‘Վազգեն Մանուկյանը` երդվյալ հայդատական և պահանջատեր’

4321

Ս.թ. մարտի 29-ին 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցում Վազգեն Մանուկյանը, խոսելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» մասին, բառացիորեն ասել է հետևյալը. «Ցեղասպանության 100-ամյակն է, ստեղծվել է մի ներկայացուցչական հանձնաժողով ներկա իշխանություններից` նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, որոշ կուսակցություններ, կրոնական գործիչներ, ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլև Կաթոլիկ, Բողոքական, Սփյուռքի ներկայացուցիչներ, ամեն մեկի հետևում կանգնած կուսակցություններ, կազմակերպություններ: Հավաքվել են, ինչ-որ փաստաթուղթ են կազմել, այդ փաստաթուղթը հանձնել են արդեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին և այլն, և այլն: Հիմա մեկը գալիս ասում է, որ այդ փաստաթուղթը պետք է փոխել: Հասկանալի է, որ այդ փաստաթուղթը փոխել արդեն հնարավոր չէ, դեռ բովանդակությունը մի կողմ թողնենք: … Մի՛ մտեք Լևոն Տեր-Պետրոսյանի գրածի բովանդակության մեջ: … Ես կարծում եմ, որ այն, ինչ (նրա կողմից) գրվել է, բացարձակապես ձեռնտու չէ մեր հայ ժողովրդին»:

Այս ընդարձակ քաղվածքում Վազգեն Մանուկյանն, ըստ էության, արտահայտել է երեք հստակ միտք.

ա. Կարևոր չէ քննել ո՛չ համահայկական հռչակագրի, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հեղինակած ուղերձի նախագծի բովանդակությունը և պարզել, թե նրանցից որն է ճիշտ կամ սխալ.

բ. Տեր-Պետրոսյանի գրությունը և՛ ուշացած է, և՛ մանավանդ բացարձակապես ձեռնտու չէ հայ ժողովրդին.

գ. Հետևաբար՝ հայ ժողովրդին բացարձակապես ձեռնտու է Համահայկական հռչակագիրը, քանի որ այն կազմվել է պատկառելի ներկայացուցչական մարմնի կողմից և արդեն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին:

Ինչպես տեսնում ենք, Մանուկյանը բոլորովին չի առարկում Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, որ Համահայկական հռչակագրով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է հայդատականությունը, ինչը մեծ վտանգներ է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար: Բնականաբար՝ հարց է առաջանում` իսկ ինչու՞ չի առարկում. չէ՞ որ հայդատական «փիլիսոփայության» վտանգավորության մասին, դեռևս 1988թ. փետրվարյան ցույցերի ժամանակ, առաջինն ինքը` Վազգեն Մանուկյանն է Ազատության հրապարակում հարթակից հնչեցրել «Չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ» հայտնի ասույթը` ուզելով ժողովրդին հասկացնել, որ Թուրքիան մեր հավերժական թշնամին չէ, ոչ էլ Ռուսաստանը` մեր հավերժական բարեկամը: Արդ, ինչու՞ նա ոչ միայն չի նկատում Հռչակագրի պարունակած հայդատական դրույթների վտանգավորությունը, այլև անսահմանորեն գովերգում է այս փաստաթուղթը: Բանից պարզվում է` շատ չնչին պատճառով, որովհետև (աթոռից չընկնեք) Մանուկյանը նույնպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի» անդամ է, հետևաբար` վերջինիս հրապարակած հռչակագրի հեղինակներից մեկը:

