այն պատճառով, որ որոշ մարդկանց, որոնց մեջ, վստահաբար կարելի է պնդել՝ կան բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, շատ մեծ գումար է բերում։

Գրեթե տասը տարի է Հայաստանում մեկ ստենտի տեղադրման արժեքը մոտ 800 000-ով գերազանցել է ներկայի նույնպես ուռճացված գինը։ Հայաստանում ոչ մի գերատեսչություն չի վարում իրականացված ստենտավորումների մասին վիճակագրություն, բայց ՊԵԿ-ի տրամադրած տվյալներից հայտնի է, որ 2016 թ․ Հայաստան է ներմուծվել 8382 ստենտ։ Իսկ ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ 2016 թ․ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 3484 մարդ։ Եթե ներկրված ստենտների թվից հանենք այս թիվը, կստանանք 4898՝ այսքան մարդ վիրահատվել է ո՛չ պետության միջամտությամբ։ Եթե այս թվից էլ հանենք օգոստոսից հետո վիրահատվածների մոտավոր թիվը (սեպտեմբերից ստենտավորման գները նվազել են), կստանանք 3265 մարդ։ Այս թվից էլ հանենք 20%՝ անճշտությունները նկատի առնելով, և կստանանք 2612։ Այսքան մարդ վճարել է մոտ 800 000 դրամ ավելի գումար։ Ստացվում է, որ միայն 2016 թ․ առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքացիներից նվազագույնը 2 միլիարդ 89 մլն (4.3 մլն դոլար) դրամ ավելի գումար է կորզվել։ Իսկ եթե այս թիվը բազմապատկե՞նք տարիների քանակով, որոնց ընթացքում սրտային հիվանդներից այս գումարները կորզվել են։

Իսկ քանի՞ մարդ չի կարողացել վճարել այդ հավելյալ գումարը և մահացել է։ Ցավոք, նման վիճակագրություն չկա։ Բայց կա մեկ այլ վիճակագրություն, ըստ որի՝ կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանը 2016 թ․կիսում էր 113-115 տեղերը Բոլիվիայի և Վիետնամի հետ՝ 176 երկրների շարքում։

Ու ևս մեկ շատ տխուր իրողություն կա։ Այս իշխանությունները սեփական հարստացման համար պատրաստ են դիմել ամենաստոր՝ անսիրտ քայլերի։ Իսկ նման անսրտացավ քայլերի հետևանքով Հայաստանը կորցնում է իր սիրտը՝ բնակչությանը։ Եղած բնակչությունն էլ զրկվում է առողջ սիրտ ունենալու և ողջ մնալու հնարավորությունից։

Հովսեփ Կուբատյան


Նախորդ հոդվածը‘eurosport.ru. Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար եկել է ժամանակը, որպեսզի նրանք անհանգստանան…’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում. 30 զոհ’