‘Օբաման ղարաբաղյան կարգավորման «պատմական շանս» է տեսնում’

1438

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: 
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը, ուղերձում անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Օբաման գրել է․ — «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ՝ օգտագործելու համար պատմական շանսը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, և մենք ողջունում ենք այս ամսվա վերջին հանդիպելու Ձեր և նախագահ Սարգսյանի կայացրած որոշումը»:
Օբաման նշում է, որ առաջիկայում սպասում է երկկողմ ռազմավարական գործընկերության կարևոր հարցերի քննարկումների շարունակմանը:
«Ավելի քան 20 տարի շարունակվող մեր երկրների երկկողմ հարաբերությունները նշանակալից ներդրում են ունեցել տարածաշրջանային անվտանգությունը ապահովելու համար: Մենք ողջունում ենք այդ շրջանում Ադրբեջանի տնտեսական և սոցիալական տպավորիչ առաջընթացը և հավատարիմ ենք մնում մեր գործընկերությունը ամրապնդելու ջանքերին, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների հարցերում համագործակցության խորացմանը»,  — գրել է Օբաման՝ շարունակելով․ — «Միացյալ Նահանգները և Ադրբեջանը շատ հարցերում սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերով, վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք գնահատում ենք ձեր գործընկերությունը Աֆղանստանում, համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»:

Այստեղ նա անդրադարձել է Ղարաբաղի խնդրին, որն արդեն ներկայացվեց վերևում, և շարունակելով՝ նշել է․ — «Մենք հավատարիմ ենք մնում շարունակելու հարավային էներգետիկ միջանցքի զարգացման ջանքերը, զարգացնելու բարեփոխումները տնտեսության դիվերսիֆիկացման, տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»:

Օբաման անդրադարձել է նաև Ադրբեջանի ժողովրդավարության խնդիրներին: Իր ուղերձում նա նշել է, թե երկկողմ համագործակցության և գործընկերության ներուժը ամբողջովին օգտագործելու համար հույս ունի, որ Ալիևի կողմից կուժեղացվեն ժողովրդավարական գործընթացները, ինչը, ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը, շատ կարևոր է Ադրբեջանի երկարատև կայունության և բարգավաճման համար:
«Ինչպես մենք նշել էինք ընտրություններից հետո, մենք Ադրբեջանին կոչ ենք անում մեծացնել հարգանքը հավաքներ անցկացնելու և արտահայտվելու համընդհանուր ազատությունների նկատմամբ, ապահովել քաղաքական բազմակարծությունը և դատարանների անկախությունը, ուժեղացնել ընտրական համակարգը: Այս ջանքերին հետևելով՝ մեր գործընկերությունը Ադրբեջանի հետ կշարունակի ավելի ուժեղանալ», — գրել է Բարաք Օբաման Իլհամ Ալիևին և իր ուղերձի վերջում նշել, թե սպասում է երկկողմ սերտ համագործակցության շարունակմանը:
Միացյալ Նահանգների նախագահը Ադրբեջանի ժողովրդին շնորհավորել, խաղաղություն և հաջողություններ է մաղթել երկրի անկախության վերականգնման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի տեքստը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Կալանավորվել է «Ազդարար» ամսագրի խմբագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է. Վաղը կորոշվի՝ նրան կալանավորո՞ւմ են, թե՞…’