‘Վահան Թումանյան. Մարտիմեկյան «ուղերձ»’

4020

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանն ասել է, որ մարտի 1-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, եւ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվել են: Դրանից տառացիորեն ժամեր առաջ ԱԽ իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավարը դժվարացել էր ասել՝ Հայաաստանն օրացուցային գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների՞, թե՞ խոսքն ավելի երկար կամ քաղաքական գարնան կտրվածքի մասին է: Դրանից պետք է եզրակացնել, որ հարցը քաղաքական քննարկումներ չի անցել, Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել: Այսպես ասած՝ ինքն է ծնել հայ-թուրքական արձանագրությունները, ինքն էլ սպանում է: Բայց հետաքրքրական է, թե ինչու՞ դրա մասին անձամբ հայտարարությամբ հանդես չի եկել, այլ խոսնակի միջոցով է ապսպրել հասարակությանը: Կամ ինչու՞ հարցը չի քննարկվել խորհրդարանում, որի վավերացմանն էին ներկայացված արձանագրությունները:

Իսկ առհասարակ ինչու՞ հատկապես մարտի 1-ին է նման տեղեկատվություն տարածվում: Հասարակությունը Սերժ Սարգսյանից այդ օրվա կապակցությամբ բոլորովին այլ հայտարարություն է ակնկալում: Եւ տեղին կլիներ, որ նա անդրադառնար 2008 թ. մարտի 1-ին: Մանավանդ որ օրերս իշխող ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկել այդ կապակցությամբ ԱԺ հայտարարություն ընդունելու հարցը խորհրդարանի օրակարգում ներառելու որոշմանը: Մեծ հաշվով հայ-թուրքական արձանագրությունները հասարակության համար այնքան էլ կարեւոր չեն: Հայաստանի քաղաքացիներին հուզում է տասնամյա վաղեմության հանցագործության բացահայտումը կամ առնվազն դրան քաղաքական գնահատական տալու խնդիրը: Բայց Սերժ Սարգսյանը հերթական անգամ շեղում է հասարակության ուշադրությունը: Եւ դրանից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունն» էլ նախաձեռնվել է, որպեսզի քաղաքական եւ հանրային լայն շրջանակների ուշադրությունը շեղվի մարտիմեկյան սպանդից: Տասը տարի առաջ Սերժ Սարգսյանը ոչ թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, այլ սեփական իշխանությանը լեգիտիմություն փնտրելու խնդիր է լուծել:

Այսօր էլ, չեղարկելով հայ-թուրքական արձանագրությունները, նա դարձյալ ներքաղաքական առաջնահերթություն է տեսնում: Պատրաստվելով զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանը պարզապես «հերոս տղայի» դեր է խաղում: Դա է նրա մարտիմեկյան «ուղերձի» բուն նշանակությունը: Եւ որքան էլ իշխանահաճ մամուլը հեռուն գնացող ենթադրություններ անի, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, հանրային աջակցության ոչ մի ռեսուրս չունենալով, սեփական իշխանությունը լեգիտիմացնելու համար ընտրել է ազգայնականություն խաղարկելու տարբերակը: Նույն կերպ պետք է բացատրել նաեւ Ղարաբաղի հարցով նրա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հնչեցրած մոտեցումը: Իշխանությունն, այսպիսով, առիթն օգտագործում է, որպեսզի ցրի մարտի 1-ի տասնամյակի ծանր տպավորությունը: Ազգայնականությունը նրա ձեռքին հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու գործիք է: Տուժում է Հայաստանի պետականությունը, տուժում ենք բոլորս, քանի որ այդպիսով երկարաձգվում է մեզ համար վտանգավոր իրավիճակը: Իսկ միջազգային որեւէ ֆորսմաժորային տեղաշարժի դեպքում ներկայիս իրավիճակը կարող է չափազանց վտանգավոր դառնալ:

Այս իշխանությունը չունի քաղաքական պրագմատիկ հաշվարկ անելու, արդյունավետ քայլեր մշակելու ինտելեկտուալ ռեսուրս: Եթե այդպես չլիներ, հայ-թուրքական արձանագրություններն այդքան փնթի եւ կիսագրագետ չէին բանակցվի եւ Հայաստանի համար բեռ չէին դառնա: Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը թոթափեց այդ բեռը: Բայց հայտնի չէ՝ Հայաստանն ավելի անվտանգ ու ապահով էր թեկուզեւ չվավերացրած հայ-թուրքական արձանագրություններո՞վ, թե՞ այդ բեռը թոթափելուց հետո կլինի…

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Հասարակությունը մտադիր չէ՛ թեւաթափ լինել»’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 24 մարդ’