Վանոյին. ց’պահանջ․ ՉԻ

1189

Անցած պատերազմի մասին Պուտինը մի օր հրապարակեց, թե ինչ-որ կերպ, մի պահի, դեռ կապիտուլյացիայի թերթոնը մրոտելուց առաջ, երբ դեռ Ալիևը նույնիսկ հույս էլ չուներ Հադրութն ու Շուշին տեսնելու, ինքը՝ Պուտինը, ինչ-որ կերպ կարողացել էր Ալիևին պարտադրել, որ հենց այդ վիճակում պատերազմը կանգ առնի: Մի պայմանով միայն` որ Շուշիի ադրբեջանցիք կարողանային տուն դառնալ: Ու Փաշինյանը մտածել-մտածել ու ասել էր` ՉԷ: Ասել էր` դա մեր ազգային շահերին անհամապատասխան է: Մտածել-մտածել էր ու ասել: Այդպես: Հետո… գիտենք, թե ինչ եղավ:

Ահա այս հոկտեմբերի մի կիրակի օր իմացանք, որ մահացել ես` չկաս այլևս: Այլևս նույնիսկ բացակա ներկայությունդ վայելելի չի: Նույնիսկ օրը ճշտեցին, թե` հոկտեմբերի տասնհինգին: Հաստատ վստահ իմացողներից էին իմացել: Հստակ էին իմացել: Կտակիդ հանգամանքի պես: Թե բա` ինֆորմացիա ունեն, որ կտակդ կա ու կտակել ես քեզ Կոթի թաղել: Ով էր կարդացել` պարզ չի: Ասողները չէին կարդացել, բայց հաստատ գիտեին: Էն նույն վստահ իմացողներից էին իմացել: Հստակ էին իմացել: Ունեին ինֆորմացիա: Ու պատկերացրու` նույնիսկ մի հստակ բանիմացիկ` անանուն մեկը, բարակ, քթի մեջ խոսող-ռնգային ձայնով, տխուր ու ցավակից` առաջին հերթին զանգել էր ծերունի եղբորդ` Սերյոժային, թե բա մահացել ես ու Կոթի են բերելու մարմինդ` թաղեն: Հոգածու բանիմացիկ էր անանուն ջահելը` ասել էր ու չքվել: Մինչև հիմա Սերյոժան չի հասկանում` ով էր:

Մտածող-քայլող շրջանակը, փաստորեն առաջին շրջանի իրազեկներ են, քանի որ ընտանիքիդ` որդուդ ու կնոջդ էլ իրենց միջի` իրենց միջից մտած մերձավորդ էր գուժել մահդ:

Եվ իհարկե, լավ է, որ մերձավորդ (էս իմ բառը չի` Ազատությունը, Ա մեկ պլյուսը, մնացածը իրեն այդպես են կոչել) քեզ հետ կապը անքակտ պահել է այս երկու տասնյակ տարին բոլոր, ու որ թերևս, ծառայել է քեզ այդ քսան տարին բոլոր: Բայց վատ է, իհարկե, և հոռի է, որ էդ երկու ժլատ բառից ու մեկ էլ մահվանդ պատճառը թեթև հասկացնելուց բացի` էլ բան չի ասել ոչ ընտանիքիդ, ոչ էլ հանրությանս: Հա, մեկ էլ ասել է, որ քանի որ ուրիշի անձնագրով, որպես ուրիշ մարդ ես վտարանդի եղել օտար մի երկրում` մարմինդ Հայաստան բերելը տեխնիկական խնդիր ու դժվարություն կարող է դառնալ:

Հետո Փաշինյանը մտածեց-մտածեց ու ասաց` կառավարական հանձնաժողով Կ-ստեղծվի:

Պատուհանից դուրս մթնում է հոկտեմբերի 26-ի երեկոն, վրա է գալիս մեր ողնաշարը նորից ջախջախելու արյունոտ օրը: Մտածող-քայլող, կտակ կարդացած շրջանակի հայտարարագրած` մահվանդ օրվանից անցել է ՏԱՍՆՄԵԿ ՕՐ: Երեկ չէ` նախորդ երեկոյան Փաշինյանը վերջապես այցելեց ընտանիքիդ ու ցավակցեց:

Տիկինդ` Ռուզան Տոնոյանը, հրապարակել է, որ ինքը կիրականացնի քո «ծանր վերադարձը» Հայաստան, ու ես հասկանում եմ, որ անցած այս տասն և մեկ, և անցնելիք էլի մի քսան օրվա ընթացքին Ռուզանի այդ հայտարարությունը մտածող-քայլող շրջանակի ու Փաշինյանի համար փրկություն է` մի քանի օրվա տարկետում: Բայց թերևս իրենցից բացի, այս երկրում ուղեղ ունեցող որևէ մեկը չկա, որ չհասկանա. այս գործընթացները, որքան էլ մասնավոր թվան, կամ համարվեն, դրանց պետական-պաշտոնական ապահովադրումը պարտադիր է.