Շուրջ երեսուն տարի առաջ, Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում Վազգեն Մանուկյանն իր աներոջ` Ռաֆայել Իշխանյանի ամենահավատարիմ գաղափարակիցն ու հայդատականության և պահանջատիրության ամենաթունդ հակառակորդն էր: Այդ մասին նա, իրեն հատուկ մենտորական ոճով ու մեծամոլությամբ, չի զլանում հնչեցնել անգամ խնդրո առարկա հարցազրույցում` նշելով հետևյալը. «Ղարաբաղ կոմիտեն ուներ իր գաղափարները` կապված Թուրքիայի հետ, Ցեղասպանության հետ, անկախության հետ, և այնտեղ հիմնական ուղեցույցը ես եմ եղել… Իմ գաղափարներն են եղել, և Ղարաբաղ կոմիտեն, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, լրիվ ընդունել են այդ գաղափարները»: Այսինքն, ըստ այս հայտարարության, Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամները  գաղափարներ չեն ունեցել, քաղաքականապես մերկ են եղել, և նրանց քաղաքական գործիչ է դարձրել Վազգեն Մանուկյանը:

(Այս կապակցությամբ արժե փակագծերում ընթերցողին հիշեցնել վերջինիս հետ կապված մի հետաքրքիր դրվագ, որի մասին պատմել է Լևոն Տեր-Պետրոսյանը. «ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց. «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»:  «Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել», — վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց: Առակս ցուցանե, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում». ilur.am – 16.01.2013): Վազգեն Մանուկյանը, ըստ երևույթին, մինչև հիմա էլ չի հասկացել, որ քաղաքական գործընկերներին վերևից նայելու իր մեծամոլությունն ու եսակենտրոնությունն էր պատճառը, որ «Ղարաբաղ» կոմիտեն բաց քվեարկությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ոչ թե իրեն, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ինչևիցե, Համահայկական հռչակագրի գաղափարներն արմատապես հակասում են «Ղարաբաղ» կոմիտեի դավանած գաղափարներին` այն գաղափարներին, որոնց հեղինակն, ըստ Մանուկյանի վերոհիշյալ խոսքերի, ինքը և միայն ինքն է եղել: Որքան էլ ցավալի է, մեզ մնում է արձանագրել հետևյալ եղկելի իրողությունը. նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թե՛ մարդկային, թե՛ բարոյական, թե՛ գաղափարական և թե՛ քաղաքական առումով՝ նույնիսկ Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Խոսրով Հարությունյանն այսպիսի դեգրադացիա չեն ապրել, ինչպիսին ապրել է Վազգեն Մանուկյանը: Իրականում Գեղամյանը, Արթուրը և Խոսրովը որևէ դեգրադացիա չեն էլ ապրել, որովհետև ինչպիսին եղել են 30 տարի առաջ, այդպիսին էլ մնում են այսօր, և վաղն էլ նույնն են լինելու: Մինչդեռ Վազգենի սրընթաց գահավիժումը` իշխանյանական իրատեսությունից դեպի բուրջհամուդյան հայդատականության և պահանջատիրության անդունդ, հիրավի ցնցող ու ապշեցուցիչ է: Թեև ի՞նչ էինք սպասում մի մարդուց, ով մեկին կարող էր իդիոտ կամ տականք անվանել, իսկ հետո, վիզը ծռած, նրա տակ Հանրային խորհրդի նախագահ աշխատել` դրանից բխող բոլոր հետևանքներով, այն է` տիրոջը հաճոյանալու և իշխանության բարիքներից օգտվելու համար պաշտպանել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական «բարեփոխումը», գիշեր-ցերեկ հայհոյել Տեր-Պետրոսյանին, անխնա դատապարտել ու անարգանքի սյունին գամել ցեղասպան թուրքերին, ու դրա հետ մեկտեղ՝ փառաբանել Սարգսյանի կողմից Բարգավաճ Հայաստանի ու նրա նախագահի նկատմամբ իրականացված վայրագ «ցեղասպանությունը» և այլն:

Այսպիսի բաներ, պարոնա՛յք ատենակալներ:

Վահան Մարտիրոսյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում «պոռնովրիժառու» կայքի սեփականատերը դատապարտվել է 18տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Գոնգաձեի սպանության գործով դատապարտյալը մահացել է գաղութում’