Վախճանվել է գրականագետ Գեորգի Կուբատյանը

1302

Օգոստոսի 31-ին կյանքից հեռացավ վաստակաշատ գրականագետ-թարգմանիչ Գեորգի Կուբատյանը։

Գեորգի Կուբատյանը ծնվել է 1946 թվականի ապրիլի 18-ին, Ուֆա քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Գորկի քաղաքի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո՝ 1969-ին տեղափոխվել է Հայաստան։

1968 թվականին ընդունվել է աշխատանքի «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, որտեղ աշխատել է մինչև 1974 թվականը՝  սկզբում որպես գրական աշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչի պաշտոնակատար։ 1974-2004 թվականներին աշխատել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ 2006 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի «Բանբեր» գիտական հանդեսի ռուսերեն հատվածի խմբագիրն էր։

1967 թվականից տպագրվել է «Յունոստ», «Մոսկվա», «Լիտերատուրնայա գազետա», «Դրուժբա Նարոդով», «Զնամյա», «Վոպրոսի լիտերատուրի» և այլ հեղինակավոր ամսագրերում: 200-ից ավելի գրական և գրաքննադատական հոդվածների հեղինակ է։

Հայերենից ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գուրգեն Մահարու, Միսաք Մեծարենցի, Մատթեոս Զարիֆյանի, Հովհաննես Շիրազի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, Պերճ Զեյթունցյանի, Ռազմիկ Դավոյանի, Սևակ Արամազդի և այլ գործիչների ստեղծագործությունները։

Գեորգի Կուբատյանը  ռուսական պարբերականներում հեղինակել է մի շարք հոդվածներ՝ նվիրված հայ-ռուսական մշակութային կապերի զարգացմանը, Օսիպ Մանդելշտամի, Արսենի Տարկովսկու, Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին:

Գեորգի Կուբատյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին Քանաքեռի սբ. Հակոբ եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-13-00–ին՝ Հայաստանի գրողների միությունում (Բաղրամյան 3)։

Հուղարկավորությունը՝ ՀԳՄ-ից Զեյթունի գերեզմանատուն։

iLur-ի խմբագրակազմը ցավակցում է Գեորգի Կուբատյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին այս ծանր կորստյան առիթով։

Նախորդ հոդվածըՄԻԵԴ․ Խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպման մրցավարները