‘Վահե Հակոբյան. Սյունիքի արոտավայրերը մնում են «սյունեցի» ոչխարներին’

897

Սյունիքի արոտավայրերը կօգտագործեն տեղի ոչխարաբույծները, Իրանցի ոչխարաբույծներին մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու ծրագիր օրակարգում չկա: Այս մասին, պատասխանելով iLur.am-ի հարցին, հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

ԱԺ-ում տեղի ունեցած 2014թ. պետբյուջեի քննարկման ժամանակ մարզպետը հայտարարեց, որ բացի հանքարդյունաբերությունից, որը մարզի տնտեսության շուրջ 75%-ն է ձեւավորում, մտադիր է զարգացնելու գյուղատնտեսությունը, հատկապես` ոչխարաբուծությունը: «Մոտակա տարիների ընթացքում մտադիր ենք ավելի քան 5 անգամ ավելացնել ոչխարաբուծության ծավալները եւ արդեն մորթված վիճակում միսն արտահանել Իրան», — ասաց նա:

Մեզ հետ զրույցում արդեն Վահե Հակոբյանը նշեց, որ մարզպետարանն ուսումնասիրել է ԻԻՀ ներքին շուկան եւ հիմնականում Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում բուծված մանր եղջերավորները մեծ մասամբ արտահանվելու են հարեւան երկիր:    

«Որոշակի գործարաններ արդեն կառուցել ենք իրենց ժամանակակից տեխնիկական պայմաններով իրենց «ադաթներն» էլ հաշվի առնելով: Այսինքն, հետագայում էդ ծրագրերն իրականացնելու ենք: Կարող է խնդրենք` Վայոց Ձորինն էլ մեզ տրամադրեն, որ ընդհանուր մեր ոչխարներն արածացնենք: Մենք մեր արոտավայրերը մեր ոչխարների համար ենք պահում», — ասաց Հակոբյանը` ընդգծելով, որ ոչխարաբուծության մեջ բացառապես տեղի բնակչությունն է ընդգրկված լինելու:

Այնուհանդերձ, մարզպետը դժվարացավ պատասխանել, թե երբ հնարավոր կլինի հասնել իր հայտարարած` ոչխարաբուծության ծավալները հինգ անգամ բազմապատկելու ցուցանիշին:

«Առաջ Աստված, չեմ ուզում վռազել», — նշեց նա:

Հիշեցնենք, որ 2012-ի ամռանը Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ալիռեյզա Բեյգի միջեւ հուշագիր է ստորագրվել, համաձայն որի, հայկական կողմը վարձակալությամբ պետք է արոտավայրեր հանձներ իրանցի ոչխարաբույծներին: 

Նախորդ հոդվածը‘Ներկայացվեցին Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘ Ի՞նչն ենք շնորհավորում, որ պատմական ողբերգությունների արդյունքում հերթական հայկական գաղթօջա՞խն է ձեւավորվել’