‘Վարդանիկի շուրջ օղակը սեղմվում է. Կալանավորվել է նրա ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանից 80մլն դրամ յուրացնելու համար ‘

1057

Aravot.am-ի  ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից  մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության   բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին, ու նրան կալանավորել են:

Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում: Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի ազդեցիկ պաշտոնյաներից  մեկն էր` Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը:

Կայքը նաև հիշեցնում է, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվելուն պես ավագանու հենց առաջին  նիստում, դիմելով ավագանու անդամներին,  իր ելույթից մի դրվագ նվիրեց այս պաշտոնյային: «Ուրեմն՝  ես Ձեզ մի հետաքրքիր բան իրազեկեմ, հոկտեմբերի 7-ին կոմունալի պետը Գրքիկյանն էր, չէ՞, Գրքիկյանը  825 հազար դրամ դուրս է գրում` ծառայողական մեքենաների հետ կապված, որպեսզի անիվներ փոխի և այլն, և այլն:Եվ դրանից հետո, երբ նոր եկած բաժնի վարիչները ընդունում են ծառայողական մեքենաները, ընդհանրապես հին  անվադողեր են լինում, այսինքն` դրա համար էլ էս ծախսերը չկան, էս գումարները չկան, այսինքն` մինչև վերջ փոշիացված է ամեն ինչ», -ասել էր Գյումրու նոր քաղաքապետը:

Նշենք նաև, որ ասյօր «ՀԺ»-ն, անդրադառնալով նույն թեմային, գրել էր. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ խորհրդարան էր եկել։ Լրագրողներին, սակայն, չի հաջողվել ճշտել Ղուկասյանի անակնկալ այցի պատճառը։ Օրվա վերջում «Առավոտը», հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը որոշել է կալանավորել Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին՝ Գյումրիի քաղաքապետարանից 80 միլիոն դոլար փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրելու և ոչինչ չանելու համար։ Չի բացառվում, որ Վարդան Ղուկասյանը Աժ էր եկել՝ ընկերոջը «փրկելու» ճանապարհներ գտնելու նպատակով»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը կժամանի Երևան’
Հաջորդ հոդվածը‘Սամուել Էտո՛օ. Ես ատում էի Մոուրինյոյին’