‘Ս.Դեմիրճյան. Անցած տարին որեւէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում ‘

913

ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝  ԱԺ հայտարարությունների ժամին:

«Անցած տարին որեւէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում:

Արտագաղթ, գործազրկության եւ աղքատության  աճ, ներդրումների կտրուկ նվազում, փոքր ու միջին ձեռնարկատիրության անկում, երկրի արտաքին պարտքի ավելացում,  արտաքին առեւտրի  հաշվեկշռի վաթարացում՝ սա է  իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքը:

Կառավարության կողմից կանխատեսվող 6.2, այնուհետեւ 4.1% տնտեսական աճը իրականություն չդարձավ: Ըստ ԱՎԾ-ի տնտեսական աճը կազմեց ընդամենը 3.5 տոկոս:

2013 թ. նշանավորվեց նաեւ գազային պայմանագրով, որի համաձայն բացառիկ արտոնություններ տրամադրվեցին «Գազպրոմին»:  Ակնհայտ դարձավ նաեւ, որ կառավարությունը երկար ժամանակ թաքցրել է ժողովրդից գազի թանկացման փաստը:

Գործող վարչախումբը, ինչպես եւ նախորդը կարծես թե նպատակ է դրել ազատվել բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններից: Հետո էլ իրար հետ բանավիճում են, թե ով որ ստրատեգիական օբյեկտը, ավելի լավ վաճառեց: Այս տարի էլ հերթը հասավ «Որոտան» կասկադին:

Հավատարիմ մնալով իր ոչ թափանցիկ գործելակերպին, կառավարությունը իր 100 տոկոսանոց սեփականությունը հանդիսացող, շահութաբեր, էժան էլեկտրաէներգիա արտադրող եւ ռազմավարական նշանակություն ունեցող «Որոտան» Հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքը իրականացրեց շրջանցելով Ազգային ժողովը, առանց պետական գույքի մասնավորեցման ընթացակարգը պահպանելու եւ մրցույթ հայտարարելու:

Օտարեց իրական գնից շատ ավելի էժան գնով, զրկելով Հայաստանը սեփական էներգետիկայից:  Եւ հիմա որքան էլ փորձեն ներկայացնել «Որոտան» կասկադի վաճառքը որպես փայլուն գործարք,  ակնհայտ է, որ այն համալրեց կասկածելի գործարքների շարքը: Մենք դատապարտում ենք կառավարության նման գործելակերպը: Պետք է վերջ տալ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների տենդագին վաճառքին: Պատշաճ վերաբերմունք պետք է դրսեւորվի նաեւ պատմամշակութային ժառանգության նկատմամբ:

Անընդունելի ենք համարում Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդելու մասին որոշումը ինչը արդարացի դժգոհություն է առաջացրել թե հասարակության մեջ եւ թե մասնագետների շրջանում եւ պահանջում ենք կառավարությունից միջոցներ ձեռնարկել՝ օդանավակայանի հին շենքը քանդելը բացառելու նպատակով»:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ երիտասարդները համանախագահների այցի օրը ԱԳՆ-ի մոտ ցույց կանեն ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.46 դրամ/դոլար’