‘Ս. Սարգսյանի համար բանաստեղծություն արտասանած Ապարանի անձնագրային ծառայության պետ. Մենք նայում ենք մեր թագավորին’

3360

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 14-ին Սերժ Սարգսյանի՝ Ապարանում կայացած հանդիպման ժամանակ մի կին բանաստեղծություն արտասանեց: Պարզվում է, որ բանաստեղծություն արտասանող կինը Ապարանի անձնագրային ծառայության ղեկավար Աննման Շահբազյանն է:

Ստորեւ ներկայացնում ենք Աննման Շահբազյանի հետ մեր զրույցը

Տիկին Շահբազյան, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանի Ապարանում կայացած հանդիպման ժամանակ դուք էիք բանաստեղծություն արտասանել:

-Այո, ես եմ, ես եմ:

-Դա ձե՞ր բանաստեղծությունն էր:

-Այո, իմ գրած բանաստեղծությունն էր, որը շուտով երգ կդառնա:

-Իսկ ո՞վ է երաժշտություն գրելու:

-Ես, ես նաեւ երգահան եմ:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք այդ բանաստեղծությունն արտասանել:

-Ես ուղղակի ինքնաբուխ գրել եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

-Իսկ ինչո՞ւ հենց այնտեղ արտասանեցիք, ինքը՞ ձեզ ոգեւորեց, ոգեշնչեց:

-Իհարկե, ընտրարշավի ժամանակ նայեցի եւ ոգեւորվեցի, եւ ինձ զգացի ապահով ու ապահովված Հայաստանում՝ բոլոր հայերի հետ միասին: Ամեն ինչով հանդերձ ես ապահով եմ տեսնում Հայաստանը եւ ուզում եմ համայն հայությունը իջեւանի ապահով Հայաստանում:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սրագսյանը ոգեւորվե՞ց ձեր բանաստեղծությունից:

-Ես կարծում եմ, այո, որովհետեւ չթաքցրեց իր հուզմունքը:

-Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, երբ թեկնածուներին կամ պաշտոնյաներին բանաստեղծություններ են ձոնում, մեծարում են:

-Ես ոչ թե պաշտոնյային եմ մեծարում, դա պաշտոնյայություն չէ, ես տեսնում եմ Հայաստանը ապահով եւ յուրաքանչյուր անհատ քաղաքացի անկախ նրանից՝ աշխատանք է զբաղեցնում, թե ոչ, ինքը ուզում է ապրել ապահով, ինքնիշխան, ազատ անկախ Հայաստանում, դա մեր բոլորիս երազանքն է:

-Եւ դուք դա Սերժ Սարգսյանի հետ եք կապո՞ւմ:

-Ես դա կապում եմ ամբողջ հայության հետ: Եւ այսօր քանի որ նա մեր թագավորն է, ընդհանրապես մենք նայում ենք մեր թագավորին եւ հանձինս նրա տեսնում ենք կառուցվող Հայաստան:

-Իսկ կազմակերպիչները տեղյա՞կ էին ձեր բանաստեղծության մասին, թե՞ իքննաբուխ որոշեցիք արտասանել

-Ոչ մեկ տեղյակ չէր:

-Այսինքն, դուք լսեցիք Սերժ Սարգսյանին, ոգեւորվեցիք, ու որոշեցիք նվիրել նրան այդ բանաստեղծությունը՞:

-Այո, այո, ամեն ինչ եղել է ինքնաբուխ: Ոչ մի բան որոշված չէր:

-Իսկ դուք որպես քաղաքացի՞ էիք գնացել այդ հանդիպմանը, թե՞ ի պաշտոնե:

-Ոչ, ոչ, ես որպես քաղաքացի եմ գնացել: Ես քաղաքացի եմ, ես քաղաքացին եմ Հայաստանի հանրապետության: Ես անգամ բանաստեղծություն եմ գրել՝ «Անձնագիր»:

-Իսկ դուք չե՞ք ցանկանում թողնել ձեր պաշտոնը եւ գրականությամբ զբաղվել:

-Ոչ, իմ պաշտոնը ժողովրդական պաշտոն է: Ես շատ սիրով եմ ծառայում իմ ժողովրդին: ունեմ նաեւ 14 երգ, որոնց բառերի եւ երաժշտության հեղինակն եմ, եւ որոնց կատարողն եմ ինքս: Գրել եմ նաեւ օրհներգին նվիրված երգ, եւ մասնակցել եմ օրհներգի մրցույթին, բայց գիտեք, որ այդ մրցույթը չկայացավ: (Տիկին Շահբազյանն արտասանում է իր բանաստեղծությունից մի հատված)

-Դուք այդպես սիրուն ստեղծագործում եք, հնարավո՞ր է, որ մի բանաստեղծություն էլ հենց Սերժ Սարգսյանի մասին գրեք:

-Այն, ինչը ծնվում է, ծնվում է ներշնչանքով, ծնվում է պահով, եւ դա Աստված է նվիրում: Եթե գրեմ, տեղյակ կպահեմ: Ասեմ նաեւ, որ պաշտոնը մեր հողի վրա կարեւոր չէ, կարեւորը այն է, որ ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին, եւ ամուր արմատներով կպած եմ մեր հողին: Ինչքան էլ որ դժվար լինի, առավելեւս, դժվար է Ապարանում ապրել, բայց դժվարություններին սովոր մարդը երբեք չի նայում, որ ուրիշը պետք է աշխատի, ինքը ուտի: Մենք սովոր ենք աշխատել, վաստակել, եւ մեր վաստակած քրտինքի պտուղները ուտել: Դրա համար էլ այսպես սրտաբուխ է ամեն ինչը մեզ մոտ ստացվում:

Քրիստինե Խանումյան

 

 

Նախորդ հոդվածը‘Սամուել Էտո՛Օ. Իմ կյանքին իսկապես վտանգ է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ‘