‘Վահագն Խաչատրյան. զբաղվելով իր իշխանության վերարտադրության խնդրով, ՀՀԿ-ն մոռացել է քաղաքացուն, երկիրը’

1177

Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորոխ Վահագն Խաչատրյանի ելույթը Ազատության հրապարակում. 

Հինգ օր հետո տեղի են ունենալու Երևանի ավագանու  ընտրությունները: Հինգ օր հետո մենք հնարավորություն ենք ունենալու ապացուցելու, որ ի վիճակի ենք արմատական փոփոխություններ իրականացնել մեր կյանքում:

Մայիսի 5-ին տեղի ունենալիք  ընտրությունների կարևորությունը կայանում է նրանում, որ ֆորմալ իմաստով, այո, սա տեղական նշանակության քաղաքային ընտրություններ են, սակայն  ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում:

Նախընտրական քարոզչության ընթացքում հանդիպելով մեր համաքաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ինչպես ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ նրա մայրաքաղաք Երևանը գտնվում են անմխիթար վիճակում, կարելի  է ասել մատնված են անտերության` իշխանությունը զբաղվելով միայն ամեն գնով իր իշխանության վերարտադրության խնդրով, մոռացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, երկիրը:

Երևանը ոչ մի բանում ետ չի մնացել` այն դարձել է առանձին մեծահարուստների և իշխանությունների մոտ կանգնած մարդկանց, պետական պաշտոնյաների  քմհաճույքների բավարարման վայր, որի արդյունքում ունենք`

այլանդակված կենտրոն , ճարտարապետական և քաղաքաշինական ամենաթողություն, չունենք կանաչապատ տարածքներ, այգիներ, զբոսանքի վայրեր, հանգստյան գոտիներ, բակեր:

Քաղաքը լի է աղբով, անճաշակություններով, և ամենակարևորը՝ կորցրել ենք քաղաքացուն, քաղաքային միջավայրը, ամեն ինչ քաղքենիացվել է:

Ին՞չ պետք է արվի:

Քաղաքական խնդրին չեմ ուզում անդրադառնալ, դրա կարևորության մասին իմ ընկերները հանգամանալից խոսել են, կխոսեն:

Խոսքը վերաբերում է քաղաքային տնտեսության անելիքներին, ծրագրերին: 

—         Դադարեցնել Կենտրոնի կառուցապատման աշխատանքները, քաղաքաշինական խնդիրների լուծման կետային արատավոր պրակտիկան:

—         Արգելել կանչապատ  տարածքներում  կառուցատման ցանկացած աշխատանք:

—         Երևանում ոչ մի ծառ չի կտրվելու: Բոլոր ծառերը համարակալվելու են:

     —   Ճանաչել տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ,  

     բացահայտ և անընդմեջ տիրապետողների` մասնավորապես նախկին  

    այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:

—         2000-2013թթ. իրացման գոտիներում հայտնված և տուժած քաղաքացիները  

     կստանան արդարացի հատուցում:

—         Հասնել նրան, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը նվազեցվեն կրկնակի անգամ, հակառակ դեպքում Երևան քաղաքի տարածքում տեղադրված խախտումները տեսանկարահանող սարքերը կապամոնտաժվեն: 

—         Համացանցի միջոցով բոլորի համար հասանելի դարձնել   քաղաքային իշխանության գործունեության հետ կապված փաստաթղթերը` որոշումներ, գլխավոր հատակագիծ, բյուջե` և՛ ծախսային, և՛ եկամտային մասերով մանրամասն նկարագրությամբ, նախագծեր, ծրագրեր:

—   Կադրերի ընտրությունը կատարվելու է անկախ կուսակցական 

     պատկանելիությունից, թափանցիկ, մրցույթների միջոցով, գնահատվելու են 

    մարդկանց մասնագիտական և ընդհանուր գիտելիքները:

—         Իջեցվելու է հարկային բեռը փոքր և միջին տնտեսավարողների, անհատ

ձեռներեցների համար:

Մեկ անգամ եւս անդրադառնալով այս ընտրությունների կարևորությանը, հիշեցնեմ, որ ազատագրելով Երեւանն իշխող ռեժիմից, մենք կքանդենք նրա քաղաքական մենաշնորհը, էապես կթուլացնենք նրա դիրքերը:

Հաղթելով Երեւանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար:

Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան, Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար:

Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։

Սա իսկապես հերթական հնարավորությունն է երկրում իրավիճակ փոխելու համար և մենք չենք կարող, իրավունք չունենք  չօգտվել դրանից: 

Ուստի, պայքարը շարունակվում է՝ մենք պարտավոր ենք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, և դա անելու ենք  մայիսի 5-ին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ժամանակն է՝ Հայաստանը փրկել սրբապղծությունից’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը վերսկսել է մարզումները’