չէ՞ որ խոսքը պետական-քաղաքական գործչիդ, քաղհալածյալիդ, մտավորականիդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔ վերադարձնելու մասին է: Մինչդեռ… իրենք և մանավանդ Փաշինյանը… մտածում է: ՏԱՍՆՄԵԿ ՕՐ Է ԱՆՑԵԼ:

Պուտինի պատմածը, սիրելի Վանո, քո մահվան այս դիպվածին առնչելս պատահական բան թող չհամարվի, ու թող շատ չհամարվի. պրոցեսը, որ ես «մտածել» կոչեցի, շատերը վաղուց արդեն սրիկայություն, ուրիշները՝ ապուշություն, երրորդները չկամություն ու դավաճանություն են անվանել: Ես հիմա չգիտեմ՝ դրանցից որը նախապատվեմ, որը` թողնեմ: Ուստի և Փաշինյանին ահա այսպես «մտածող» եմ անվանարկում` բոլոր վերոնշյալ որակների համադրողը:

Քո տիկին Ռուզան Տոնոյանը, դուստրերդ կամ որդիներդ, եղբայրներդ, քույրերդ… ոչ մեկս չենք կարողանալու առանց պետական պաշտոնական կարգավորումների և առանց ապաստանածդ երկրի հետ պաշտոնական գործընթացների` մարմինդ Հայաստան բերել: Մեզ էս… «մտածողից» միայն այդ ու այդքանն է պետք: Մինչդեռ սա իր «կ-ստեղծվի» ձևակերպման Կ տառի մեջ ճապաղվել-մնացել է` մարախն է մտել: Ինքը էդ Կ-ն սիրում է: Վերջին հաշվով «ապագա կա, ապագա, կա ապագա, կա»-ն աչքի անցկացրու ու տես, որ հանգուցայինը էլի Կ-ն է` խոստանալով ոչինչ չանել ու նույնիսկ չխոստանալ ու չանել, քանի որ Կ-ն ինքնին է ապառնիակերտ, պարզապես այդպես է հայոց լեզվում, ինքն ի՜նչ մեղավոր է, ինքը նույնիսկ պատասխանատու չէ, ի տարբերություն Արցախի պարտության:

Բայց դե, սիրելի Վանո, «իր քարն իր գլուխը», քո սերունդը մեզ կրակը գցեց գյադաներին քաղաքական ասպարեզ բերելով, մի գյադա էլ սա է, ինքը ու իրենք լռում է ու մտածում, ԱԺ-ի և նրա շուրջ իր ընդդիմախոսները դարձյալ քո դեմ խոյարշավի են ելել: Ու էդպես, ձեռք-ձեռքի, ուս-ուսի երկիրը փալաս են դարձրել ու ծվատում են:

Հիմա ասածս էն է, սիրելի Վանո, որ քո էս մաքրագործող առիթով ենք, կարծես թե, քեզանից հետո դեռ ողջերս ապուշին` ապուշ, սրիկային` սրիկա, ապիկարին` ապիկար, գյադային` գյադա` բերաններս եկածով ուշունցի կապելու քո եղբայր Սերյոժայի պես (բայց ոչ երբեք նրա պես ու նրա չափ` սիրով) ու վեր կենանք ու թոթափենք էս աղտեղությունը մեր վրայից ու քո Խաչատուրի ու իրենից հետո եկողների սերունդներին գոնե մի բան մնա, ոչ թե` միայն պայծառ հուշեր:

Ու վերջում պիտի խնդրեմ, պիտի շատ խնդրեմ, եթե սրա ու սրանց բթությունն ու ստորությունը այդպես էլ անհաղթ ու անհաղթահարելի մնա` տեղդ ու էդ կեղծ անունդ վերջապես ասա` գանք, մարմինդ բերենք` հանգչես ի Հայաստան: Ցավդ տանեմ:

Ա.Հ.

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԹաքուն գնացել էիր, որ ի՞նչ անեիր․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՀայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. Մաս 3