‘Վանաձորյան «Ան Գորդոնախ» և «Որդան կարմիր» ռոք խմբերը` Լոնդոնում’

1864

Սեպտեմբերի 28-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի կունենա Վանաձորի «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» խմբերի համերգը:

«Որդան կարմիրը» ձևավորվել է 2004 թ.: Երաժիշտները նվագում են ծանր ռոք, ալտերնատիվ մետալի տարրերով՝ օգտագործելով ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը և հին հայկական եկեղեցական երաժշության ավանդույթները:  Իսկ «Ան Գորդոնախը»,որ ձևավորվել է 2010 թ., փորձել է ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ Հայաստանի ռոք երաժշտության մեջ՝ իրենից ներկայացնելով ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ:

iLur.am –ի թղթակցի հետ զրույցում այսօր «Ան Գորդոնախ» խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանը նշեց, որ համերգը տեղի կունենա «The water rats» համերգասրահում, որտեղ  երեկոյան երկու խմբերը միասին ելույթ կունենան:

Արդեն սկսվե՞լ է տոմսերի վաճառքը Լոնդոնում, և եթե այո, ապա այժմ ի՞նչ փուլում է գտնվում:

Այո՛, վաճառքը արդեն մեկնարկել է, սակայն ես ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ փուլում է այժմ այն գտնվում: Մեր խմբի PR-ով այժմ զբաղվում է «Music of Armenia» կազմակերպությունը: Համերգը հիմնականում նախատեսված է հայկական համայնքի համար, սակայն լոնդոնցիները նույնպես հետաքրքրված են. նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական «underground» երաժշտական խմբերի շնորհիվ:

Անձամբ ձեզ համար համերգը ի՞նչ նշանակություն ունի, և ինչ ակնկալիքներ ունե՞ք:

Սա առաջին անգամն է, երբ Վանաձորում կազմավորված խումբը մեկնում է Լոնդոն համերգի: Հետևաբար՝ շատ կարևոր է, թե մեր երաժշտությունն ինչպես կընդունվի այնտեղ: Սակայն ակնկալում եմ, որ խմբերը  հաջողություն կունենան, և մեր բոլոր սպասելիքները կարդարանան:

Տիրայր Մխիթարյանը նշեց նաև, որ համերգը բարեգործական է, և ողջ հասույթը կփոխանցվի Գյումրու Բայրոնի անվան երաժշտական դպրոցին, որն այժմ վերանորոգվում է:  

Նախորդ հոդվածը‘Շենգավիթում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Տոտտին մինչև 40 տարեկան կմնա «Ռոմայում»’