Վահրամ Աթանեսյան․ Գործ ունենք խեղկատակի՞, թե՞ վարձկան ահաբեկչի հետ

3053

ՀԱՊՀ պրոֆեսոր Էդուարդ Նշանի Մանուկյանը մի պարսավագիր-բանդագուշանք է հեղինակել եւ առաջին նախագահի «հանցավորությունը հիմնավորելու» համար հնչեցրել հետեւյալ հարցերը․

1. «Ինչու՞ Լ․Տ․Պ․-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կաներ Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների):

Պարզ չէ, թե «ռազմական գործողությունների ղեկավարներ» ասելով` նա ում նկատի ունի, բայց տեսնենք, թե այդ մասին ինչ է ասել Հայաստանի այդ օրերի պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը․ «Մեր հարձակողական ոգին շատ ուժեղ էր, իսկ այնտեղից Կուրին հասնելու համար ընդամենը 20 րոպե կպահանջվեր: Մեծ հեռավորություն չէր: Որտե՞ղ է Կուրը: Ներքևում է: Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք: Ես դա գիտեմ, քանի որ ինքս եմ առաջարկել: Մենք կանգնեցրել ենք առաջխաղացումը օպերատիվ իմաստով առավել կարևոր սահմաններին, քանի որ դրանից այն կողմ տեղանքը ավելի ցածրադիր է, աշխարհագրությունը գնում է դեպի ներքև՝ դեպի գետը: Իսկ ներքևում՝ ցածրադիր վայրերում, մեր ներկայիս դիրքերի և Կուրի միջև պաշտպանական գիծ կառուցելը հիմարություն է: Չի կարելի նման բան անել: Ռազմագիտությունը արգելում է դա: Ուստի նրանք մնացին ներքևում, իսկ մենք դիրքեր զբաղեցրինք վերևում»։

Կարծում եմ՝ այսքանով թեման փակվում է։

2. «Ինչո՞ւ երբ Ղարաբաղը 1990թ․ դեկտեմբերին հանրաքվեի օգնությամբ հայտարարեց իր անկախությունը և միացումը Հայաստանին, Հայաստանի նախագահն ամեն կերպ խոչընդոտեց և չընդունեց Ղարաբաղի այդ որոշումը։

Քայլ, որը լրիվ իրավական էր և ընդունելի ԽՍՀՄ Սահմանադրության տեսանկյունից»,- հարցնում է պրոֆեսոր Մանուկյանը՝ մի պարբերության մեջ թույլ տալով առնվազն երեք հիմարություն։

Նախ, Ղարաբաղը (օգտագործենք պրոֆեսորի գործածած անվանումը ) անկախություն հռչակել է 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով (ոչ թե՝ հանրաքվեի օգնությամբ)։ Երկրորդ, անկախություն հռչակած Ղարաբաղը չի «հայտարարել Հայաստանին միացում»։ Էլ ի՞նչ անկախություն, եթե պիտի հռչակեր «Հայաստանին միացում»։ Պրոֆեսորին խորհուրդ կտայի ծանոթանալ ԼՂՀ անկախության Հռչակագրին։

Երրորդ, ԽՍՀՄ Սահմանադրությունը չէր նախատեսում ինքնավար կազմավորումների անկախացում։ 1990թ․ ապրիլի 3-ին ընդունված՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքն էր նախատեսում, որ եթե միութենական հանրապետությունը որոշում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել, ապա նրա կազմում գտնվող ինքնավար կազմավորումը կարող է ինքնուրույն որոշել իր կարգավիճակի հարցը։ Այսինքն՝ մնո՞ւմ է ԽՍՀՄ կազմում, թե՞ հանրապետության հետ անկախանում։

3. Այնուհետեւ պրոֆեսորը Հայաստանի առաջին նախագահին մեղադրում է, թե ինչո՞ւ է 1994թ․-ին Ադրբեջանի հետ ստորագրել հրադադարի համաձայնագիր, երբ նախապես որոշված էր, որ ստորագրող կողմ են միայն Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Այստեղ նա հղում է անում Վլադիմիր Կազիմիրովին, բայց՝ առանց նշելու աղբյուրը։ Եւ չի էլ կարող, որովհետեւ Կազիմիրովը չէր կարող նման բան ասել՝ իբր Հեյդար Ալիեւի խնդրանքով է Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել, որ Հայաստանն էլ պետք է ստորագրի հրադադարի համաձայնագիրը։ Պատճառը պարզ է․ ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն 1992թ․ մարտի 24-ի որոշմամբ հակամարտության կողմեր է ճանաչել Հայաստանին եւ Ադրբեջանին, շահագրգիռ՝ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչներին։ Հայաստանի առաջին նախագահի մեծագույն ներդրումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը 1994թ․ մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի իրավահավասար կողմ է ճանաչվել։ Թե ինչ ջանքեր են դրա համար պահանջվել՝ պրոֆեսորը կարող է իմանալ՝ կարդալով Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Ստուպիշինի հուշերը։ Դա մեծ դժվարություն չի ներկայացնում, այդ գիրքը համացանցում ազատ ընթերցման է դրված։

Ի՞նչ նպատակ են հետապնդում այս կարգի հրապարակումները։ Քառասունչորսօրյա պատերազմի պարտության պատասխանատվությունը բարդել առաջին նախագահի՞ վրա։ Թերեւս՝ այո։ Այլապես թեման չէր աշխուժանա հատկապես այս օրերին։

Նման դիսկուրսի քաղաքական շահառուները հայտնի են։ Անհասկանալի է, թե պրոֆեսորի կոչում ունեցող մարդն ինչո՞ւ է իրեն ծաղրուծանակի առարկա դարձնում։ Խեղկատակի դե՞ր է խաղում, թե՞ տեղեկատվաքարոզչական վարձկան ահաբեկչի։ Երկու դեպքում էլ նա միայն խղճահարության է արժանի։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում դատապարտել են մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» կնոջը
Հաջորդ հոդվածըՎանո Սիրադեղյանի հոգեհանգիստը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում