‘Վահագն Խաչատրյան. ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ծրագրերն այդպես էլ չիրականացան’

173087

iLur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը:

— ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Ձեր կարծիքով՝ կառավարության ներկայացրած օրենսդրական այդ տարբերակը ամբողջակա՞ն լուծում է, թե՞ ոչ:

— Սա լուծում չէ: Փաստորեն՝ մարդիկ ոտքի էին ելել իրենց տնտեսական շահերը պաշտպանելու համար, արդյունքում՝ ստացան շատ ավելի վատ իրավիճակ: Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ տեղի է ունեցել հարկային բեռի բարձրացում՝ 3.5 տոկոսի փոխարեն հարկ պետք է վճարվի 5 տոկոս: Մնացած բոլոր բացատրությունները, հիմնավորումներն այստեղ նշանակություն չունեն: Իշխանությունները, կառավարությունն այդպես էլ մինչեւ վերջ տրամադրված չէին աջակցել ոտքի կանգնած մարդկանց: Եւ ամենակարեւոր հանգամանքը՝ իրենք բացահայտ ասում էին, թե ցանկանում են փոքր բիզնեսի միջոցով հարկային դաշտ բերել մեծ բիզնեսը: Այդ խնդիրը այդպես էլ չլուծեցին: Որպեսզի փոքր բիզնեսը 1 տոկոս հարկ վճարի, պետք է փաստաթղթաշրջանառությունը ցույց տա, ու այդ նպատակով հիմա նրանք պետք է օր ու գիշեր ընկնեն խոշորներից փաստաթուղթ պահանջելու խուլ եւ անհեռանկար գործի մեջ:

— Իշխանություններն այս նախագիծը մեկնաբանում էին որպես ստվերը կրճատելուն ուղղված քայլ: Կարելի՞ է ենթադրել, որ նրանք այդ նպատակին չհասան:

— Եթե իրենք ցանկանային ստվերի դեմ պայքարել, ապա առաջին հերթին կփորձեին խոշորին բերել հարկային դաշտ, որից հետո հարցերն իրենք իրենց կլուծվեին: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն իրենք չեն սահմանել խաղի կանոնները, այդ կանոնները նրանց պարտադրել են, եւ իրենք չէ, որ աշխատում են առանց փաստաթղթերի: Եթե նրանց փաստաթղթեր տվող լինի, նրանք կներկայացնեն դա առանց պարտադրանքի: Բայց քանի որ խոշորը նրանց փաստաթղթեր չի տվել, իրենք էլ խաղի այդ կանոններով առաջնորդվել են: Ուրիշ ի՞նչ անեին, գլուխները ո՞ր պատին խփեին: Իշխանության, կառավարության պատասխանատուները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Ինձանից, ձեզանից էլ լավ գիտեն, քանի որ իրենք են այդ խաղի կանոնները սահմանել, իրենք այդ բնագավառի ներկայացուցիչներ են:

— Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության մասին իր կանխատեսման մեջ նշել է, թե տնտեսության լճացումն այս տարի եւս կշարունակվի: Ձեր կարծիքով՝ այս գնահատականներն իրատեսակա՞ն են, թե՞ ոչ:

— Միանշանակ, համամիտ եմ այդ գնահատականի հետ: ՀԲ-ն լիարժեք պատկերացում ունի Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի մասին, ավելի ռեալ, քան իշխանության ներկայացուցիչները: Հակառակ դեպքում, իշխանություններն այսօր զբաղված կլինեին բյուջեի եւ կառավարության ծրագրերի փոփոխությամբ, այսինքն՝ այն, ինչ կատարվում է շատ երկրներում: ՌԴ-ում տիրող ճգնաժամի հետեւանքով մեր շրջապատի շատ երկրներ իրենց տնտեսական բոլոր կանխատեսումները վերանայում են: Հայաստանը ՌԴ տնտեսությունից ամենաշատ կախված երկիրն է, այդ ազդեցությունը կա, բայց այդ ազդեցության հետեւանքները վերացնելու համար մինչեւ հիմա չկա որեւէ ծրագիր: Չկան անգամ այդ ազդեցության հետեւանքով ստեղծված իրավիճակի գնահատականներ ու կանխատեսումներ: Իշխանությունները հանգիստ նայում են, թե ինչ է կատարվում, եւ մինչ իրենք հանգիստ նայում են, կանխատեսված 4.1 տոկոս տնտեսական աճի ապահովումը ձախողվում է: Եթե ուշադրություն եք դարձրել, պետական բյուջեի կատարողականի հետ կապված՝ արդեն իսկ խնդիրներ կան, նախորդ տարվա եկամուտներն ու ծախսերը չեն կատարվել: Սա նշանակում է, որ տնտեսական հեռանկարները հուսադրող չեն: Սրան զուգահեռ՝ կա մեկ ուրիշ կառույցի գնահատական՝ ՀՀ ԿԲ գնաճի հաշվետվության վերջին փաստաթուղթը, որտեղ տնտեսական աճի մասին բյուջեով նախատեսվածից 10 անգամ պակաս կանխատեսում է արված՝ 0.4 տոկոս: Եվ այս պայմաններում կառավարության կողմից չկա որեւէ նախաձեռնություն, որեւէ ծրագիր, որեւէ փաստաթուղթ, որ ՀՀ քաղաքացիներին, տնտեսվարողներին կասեր՝ ինչ է սպասվում մեզ:

—  Միջազգային մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն՝ Ֆիտչը,  իր զեկույցում նշել է, թե Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը լուրջ ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսական հեռանկարների վրա: Երբ մենք խոսում ենք ՀՀ տնտեսության մեջ բացասական միտումների մասին, արդյո՞ք այդ ամենը կախված է միայն արտաքին գործոններից:

— Սա հետեւանք է տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականության, որը Հայաստանին վերջին տարիներին առավել քան մեծ կախվածության մեջ է գցել ռուսական տնտեսությունից: Այս տարիների ընթացքում այդպես էլ իրականություն չդարձան ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ծրագրերը: Այսինքն՝ մենք չկարողացանք ստեղծել դիվերսիֆիկացված տնտեսություն: Այնպես որ, ստեղծված իրավիճակն առաջին հերթին հետեւանք է այդ ամենի, այլ ոչ թե ՌԴ տնտեսությունում տիրող իրավիճակի:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայանը՝ ԲՀԿ նոր խոսնակ’