‘Վարակողին մեղադրելու փոխարեն՝ ճիշտ դիագնոզ դնողին են հայհոյում’

2108

Հին ազգային սովորույթ է` մարդիկ վախենում են բժշկի մոտ գնալ, որովհետև նրանց թվում է, թե հենց գնան բժշկի, մի հիվանդություն «կկպցնի»: Դրա համար էլ, ժողովրդական խոսքով ասած՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդը չի դիմում բժշկի:

Մեկ այլ սովորույթ էլ կա. ով ինչ հիվանդությամբ հիվանդանում է, միևնույն է՝ մեղավոր են համարում ում ասես, այդ թվում՝ նաև բժշկին՝  չընդունելով, որ հիվանդը գուցե չի հետևել իր  առողջությանը՝ ծխել է, խմել է, ֆիզիկական վարժություններ չի արել ու այլևայլ պատճառներով օրգանիզմը հասցրել է քայքայման եզրին: Մարդկային տեսակետից՝ դա դեռ հասկանալի է, մարդը դժվարությամբ է ընդունում իր մեղքը:

Բայց  հետաքրքիր է, որ ամենաշատը բժիշկներից բողոքում են հենց նրանք, ովքեր լա՛վ էլ գիտեն, որ հիվանդության պատճառը հենց իրենք են կամ իրենց մերձավոր հարազատները, բայց այլ մեղավորներ են փորձում գտնել՝ իրենց վրայից մեղքը գցելու համար:

Բայց բժիշկն ի՞նչ մեղք ունի, եթե հիվանդը թմրամիջոցներ է օգտագործել, կամ անկանոն սեռական կյանք վարելու հետևանքով ՍՊԻԴ-ով, սիֆիլիսով կամ ուռոպլազմայով է վարակվել: Այս ամենը բանականորեն հասկանալի է, և մտավոր զարգացած երկրներում հիվանդության պատճառի համար դիագնոզ դնողին մեղադրողներին անմիջապես կտեփոխեին հոգեբուժարան՝ պարտադիր ստացիոնար բուժման նպատակով, իսկ այդ պնդումը կրկնելու դեպքում էլ՝ անմիջապես անմեղսունակ կճանաչեին:

Սակայն պետք չէ մոռանալ, որ սա Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն է, որտեղ ավազակներն են իշխանության գլուխ, և նրանք էլ հենց այդպիսի անմեղսունակ քարոզիչների միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել երկրի դիմաց ծառացած խնդիրներից:

Օրինակ, ինչպես սպասելի է՝ Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթից հետո իշխանական անմեղսունակների բանակը հարձակում է գործում այդ ելույթի վրա ու փորձում է հասարակությանն ապացուցել, որ ոչ թե երկիրը հիվանդացել է իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով, այլ Տեր-Պետրոսյանն է մեղավոր, որ այդ հիվանդությանը ճիշտ դիագնոզ է նշանակել ու նաև նշել է հիվանդությունից ազատվելու տարբերակները:

Վիսոցկին մի երգ ունի, որտեղ ասում է՝ պայծառատեսներին ու ականատեսներին մարդիկ միշտ վառում են խարույկի վրա և ամեն ինչում փորձում են նրանց մեղադրել:

Տեր-Պետրոսյանի որեւէ ասածի մեջ պայծառատեսություն չի եղել ու չկա, կա ակնհայտ փաստերի շարադրանք, որ, ասենք՝ Հայաստանին ՄՄ չեն թողնում մտնել, քանի որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ սահմանելու պայման են դրել: Ի դեպ, այս փաստը մի քանի անգամ հնչել  է ՄՄ եռյակի հիմնադիր անդամներից երկուսի՝ Ղազախստանի և Բելառուսի նախագահների շուրթերից:

Հիմա իշխանությունները տարաբնույթ բազազների ու փղիկների քսի են տվել Տեր-Պետրոսյանի այս հայտարարության վրա, թե իբր՝ բա գիտե՞ք՝ Ադրբեջանի քաղաքագետներն էլ են պնդում Տեր-Պետրոսյանի ասածը, ու թե՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի ասածը համընկնի ադրբեջանցիների ասածի հետ:

Դաունիկներ ջան, այս աշխարհում կան ճշմարտություններ, որ անկախ մարդու ազգությունից՝ չեն փոխվում, ու եթե այժմ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի պետական բյուջեի չափ է, դա չի նշանակում, որ եթե չհայտարարենք այդ փաստը, դրանից Ադրբեջանի ռազմական հզորությունը կպակասի, կամ էլ նրա հավակնությունները Արցախի հանդեպ կնվազեն:

Հիմա՝ եթե նույն բազազը կամ փղիկը (որոնցից մեկը խաղաղ ցույցերի ժամանակ կին ու երեխա էր ծեծում, իսկ մյուսն էլ Մարտի մեկի զոհերին խուլիգաններ համարում) գնան բժշկի մոտ, և բժիշկը նրանց ախտորոշի որպես սադիստներ ու փորձի նրանց բուժման նպատակով դեղեր նշանակել, նրանք ոչ թե ընդունելու են, որ իրենք հիվանդ են, այլ հայտարարելու են, որ բժիշկը տականք էր, ու իրենց ներքին ագրեսիան ոչ թե մանուկ հասակում սեռական բռնության ենթարկվելու հետևանք է, այլ խաղաղ ցուցարարներն են մեղավոր, որ բարձր գոռում են, դրա համար էլ իրենց հոգեկանը խախտվում է, իրենք էլ գալիս Ֆեյսբուքում Սերժ Սարգսյանին պաշտպանող ստատուսներ են գրում և հայհոյում են բոլոր այն բժիշկներին, ովքեր նրանց բուժման ուղին են ցույց տվել:

Այստեղ խնդիրը ոչ թե բազազներն ու փղիկներն են, քանի որ նրանք, ինչ էլ անես, միևնույն է՝ իրենց հիվանդությունը թաքցնելու համար բժիշկներին են մեղադրելու, այլ ՀՀ իշխանությունները, ովքեր հիվանդ մարդկանց են օգտագործում իրենց քաղաքական խնդիրների լուծման համար: Իսկ այդպիսի մարդկանց օգտագործումը, ինչպես գիտենք՝ ոչ միայն հակամարդկային է, այլ նաև անբարոյական, քանի որ վարակը տարածվում է նաև հասարակության այլ շերտերի վրա:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Վրաստանում գրանցվել է 5 բալ ուժնությամբ երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘ Ամերիկացի փորձագետ. Հակամարտության գոտում իրավիճակի սրումը քաղաքականություն է’