‘Վահագն Խաչատրյան. Կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսությանը («ՉԻ»)’

986

Երեկ կառավարության հերթական նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ վերջերս ԶԼՄ-ների կողմից հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, ինչը, ըստ կառավարության՝ չի համապատասխանում իրականությանը։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը շտապեց ջուր լցնել կառավարության ջրաղացին՝ կրկնելով սույնը։ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճը երկրում կկազմի առավելագույնը 1.5%», հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

«ՉԻ»-ն նախատեսվող գնաճի մասին փորձեց մեկնաբանություններ ստանալ Հայ ագգային կոնգրեսի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանից։ Ի պատասխան թերթի հարցադրմանը՝ տնտեսագետը նշել է. «Եթե անգամ այդ ցուցանիշը առավելագույնը լինելու է 1.5 տոկոս, ապա դա ևս բավականին լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Շատերի մեջ տպավորություն կստեղծվի, որ 1,5 տոկոսը փոքր թիվ է, բայց իրականում այն բավականին մեծ թիվ է, և մենք կտեսնենք այն գնաճը, որը կար այս տարի։ Իսկ ընդհանուր առմամբ, ես կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսությանը։ Թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ո՞ր ապրանքատեսակների տուրքերը կբարձրանան, ես կարծում եմ, որ դրանք հաշվարկելիս շատ ավելի մեծ թիվ կկազմեն, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի շրջանառության մեջ հաշվեկշիռը Եվրամիությունից ներկրվող ապրանքներինն է: Գումարային առումով հավասար են, բայց այդ հավասար ի մեջ Մաքսային միության անդամ երկրներից հիմնականում մենք Ռուսաստանից ներկրում ենք գազ և դա է մեծ տոկոս կազմում։ Մեր առօրյա առաջին անհրաժեշտության ապրանքները մենք ներկրում ենք Եվրամիությունից, կամ երրորդ երկրներից: Իսկ Եվրամիության կամ երրորդ երկրների նկատմամբ կիրառվելու են նոր մաքսատուրքեր, որոնք Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող մաքսադրույքներից 3 անգամ ավելի բարձր են: Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հրապարակվել են: Այս մասին հրապարկել է նաև էկոնոմիկայի նախարարությունը: Պետք է մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել։ Մեզ մոտ գնաճը հաշվարկելիս օգտագործվում են 440 ապրանքատեսակների գներ, սակայն մեր առօրյա կենցաղում, եթե հաշվենք, 50 անուն էլ թերևս չկարողանանք թվարկել։ Կարևոր է, թե այդ 50-ի նկատմամբ ինչ կկատարվի իրականում Մաքսային միությանն անդամակցելուց հետո, բացի այդ 1,5 տոկոս գնաճից, որը միջինացված թիվ է, և մեր տնտեսագիտական վերլուծությունների մեջ բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն՝ 1,5 տոկոսի փաստը արդեն նշանակում է, որ մեր տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս պայմաններում Մաքսային միությանն անդամակցությունը»,- ասել է տնտեսագետը: 

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Թովմասյանը վարվում է սովորական ժուլիկի նման (Տեսանյութ)’