‘Վաչագան Ֆարմանյան. Այս իշխանությունները մարտի 1-ը չեն բացահայտի’

2306

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները վերջին օրերին ծանուցագրեր են ստանում և հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ iLur.am-ի հետ զրույցում զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը հայտնեց, որ իրեն դեռևս չեն հրավիրել Հատուկ քննչական ծառայություն: Նրա խոսքով՝ ամիսներ առաջ զոհերի ծնողները հանդիպում են ունեցել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, սակայն այդ հանդիպումը որևէ փոփոխության չի հանգեցրել: Դատախազը տեղեկացրել է, որ գործերը կքննվեն առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից:

«Ինձ վերջերս երկու անգամ ծանուցագիր էր եկել, որտեղ միայն նշվում էր, որ Արմեն Ֆարմանյանի գործի վարույթը առանձնացվել է: Դեռ չգիտեմ՝ ինձ արդյո՞ք կհրավիրեն ՀՔԾ, թե՞ ոչ, սակայն ասեմ, որ զոհերից Գոռ Գլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին, արդեն հրավիրել են»,- ընդգծեց Վաչագան Ֆարմանյանը:

Նա նշեց նաև, թե հույս չունի, որ մարտի 1-ի գործը կբացահայտվի: «Նույն իշխանությունն է, նույն կառավարությունը, նույն մարդիկ և նույն սցենարը: Այստեղ ինչը՞ պետք է փոխվի, կամ ո՞ւմ պետք է ման գան, ինչը՞ պետք է քննեն: Ոչ մի տեսակի քննություն էլ իմ կարծիքով չի լինի: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի վրա կրակել են «Չերյոմուխա 7» տեսակի զենքով: Դրանից առավել բացահայտում էլ ի՞նչը պիտի լինի: Պետք է պարզեն, թե ում հրամանով են կրակել: Առանց հրամանի ոչ ոք մեկը մյուսին չի խփի: Ի՞նչ կա բացատրելու, Գերագույն հրամանատարից, տեղակալներից բռնած մինչև առ այսօր բոլորը նույն մարդիկ են մնացել»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Մեզ հետ զրույցում, Արմեն Ֆարմանյանի հայրը իր դժգոհությունը հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանից և Ալեքսանդր Արզումյանյանից: Նա նշեց, որ հատկապես Նիկոլ Փաշինյանը մոռացել է, թե ինչպես է հայտնվել Ազգային ժողովում: «Նա արդեն 7 տարի է իշխանություններից է բողոքում, սակայն մոռացել է մարտի 1-ի մասին: Նիկոլ Փաշինյանը ճանաչում ձեռք բերեց հենց մարտի 1-ից հետո: Մոռացել է նաև, որ Կոնգրեսի շնորհիվ է դարձել պատգամավոր: Եթե նրան հարցնեք, թե որտեղ է գտնվում իմ որդու՝ Արմեն Ֆարմանյանի գերեզմանը, նա չի կարողանա պատասխանել: Նա մոռացել է նաև, թե ինչի համար է բանտ նստել: Մի անգամ չեմ լսել, որ խոսի մարտի 1-ի դեպքերի մասին: Այդ մասին պարբերաբար խոսում են Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը: Ասեմ, որ հետևողական եմ լինելու այս հարցում, քանի որ նախկինում շատ մեծ հույսեր ունեի, որ նա անմիջական և ազնիվ մարդ է, սակայն այդպես չեղավ: Ես հիմա ինչպե՞ս կարող եմ այդ մարդուն հարգել, ով խոսում է բոլոր թեմաների մասին, որոնց հետ որևէ ընդհանուր բան չունի, սակայն մարտի 1-ի մասին լռում է»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Նա տեղեկացրեց, որ իր մտահոգությունների մասին երեկ խոսել է նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում, սակայն ինչ-ինչ պատճառներով իր խոսքերը ամբողջությամբ չեն հրապարակվել: Մասնավորապես գրվել է, որ «զոհվածների հարազատներին բարկացնում է ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր որոշ պատգամավորների այսօրվա պահվածքը։ Նրանք մարտի 1-ին կարկառուն դեմքեր էին, ապա դարձան պատգամավոր և կարճ ժամանակում մոռացության մատնեցին զոհվածների ընտանիքների անդամներին»։ Վաչագան Ֆարմանյանը նշեց, որ խոսքը գնացել է վերոնշյալ երկու պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Արզումանյանի մասին:

Նա նշեց, որ այժմ Ազգային ժողովում հավաքվել են պատգամավորներ, որոնք չեն ծառայել բանակում՝ ի տարբերություն իր որդիների: «Ես նույնպես հնարավորություն եմ ունեցել այնպես անելու, որ իմ որդիները չծառայեին, սակայն իմ արժանապատվությունը ինձ թույլ չի տվել: Երբ Արմեն Ֆարմանյանին սպանեցին, նրա փոքր եղբայրը գտնվում էր սահմանից 28 մետր հեռավորության վրա»,- ընդգծեց նա:

Վաչագան Ֆարմանյանը հավելեց նաև, որ միշտ մասնակցել է հանրահավաքներին և այս տարի մարտի 1-ին նույնպես կլինի Ազատության հրապարակում:  

Նախորդ հոդվածը‘«Քարֆուրի» բացումը տեղի կունենա մարտի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազար դոլար’