‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև կանգ չի առնում’

1130

«Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինքը կեղտի մեջ թաղված է մինչև մազերի ծայրը և նոր անօրինականություններ է անում» -, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  վարչության անդամ Վահագն Խաչատրյանը :

Անդրադառնալով դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում տեղի ունեցած գազային պայմանագրի քվեարկությունը՝ Վահագն Խաչատրյանը այն որակեց հակասահմանադրական՝ նշելով, որ քվեարկություն իրականում տեղի չի ունեցել:

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ այդ պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ապահովել Գազպրոմի շահը: Նա նաև հավելեց, որ Գազպրոմը որևէ այլ երկրի հետ նման պայմանագիր չի կնքել, իսկ հայաստանյան իշխանությունները գազային պայմանագրի մշակման բանակցություններին մասնակցել են ոչ թե Հայաստանի շահերը ներկայացնելու, այլ ռուսական կողմի փաստարկները հիմնավորելու համար: Վահագն Խաչատրյանը նաև նշեց, որ այս պայմանագիրի պատճառով Հայաստանը զրկվում է անգամ անկախ հարկային քաղաքականություն վարելու իրավունքից, քանի որ եթե Գազպրոմը դեմ եղավ, ասենք, հարկերի բարձրացմանը, Հայաստանը չի կարող բարձրացնել դրանք:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս, անդրադառնալով գազային պայմանագրին, նշեց, որ չի գտել Հայաստանի կողմից կնքված որևէ համաձայնագիր, որտեղ Հայաստանը հրաժարվել է միջազգային իրավունքի սկզբունքներով տրվող «անձեռնմխելիություններից»: «Այս համաձայնագրով Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավունքով տրվող բոլոր հնարավոր անձեռնմխելիություններից, այդ թվում նաև հարկային նպատակով որոշակի բռնագանձում տարածելը գույքի նկատմամբ, միջազգային դատական կարգով իր իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ սարսափելի մի բան»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանը իր 20% բաժնեմասերը նվիրեր Ռուսաստանին, քան կնքեր այսպիսի պայմանագիր:

Նույն թեմայի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորՍտեփան Մարգարյանը հայտարարեց. «Ես չեմ հավատում այն հայտարարություններին, որ եթե ինչ-որ տեղ ավելի էժան գազ լինի, մենք կներմուծենք, «մենք» ասելով՝ ո՞ւմ նկատի ունենք, Հայաստանը որևէ լծակ, խողովակաշար չունի դա նեմուծելու, դա ունի Գազպրոմը, և նա է որոշում, թե որտեղից ինչ ներմուծի:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի թեզի «պաշտպանության» իրական պատկերը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ում կվիճարկվեն «գազային համաձայնագրերն» ամբողջությամբ` բանակցումից մինչեւ վավերացում’