‘Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով ‘

2086

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ գազի թանկացումը մի քանի ամսվա ընթացքում անխուսափելիորեն կազդի ծառայությունների եւ ապրանքների գների վրա՝ 20-ից 50 տոկոսով ավելացնելով դրանք: Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդը» Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին բնական գազի նոր սակագներ է առաջարկել: Ըստ այդմ 10 հազար խմ-ից պակաս սպառողների համար գազը կթանկանա 64 տոկոսով, իսկ խոշոր սպառողների համար` 61 տոկոսով:

«Ամենայն հավանականությամբ, կհայտնվի «բարեգութ» կառավարությունը եւ կհայտարարի, թե` գիտեք ինչ, «Հայռուսգազարդը 64 տոկոսով է առաջարկում թանկացնել բայց մենք բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ 50 տոկոս կամ 55 տոկոսով թանկացավ», — iLur.am-ի հետ զրույցում նկատեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով,  նախ` միանգամից ավելանալու են ծախսերը անմիջապես գազի վճարումների հետ կապված, բացի դրանից, կթանկանա էլեկտրաէներգիան, որովհետեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի 38 տոկոսը արտադրվում է ՋԷԿ-երում:

«Ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացվի հունիսի 1-ից, լավագույնը` հուլիսի 1-ից: Այսինքն, հուլիսին կամ օգոստոսին մենք դա կզգանք: Կարծում եմ, որ այս թանկացումը կազդի նաեւ տրանսպորտի սակագների վրա: Այսօր Հայաստան ներկրվող գազի 55 տոկոսից ավելին օգտագործվում է տրանսպորտոի վրա: Ստացվում է այնպես, որ մենք կամ հուլիսի, կամ օգոստոսի 1-ից էապես այլ միջավայրում կհայտնվենք, որտեղ ապրանքները եւ ծառայությունները 20-ից 50 տոկոսով կավելանան»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը չի կարծում, որ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտներն այնքան կավելանան, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով փոխհատուցել դրանք:

Նրա համոզմամբ, նախ, կաթնամթերքի շուկայում, այնուհետեւ՝ ամենազգայուն՝ գազի թանկացումների ժամանակահատվածը պատահաբար չի ընտրված: Քանի որ, ըստ նրա, Հայաստանում գները ձեւավորվում են, ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, այլ քաղաքական որոշումների արդյունքում: Տնտեսագետը հիշեցնում է, որ դեռեւս 2011-ի երրորդ եռամսյակից Հայաստան ներմուծվող գազի սակագնի թանկացում է տեղի ունեցել: 

«Եվ այդ ժամանակ արդեն տեղեկություններ կային, որ Ռուսաստանը գազի թանկացումը կասեցնելու դիմաց Հայաստանից պահանջել է Հայռուսգազարդի ամբողջ փաթեթը (մենք դեռեւս 20 տոկոսի սեփականատեր ենք), դրան գումարած` կամ Որոտան ՀԷԿ-ը, կամ այլ սեփականություն Հայաստանում: Եվ նաեւ լավ հիշում ենք, որ այն ժամանակ էներգետիկայի նախարարը վստահեցնում էր, որ այդպիսի բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում, բայց հետագայում պարզվեց, որ շատ լավ էլ համապատասխանում է` իրականում Հայաստան մտնող գազը թանկացել էր, բայց դա մեզ՝ սպառողներիս չէր վերաբերում», — նշեց պարոն Խաչատրանը: Նրա խոսքով, իշխանությունը գազի թանկացումը ներքին շուկայում զսպեց մինչեւ ընտրությունների շրջանի ավարտը:

«Եթե այս ամենը ի հայտ գար ընտրություններից առաջ, չեմ կարծում, որ անգամ 10 հազար դրամ ընտրակաշառքի կամ ընտրակեղծարարության շնորհիվ իշխանությունները ի վիճակի լինեին վերարտադրվել: Բայց տեսեք՝ ինչ է անում իշխանությունը. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այդ 10 հազար դրամը տարավ, հիմա այս գազի գնի թանկացման արդյունքում բոլոր խնայողությունները կտանի, եթե այդպիսիք կան», — նկատեց տնտեսագետը:

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը գազը թանկացել է ընդամենը 38 տոկոսով, այնինչ, «Հայռուսգազարդը» առաջարկում է ավելացնել գները ավելի քան 64 տոկոսով՝ բուն գազի գնին ավելացնելով սպասարկման, բաշխման եւ այլ ծախսեր:  

«Այսինքն, «Հայռուսգազարդը» չի ուզում իր եկամուտներից հրաժարվել, չի ուզում իր աշխատողների բարձր աշխատավարձերը կրճատել: Այս վերջին մեկուկես տարվա ընթացքում «Հայռուսգազարդը» խոշոր վնասներ է կրել` մոտ 30 միլիոն դոլար պայմանական վնաս: Որովհետեւ Հայաստան է բերել թանկացված գնով գազ եւ վաճառել է էժան գնով: Հիմա ինքը շատ արագ ուզում է փոխհատուցել: Հիմա էստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. ուր մնաց կառավարական մակարդակով բանակցությունները, ուր մնացին Պուտին-Սերժ Սարգսյան բանակցությունները, երբ որ նրանք քննարկում էին գազի գնի հարցը: Սրանք հարցեր են, որոնք պետք է ուղղել կառավարությանը», — ամփոփեց Վահագն Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի՝ մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հայաստանում սով է, բայց առավել շատ` արժանապատվության սով’