‘Վախճանվել է ճապոնացի զինվորը, որը պատերազմի ավարտից 29 տարի անց անգամ «չէր հանձնվում»’

1036

Տոկիոյում 91 տարեկան հասակում վախճանվել է Ճապոնիայի կայսերական բանակի նախկին կրտսեր լեյտենանտ Հիրոո Օնոդան, որը հայտնի է դարձել նրանով, որ հրաժարվում էր հավատալ, թե Երկրորդ համաշխարահին պատերազմն ավարտվել է, և երդմանը հավատարիմ՝ ևս 29 տարի շարունակում էր թաքնվել ֆիլիպինյան Լուբանգ կղզու ջունգլիներում: Միայն 1974 թ. Օնոդայի նախկին հրամանատարը, որը հատուկ ժամանել էր Ֆիլիպիններ, հավատարիմ զինվորին համոզել էր վայր դնել զենքը: Հայրենիքում Օնոդային դիմավորել են որպես հերոսի:

Երբ Երկրորդ աշխարհամարտն ավարտվելու վրա էր, և ամերիկյան զորքերը վստահ առաջ էին շարժվում դեպի հյուսիս, Օնոդան Լուբանգ կղզում հայտնվել էր շրջապատման մեջ: Չնայած հուսահատական վիճակին՝ երիտասարդ սպան հավատարիմ էր մնացել երդմանը և երեք տասնամյակ հրաժարվել էր գերի հանձնվել: «Յուրաքանչյուր ճապոնացի զինվոր պատրաստ էր մահվան, սակայն ես հետախուզության սպա էի, և ինձ հրաման էր տրված  ցանկացած գնով պարտիզանական պատերազմ մղել,- 2010 թ. BBC-ին տված հարցազրույցում խոստովանել էր Օնոդան:- Եթե ես այդ հրամանին չենթարկվեի, ինձ համար դա շատ ամոթալի կլիներ»: Պատերազմի ավարտին Օնոդայի ենթակայության տակ մնացել էր երեք զինվոր: Նրանցից մեկը գերի էր հանձնվել 1950 թ., երկրորդը մահացել էր, երրորդը զոհվել 1972 թ. տեղաբնակների հետ ընդհարման ժամանակ, որոնց դեմ Օնոդայի ջոկատեը ժամանակ առ ժամանակ ռեյդեր էր իրականցնում:

Հետագայում զինվորը խոստովանել էր, որ իր մոտ ուղարկվող ճապոնացի պատգամավորներին համարել է սադրիչներ, իսկ ջունգլիներից դուրս գալու առաջարկներով թռուցիկները՝ թշնամական ակցիա: «Այդ թռուցիկներում լիքը տառասխալներ կային, և ես  համոզված էի, որ դրանք ամերիկացիներն են բաց թողնում»,- ասել է Օնոդան: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պատրաստված է Ճապոնիայում. Կենդանի դրամապանակ’
Հաջորդ հոդվածը‘Մեկ միլիոն եվրո՝ Չեչնիայի անհայտ կորած բնակիչների համար’