‘Վահագն Խաչատրյան. Քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի մասնակցել քաղաքի կառավարմանը’

1187

Այսօր մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը այս ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ: Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, կյանքի կարգախոսն է՝ լինել ազնիվ:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

-Մեր քարոզարշավը ես կարող եմ հաջողված համարել, որովհետև, ի վերջո, մենք մի կարևոր խնդիր էինք դրել մեր առջև՝ քաղաքացիներին բացատրել, որ սա ոչ թե Երևանի քաղաքապետ-կառավարչի ընտրություններ են, այլ քաղաքական ընտրություններ են, և Երևանի ավագանու ընտրությունը այն չէ, ինչպիսին փորձում է ներկայացնել իշխանությունը՝ ասելով, թե դա միայն Երևանի, Երևանի փողոցները մաքրելու և քաղաքը մաքուր պահելու հարց է: Սա քաղաքական ընտրություններ են: Այդ առումով մենք մեր նպատակին հասանք: Ոչ միայն մենք, այլ նաև ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են  այս ընտրություններին, նրանք էլ հիմնական շեշտադրումը դրա վրա արեցին: Երկրորդը՝ քարոզարշավը կայացած եմ համարում նաև այն առումով, որ մենք ևս մեկ անգամ, մեր ընտրողների տները մտնելով, ներկայացրինք մեր տեսակետները, մեր մոտեցումները, և իրենք համոզվեցին, որ Հայ ազգային կոնգրեսը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում, որ իր դիրքերում է գտնվում, և որ միակ նպատակը, որը մենք ունենք, իշխանությունը քաղաքացուն վերադարձնելն է, ինչպես նաև գործող համակարգի վերջը տալն է: Երրորդը՝ այս ընթացքում քաղաքացիների մեջ ձևավորվեց այդ տեսակետը, որ իսկապես հնարավորություն կա ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի շնորհիվ հաղթել գործող իշխանությանը, հանրապետականին, ՕԵԿ-ին, և այդպիսի իրավիճակում հնարավոր կլինի երկիշխանություն ձևավորել պետության մեջ: Կլինեն ընդդիմադիր քաղաքապետարան և իշխանություն, ինչը, ի վերջո, կբերի նրան, որ իշխանությունը կզիջի դիրքերը:

-Ի՞նչ է անելու Կոնգրեսը առաջին հերթին՝ երբ լինի Երևանի ավագանու կազմում:

-Առաջին հերթին կառավարման այս համակարգն է վերացվելու: Առաջին հերթին մեր կարգախոսի իրականացումն է լինելու, և մենք մեր գործերով պետք է ցույց տանք, ապացուցենք երևանցիներին, որ մենք այդպիսին ենք ոչ միայն խոսքերով, այլև իրականում մեր աշխատանքով: Մենք նաև ակտիվ աշխատելու ենք մարդկանց հետ, որոնց կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չի ունենալու, աշխատելու ենք իրական պրոֆեսիոնալների հետ: Սա շատ կարևոր է, քանի որ այսօր պատահական մարդիկ են հայտնվում շատ կարևոր և պատասխանատու տեղերում միայն և միայն այն բանի համար, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են: Բացի այդ՝ քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի մասնակցել քաղաքի կառավարմանը: Ավագանու որոշումներն ընդունելիս քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ազդեցություն ունենալ դրանց վրա: Եվ, իհարկե, նաև աշխատանքներ պետք է տարվեն, որոնք բնորոշ են քաղաքային իշխանությանը: Նկատի ունեմ կանաչապատումը, բարեկարգումը, քաղաքաշինությունը և այլն: Պետք է լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, և այդ ամենը կլինի մեր ուշադրության կենտրոնում հենց առաջին օրվանից:

-Ինչպիսի՞ Երևան եք ցանկանում տեսնել մայիսի 6-ից սկսած, և ինչպիսի՞ն պետք է լինի Երևանը, որ Երևանի ավագանիում ձեր աշխատանքը հաջողված համարեք:

-Դա միայն մեզնով կամ միայն քաղաքապետարանով պայմանավորված չի լինի: Երբ մենք տեսնենք, որ քաղաքացիները ժպտում են, գեղեցիկ են, իրենց լավ են զգում քաղաքում, և դրանից իրենց տրամադրությունը բարձր է՝ կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք:

-Ի՞նչ կցանկանաք ասել այն երևանցիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել՝ գնա՞լ, թե չգնալ մայիսի 5-ի ընտրություններին:

-Առաջին հերթին կոչ կանեմ, որ անպայման գնան ընտրություններին: Թող մարդիկ իմանան, որ ընտրություններին գնալով՝ կանխում են այն ընտրակեղծիքը, որը փորձում է անել իշխանությունը: Իր չգնալու դեպքում ուրիշը կքվեարկի: Երկրորդը՝ պետք է հստակ իմանալ, համոզված լինել, որ մայիսի 5-ի ընտրությունների միջոցով հնարավորություն կա իշխանափոխություն իրականացնել: Երրորդը՝ գնալուց առաջ իմանալ, որ կա Հայ ազգային կոնգրեսը, որը միշտ ազնիվ է իր ընտրողների հետ և չի փորձում սին խոստումներով ուղղակի իշխանության գալ: Եվ չորրորդը՝ պետք է համոզված լինեն, որ Հայ ազգային կոնգրեսը, ընտրություններին մասնակցող մյուս ոչ իշխանական ուժերի հետ, հնարավորություն ունի իսկապես փոփոխություն մտցնել Երևան քաղաքում, իշխանափոխություն իրականացնել և դրական հիմքեր դնել՝ ամբողջ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Անի Գևորգյան

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Ինչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են և հրեաների սերմնահեղուկների կարո՞տ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» եւ «Բենֆիկան» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ’