‘Վարդան Պետրոսյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է. Վաղը կորոշվի՝ նրան կալանավորո՞ւմ են, թե՞…’

1064

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Սթրես» կենտրոնում, նրա առողջական վիճակում որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ վաղը լրանում է նրա ձերբակալման 72 ժամը եւ պետք է խափանման միջոց ընտրվի: Նիկոլայ Բաղադասարյանը դեռ չգիտի, թե ինչ է որոշել նախաքննություն իրականացնող մարմինը: Դրանից բացի՝ վաղը լրանում է նաեւ ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված իրենց բողոքի եռօրյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ վաղը արդեն պատասխան կլինի՝ կփոխվի ձերբակալման որոշումը, թե ոչ:

«Վարդան Պետրոսյանը դեռ հոգեմետ դեղերի ազդեցությամբ է, նա ի վիճակի չէ երկարատեւ քննչական գործողության մասնակցելու»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նրա հետ դեռ չի զրուցել միջադեպից, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:

Կայքի փոխանցմամբ, եթե որոշում կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ապա նրան վաղը «Սթրես» կենտրոնից պետք է տեղափոխեն մեկուսարան, իսկ նման առողջական վիճակի պայմաններում՝  պետք է տեղափոխեն մեկուսարանի հիվանդանոց: Ի դեպ, պատրաստ չէ նաեւ փորձաքննության եզրակացությունը: 

Նախորդ հոդվածը‘Օբաման ղարաբաղյան կարգավորման «պատմական շանս» է տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ընդգրկվեց Դել Բոսկեի հայտացուցակում’