‘Վահան Թումանյան. Իսկ եթե ուրի՞շ Թուրքիա…’

12361

Հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունից ոգեւորվածության պակաս չկա: Ոմանք, ճիշտ է, հընթացս նաեւ քննադատում են իշխանությունների «ֆուտբոլային դիվանագիտությունը», բայց ընդհանուր տրամադրվածությունն էյֆորիկ է: Ասես՝ խոսքը ոչ թե դիվանագիտական ձախողման, այլ մեծագույն հաջողության մասին է:

Իշխանությունը կարողանում է մանիպուլյացիա անել, իր ֆիասկոն ներկայացնել որպես «վճռական կեցվածք»: Քաղաքական ուժերի, մեկնաբանների եւ վերլուծաբանների խնդիրն է ոչ միայն հասկանալ ենթատեքստը, այլեւ այն ներկայացնել ժողովրդին, հասարակությանը: Նման միտումներ չկան, ամեն ինչ ընթանում է «կորչի Թուրքիան» ամբոխահաճական կարգախոսով: Մինչդեռ հարցը պիտի ձեւակերպվի հստակ՝ իսկ ի՞նչ է անում իշխանությունը, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվեն, եթե ցյուրիխյան արձանագրություններն արդեն առ ոչինչ են: Ամեն ինչ դրանով ավարտվու՞մ է, հայ-թուրքական հարաբերությունների հնարավորությունը վերջնականապես փակվու՞մ է, թե՞ սկսվելու է նոր գործընթաց: Ասել է թե՝ պետք է պարզ ներկայացվի, որ բնականը, օրինաչափը ոչ թե արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն է, այլ հայ-թուրքական՝ թեկուզ ամենացածր մակարդակի շփումների հաստատումը: Դուռը շրխկոցով փակել՝ չի նշանակում լինել հաղթող:

Բացի այդ, իսկ ի՞նչ է անելու Հայաստանը, եթե վաղը գործ ունենա բոլորովին ուրիշ Թուրքիայի հետ: Ավելի ճիշտ՝ ելման ի՞նչ կետից կարող են սկսվել հայ-թուրքական հարաբերությունները, եթե վաղն ունենանք նաեւ բոլորովին ուրիշ Հայաստան: Խնդիրն այնքան լուրջ է, որ պետք է քննարկվի հենց այս՝ երկու ժողովուրդների եւ պետությունների ապագայի կտրվածքով, ոչ թե իջեցվի գրեթե անձնական բնույթի «սիրալիրությունների» փոխանակման մակարդակի՝ ինչպես իրենց թույլ են տալիս Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունները:

Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը պայմանավորված է դրանց կոնյունկտուրային էությամբ: Կողմերը խնդիր էին դրել ոչ թե հասնել հարաբերությունների հաստատման, այլ հնարավորինս մեկը մյուսին «անկյուն քշել»: Մեկը մյուսի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել: Այդ ոգով ստորագրված արձանագրությունները չէին կարող կյանքի կոչվել: Եւ այդպես էլ մնացին թղթի վրա:

Բայց դրանից չպետք է բխեցնել, որ հայ-թուրքական հարաբերություններն առհասարակ չեն կարող կարգավորվել կամ չպետք է կարգավորվեն՝ ինչպես վարվում են իշխանությունը եւ նրա շահերն սպասարկող քաղաքական ուժերը: Թուրքիայի հետ Հայաստանը պետք է ունենա առանց նախապայմանների, բնական եւ պրագմատիկ հարաբերություններ: Ինչպե՞ս հասնել դրան՝ ներկայիս իշխանությունը պատասխան չունի ոչ Հայաստանում, ոչ էլ Թուրքիայում: Երկու երկրների հասարակությունները պետք է իրենց ձեռքը վերցնեն հարաբերությունների հաստատման գործը, որոշակի հող նախապատրաստեն: Մինչեւ որ թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում կձեւավորվի պատասխանատու եւ հեռատես իշխանություն:

 

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմի կարգավիճակը. ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում’
Հաջորդ հոդվածը‘Եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք չենք դադարեցնելու հացադուլը. Դ. Պետրոսյան’