‘Ս.Դեմիրճյան. Ապագայի նկատմամբ հավատի բացակայությունն է ստիպում մարդկանց լքել հայրենիքը’

1302

Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց.

«Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի վերջին նիստում կանխատեսումներ արեց տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշելով, որ տարածաշրջանի պատկերը մի քանի տարվա ընթացքում կտրուկ փոխվելու է, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք:

Ինչպես ասում են՝ ապագան կանխատեսելու լավագույն ձեւը այդ ապագան ստեղծելն է: Բայց ակնհայտ է, որ կեղծվող ընտրություններով, կոռումպացված կառավարման համակարգով, իշխանական պատվերները կատարող դատարաններով, մոնոպոլիզացված տնտեսությամբ, աղքատության եւ գործազրկության այսօրվա բարձր մակարդակով մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չես առաջացնի:

Հե՛նց հեռանկարի, երկրի ապագային նկատմամբ հավատի բացակայությունն է ստիպում մարդկանց լքել իրենց հայրենիքը: Այդ հավատը վերականգնելու համար իշխանությունները նախ եւ առաջ պետք է ազնիվ լինեն ժողովրդի նկատմամբ: Սակայն խոսքի եւ գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար վաղուց ի վեր դարձել է սովորական երեւույթ: Իշխանությունները խոստանում էին հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացում եւ հավաստիացնում էին, որ գազը չի թանկանա: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Կամ ի՞նչ արժեն վարչախմբի հայտարարություններն ազատ, արդար ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանության եւ բիզնեսի տարանջատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Ո՞վ չգիտի, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանությունը դարձրել են բիզնես, կամ առ այսօր ո՞վ է պատասխան տվել իրեն վստահված ոլորտում առկա ձախողումների ու չարաշահումների համար:

Վարչախումբը խոսում է հավակնոտ տնտեսական ծրագրերի եւ նոր տիպի տնտեսություն կառուցելու մասին: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես են իրագործվել նրա նախորդ ծրագրերը: Ուստի, քարոզչությամբ զբաղվելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի, եթե վարչախումբը գոնե տարրական խնդիրներ լուծի ու ադեկվատ քայլեր անի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար:

Նոր տիպի տնտեսություն եւ առհասարակ՝ արդյունավետ տնտեսություն կառուցել անհնար է առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում: Այնպես որ՝ առաջնահերթ խնդիր է եղել եւ մնում այս արատավոր համակարգից ձերբազատվելը: Միայն այդ դեպքում Հայաստանի քաղաքացիները իրենց նվաստացած չեն զգա սեփական երկրում եւ վստահորեն կնայեն իրենց ապագային»:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ՝ Նարեկ Հարթունյանի ընկերության գործի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Թոշակառու կնոջ թոշակից «պահել» են 177.000 դրամ ‘