‘Վարդան Մալխասյան. Չգիտեմ` ով, ումից ի՞նչ հաշիվ է պահանջում, բայց ես գնում եմ իմ բռնած ճանապարհով’

1632

«Չգիտեմ ով ումից ի՞նչ հաշիվ է պահանջում, բայց ես ճանապարհը բռնած` գնում եմ: Իմ անունն է պայքար, և վախճանս էլ պետք է լինի հաղթանակ, ես համոզված եմ դրանում, հավատում եմ մեր գործին, մեր հաղթանակին ու այն հավատքով գնում եմ առաջ». — iLur.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը` անդրադառնալով մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե իբր ՀԱԿ մի քանի անդամների, այդ թվում՝ Սասուն Միքայելյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին պատրաստվում է «նախագահական ընտրություններից հետո «հաշիվ պահանջել» ՀԱԿ ղեկավարությունից, այդ թվում` Լևոն Տեր-Պետրոսյանից, համարելով, որ չառաջադրվելու նրա հիմնավորումներն արժանահավատ և լուրջ չեն»:

«Այդ կարգի խոսակցություն, տրամադրվածություն երբևիցե ոչ ունեցել եմ, ոչ արտահայտվել եմ, ոչ առ այսօր խոսել եմ որևիցե տեղ», — ասաց պարոն Մալխասյանը:

Նրա խոսքով, առաջին նախագահից հաշիվ պահանջելու դեպքում պետք է կշեռքի նժարին դնել «Լևոնի տված օգուտներն ու վնասները, համեմատենք, տեսնենք` արած լավ գործերն են շատ, թե՞ սխալները»:

«Վերջին 20 տարվա ամենամեծ ձեռքբերումը մեր Արցախյան հաղթանակն է, որի գերագույն և գլխավոր հրամանատարը Լևոնն է եղել: Հիմա քաղաքանության մեջ սխալներ ու բացթողումներ էլ են լինում, քաղաքականությունը մարդկային գործունեության ամենաբարդ, ամենաանհասկանալի հանգամանքներից է», — նշեց ազատամարտիկը, հավելելով, որ եթե անգամ եղել են սխալներ, ապա դրանք չեն արվել հարստություն դիզելու կամ շահ ստանալու նպատակով. «Կոնկրետ ժամանակահատվածում այդպես է վերլուծվել իրավիճակը, համապատասխան քայլ է արվել»: 

Վարդան Մալխասյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը կհաղթի փետրվարի 18-ի ընտրություններում, բայց եթե նույնիսկ այդ տեղի ունենա, ըստ նրա, դա կլինի Պյուրոսյան հաղթանակ:

«Սերժը պարտված է բոլոր ուղղություններով: Հիմա քոչարյանասերժական ռեժիմը մեր ժողովրդից թալանած փողերի մի զգալի հատվածը ծախսել է Լևոնի ու իր շրջապատի ուժերը քայքայելու, պառակտելու համար, այսինքն` Կոնգրեսը ջլատելու համար, քանի որ իրենց վախն ու սարսափը Կոնգրեսից է, ուրիշ ոչ մեկից», — նշեց նախկին քաղբանտարկյալը: Նրա խոսքով, ռեժիմը հասավ որոշակի հաջողության, սակայն չկարողացավ այդ ուժերին վերջնականապես տապալել:

Վարդան Մալխասյանը նաեւ մոտալուտ Բանակի օրվա առիթով շնորհավորեց հանրությանը` միաժամանակ նշելով բանակում առկա բազմաթիվ ցավալի խնդիրների առկայությունը:

 «Մենք այն ժամանակ կռվում էինք Արցախում և կամավորական ջոկատներ էինք կազմում,այն ժամանակ չկար բանակ: Այժմ ունենք բանակ, միշտ երազել էինք բանակ, բայց գնացինք կռվեցինք, հաղթեցինք անհամեմատ ուժեղ թշնամուն: Մենք համոզվեցինք, որ ոչ բանակի հզորությունը, ոչ էլ զենքի որակն է ապահովում հաղթանակ, հաղթանակը միշտ ապահովում է հոգու ուժը և մենք այդ ուժով հաղթանակի հասանք:

Բայց հիմա ինչ է պարզվում՝ ունենք բավականին լուրջ զինատեսակներ, ունենք անհամեմատելի լավ պայմաններ, բայց բանակում անառողջ բարոյահոգեբանական վիճակ է: Քանի որ հայոց բանակը, գնալով համալրվում է գրեթե անգրագետ, գաղափարազուրկ, հոգեբանությունից ու վարվեցողությունից պատկերացումներ չունեցող մարդկանցով, բանակում ձևովորված այդպիսի շատ վտանգավոր բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով զինվորների զգալի մասին համար այն համարվում է կալանավայր, իսկ ծառայությունը` զզվելի ու ատելի», — եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանի կենտրոնում երթուղային է շրջվել, կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Երեւանցիները նշում են Սուրբ Սարգսի տոնը (Բացառիկ ֆոտոշարք, տեսանյութ)’