‘Զուրաբյան. Թովմասյանը վարվում է սովորական ժուլիկի նման (Տեսանյութ)’

1438

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի ակտիվներ հանդիսացող պետական գույքի մասնավորեցման անօրինականության իրավական հիմնավորումները: Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

1. Կառավարության հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարը հայտարարեց, որ «կառավարությունն է տնօրինում, տիրապետում եւ օգտագործում պետական սեփականությունը»: Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման, տիրապետման եւ օգտագորման իրավունքները Հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականտիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունը: Կառավարության դերը այս առումով ամրագրված է Սահմանադրության 89.3 հոդվածով. «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը». Սեփականության կառավարումը չի ներառում տնօրինման իրավունքը /Սա է պատճառը, թե ինչու պետական սեփականության մասնավորեցման համար անհրաժեշտ է Ազգային Ժողովի հավանությունը/: Գագիկ Ջհանգիրյանն ինձ տեղեկացրեց, որ այդ գիտելիքի տեր ուսանողները դառնում են արդեն երրորդ կուրսում: Ակնհայտ է, որ Թովմասյանը այդ մի դասը բաց է թողել: 

2. Նախարարը ասաց, որ «կառավարությունը ոչինչ չի վաճառել», եւ հղում կատարեց կորպորատիվ իրավունքին: Ի տարբերություն այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որը այդպես էլ չմատնանշեց օրենքի որեւէ հոդված, ես կուզեի հղում կատարել Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին: Համաձայն օրենքի 61 հոդվածի, «ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսի վաճառքի գործարքի որոշումը պետք է ընդունի ընկերութան խորհուրդը միաձայն»: Եթե նման որոշում չի ընդունվում, ինչպես նաեւ եթե գույքի արժեքը «կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելի», ապա որոշումը ընդունվում է ժողովի կողմից, բաժնետերերի 3/4-ով: Երկու դեպքում էլ սա նշանակում է, որ որոշումը կարող էր ընդունել միայն «Որոտան ՀԵԿՀ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետեր կառավարությունը: Ուրեմն՝ առանց կառավարության որոշման ոչինչ հնարավոր չէր, եւ Թովմասյանը ուղղակի ստում է: Հետաքրքիր է, սակայն, որ կառավարության հրապարակային որոշում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը խախտվել է, կամ կառավարությունը ընդունել է գաղտնի որոշում ՓԲԸ-ի վաճառքի մասին:

3. Սակայն անգամ եթե ընդունվել է գաղտնի որոշում, միեւնույն է, այն խախտում է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածները, ըստ որոնց՝ ցանկացած «պետական գույք /բացառությամբ շարժական գույքի/» ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստացած մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո: Եթե Թովմասյանը «պետական գույք» համարում է միայն պետական բաժնեմասը, բայց «պետական գույք» չի համարում 100 տոկոսանոց պետական ձեռնարկության ակտիվները, որոնք, ըստ էության, պետական սեփականություն են, ուրեմն՝ նա հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար «հանճարեղ» մի ձեւ, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային Ժողովին եւ «Պետական սեփականության մասնավորեցման մասին» օրենքը: Օրինակ, նույն «Արմենթելը» կամ «Արարատ» կոնյակի գործարանը կարելի էր ոչ թե վաճառել այլ սեփականտիրոջ, այլ ուղղակի շրջանցելով Ազգային Ժողովը՝ վաճառել նրանց բոլոր ակտիվները: Արդեն միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որը օրենքի սողանցքը օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու եւ հափշտակելու նպատակով: Եթե դա աներ սովորական մի խարդախ, դա դեռ հասկանալի կլիներ: Բայց եթե նման բան անում է կառավրությունը եւ նրա արդարադատության նախարարը, սա բնորոշում է մեր պետության այսօրվա վիճակը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսությանը («ՉԻ»)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության գնդապետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա կալանավորվել է’