‘Վահագն Խաչատրյան. Ընտրախախտումներն ապացուցում են, որ իշխանությունը ձայն չունի Երևանում. Տեսանյութ’

1831

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Կոնգրեսը կարողացել է տեղ հասցնել այն հաղորդագրությունը, թե այս ընտրությունները քաղաքական բնույթ են կրում: Նրա կարծիքով՝ Կոնգրեսն այս ընտրությունների միջոցով կարող է լուծել հիմնական խնդիրները՝ վերջ տալով այս համակարգին:

«Մենք գիտենք, որ աշխատելու ենք վարչական ռեսուրսի դեմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ այս անգամ ևս ոչ մի պաշտոնյա, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի հիմնարկի աշխատակից, բիզնեսի ոչ մի ներկայացուցիչ զերծ չի մնացել ընտրախախտումների մասնակցությունից. նրանք ստիպված կամ իրենց ցանկությամբ այնպես են արել, որպեսզի իշխանության թեկնածուն ավելի ներկայանալի լինի: Կոնգրեսի թեկնածուի խոսքով՝ զարմանալի է, որ մարզպետներն այստեղ նախընտրական շտաբներ են ղեկավարում. «Նրանցից շատերը դա չեն էլ թաքցնում, Գեղարքունիքի մարզպետը նույնիսկ հաստատել էր, որ ժամը վեցից հետո զբաղվում է նախընտրական շտաբի աշխատանքներով»:

Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ այս ամենն ապացուցում է, որ իշխանությունը ձայն չունի ոչ միայն Երևանում, այլև ընդհանրապես՝ Հայաստանում:

Կոնգրեսական թեկնածուն տեղեկացրեց նաև, որ վերջին շաբաթում Մալաթիա-Սեբաստիայում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր թիմով որոշել է խորամանկ խաղ խաղալ: Նա, հանդիպելով ոչ իշխանական ուժերի հանձնաժողովի անդամներին հետ, «համոզում է» նրանց, որ, իբր թե, համագործակցեն և ընտրությունների ժամանակ իրար միջև կիսեն ձայները, օրինակ՝ Կոնգրեսի ներկայացուցիչներին «առաջարկել է» միասին կիսել «Ժառանգության» ու ԲՀԿ-ի ձայները:

Վահագն Խաչատրյանը նկատեց, թե իշխանությունները մոռանում են, որ  սովորաբար իշխանական ուժերն են համագործակցում իրար հետ, իսկ ընտրություններին այդ համագործակցությունն ավելի սերտ է լինելու: Նա հորդորեց առավել ուշադիր լինել Մալաթիա-Սեբաստիայում ընտրությունների ընթացքին, քանի որ սովորաբար ընտրակեղծիքների բավական պատկառելի մասը հենց այդտեղ է կատարվում: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմադիր քաղաքապետը Հայաստանում ամեն ինչ կկարողանա փոխել’