‘Ս.Դեմիրճյան. Իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի 1-ին ‘

1307

Այսօր ԱԺ-ում Մարտի մեկի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ թեեւ 2008-ի մարտի 1-ից անցել է 6 տարի, սակայն, մինչ օրս բացահայտված չեն սպանությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը, առայսօր իրավաջորդները, տուժածները որեւէ փոխհատուցում չեն ստացել: Նա նշեց, որ այս ամենը որեւէ արդարացում չունի, իսկ եզրակացությունն էլ մեկն է՝ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են մարտի մեկի գործը կոծկելու համար: «Վարչախումբը մարտի 1-ի արդար դատաքննությունը ապահովելու փոխարեն ամեն ինչ բարդել է ընդդիմության վրա՝ շինծու գործեր հարուցելով, եւ ոչ մի մարդասպան մինչ օրս դատարանի առաջ չի կանգնել, հանցագործները մնացել են անպատիժ, չարդարացրեց իրեն նաեւ այս հարցով ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովը, բայց սա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով»,- նշեց պարոն Դեմիրճյանը: Նա նաեւ հավելեց, որ մարտի մեկի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առաջ կկանգնեն հանցագործությունների համար պատասխանատու անձինք: «Պետք է վերջ տալ անպատժելիությաննը, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն, մարտի մեկն էլ է անպաժելության հետեւանք, եթե ժամանակին պատժվեին ապրիլի 12-ին բռնություններ կատարած անձինք, կազմակերպիչները, չէր լինի մարտի մեկը»,- նշեց պարոն Դեմիրճյանը: Նա հավելեց, որ ակնհայտ է, որ քանի դեռ երկրում իշխանությունը չի ձեւավորվում ժողովրդի ընտրությամբ, անհնար է ապահովագրված լինել նման դեպքերից: Նա հավելեց նաեւ, որ ժողովրդավարական երկրներում քաղաքական ճգնաժամները հաղթահարվում են ընտրությունների միջոցով, իսկ մեզ մոտ հակառակն է՝ ամեն ընտրություն լարվածության նոր ալիք է ստեղծում, որովհետեւ ընտրությունները կեղծվում են, եւ ամեն կեղծված ընտրության համար երկիրը թանկ գին է վճարում:

«Իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրեց մարտի մեկին: Մարտի մեկի կազմակերպիչը իշխանությունն էր, որը չապահովեց արդար ընտրություններ, ընտր ընթացքում իրականացված կեղծիքներն էին մարդկանց դուրս բերել փողոց»,- նշեց պարոն Դեմիրճյանը:

 

Նախորդ հոդվածը‘Խորհրդանշական անվանափոխություն. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ’
Հաջորդ հոդվածը‘Շերամի փողոցում գտնվող տնակը ամբողջությամբ այրվել է’