‘«Վարդան Պետրոսյանը և իր հետևանքները» (տեսանյութ)’

2439

«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչեւ վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։ 16-ամյա Էդգարի մոր՝ Աննա Կարապետյանի խոսքերը որդու դին տուն բերելուց անմիջապես հետո մեջբերում է news.am-ը։

Հորեղբոր որդիներ Էդգարն ու Էդուարդը տարեկիցներ էին՝ 16 տարեկան, ծնվել էին 20 օրվա տարբերությամբ ու շատ մտերիմ էին։ Դեպքի օրը Էդգարը, Էդուարդն ու Տաթեւիկը նստած են եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին։ Էմման՝ Էդգարի քույրը, նստել էր դիմացը՝ հոր եւ հորեղբոր արանքում՝ դեմքով դեպի եղբայրները։ Վարորդը հորեղբայրն էր՝ Արթուրը։ Ճանապարհին Էմման եղբորը խնդրել է տեղերով փոխվել՝ դժգոհելով, որ մեջքը ցավում է։ Էդգարը չի համաձայնել, թե՝ «ես Էդոյիս կողքն եմ նստում»։

Էմմայի պատմելով՝ կամրջի տակ՝ խաչմերուկում, Արթուրը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը՝ տեսնելու՝ մյուս կողմից մեքենա գալիս է, թե ոչ, երբ Վարդան Պետրոսյանի մեքենան հետեւից հարվածել է։ Էմման, որն ամենաքիչն է տուժել վթարից, արագ կողմնորոշվել է, զանգել շտապօգնություն, ընտանիքին, նույնիսկ հասցրել է անջատել մեքենայի շարժիչը ու հերթով դուրս է բերել հարազատներին։

Երբ շտապօգնությունը եկել է, մտածել է, թե եղբոր վիճակը լավ է, ճակատը համբուրել է, ասել՝ «մի նեղվի, ախպերս, պինդ եղի, ես պապայի հետ գնամ, պապայի սիրտը հիվանդ ա»։ Նույնիսկ պահանջել է, որ բժիշկները նախ սրսկեն հորը, հետո տանեն, որ սիրտը դիմանա, քանի որ հայրն ի ծնե սրտի արատ ունի։ Եղբայրը՝ Էդգարը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Էմմայի վիճակը համեմատաբար լավ է, միայն երեկ են պարզել, որ ողերից մեկն է կոտրվել։ Նրա հորեղբոր աղջիկը՝ Տաթեւը, հիվանդանոցում է, մի քանի վիրահատություն է տարել, վիճակը ծանր է, դեռ պարզ չէ՝ կկարողանա քայլել, թե ոչ։

Հորեղբոր՝ Արթուրի վիճակն այնքան ծանր է, որ նրան թույլ չեն տալիս որդու հուղարկավորությանը մասնակցել։ Նրան երեք անգամ վիրահատել են։

Հակոբյանների ընտանիքը կատարվածի մեղավոր է համարում դերասան Վարդան Պետրոսյանին։ Վստահեցնում են, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, եւ 180 կմ/ժամ արագությամբ։

Հակոբյանները զայրացած են իրենց ընտանիքի դժբախտության նկատմամբ հանրության անտարբերությունից, եւ նրանից, որ «բոլորին հետաքրքրում է միայն դերասանի վիճակը»։ Վարդան Պետրոսյանի ընտանիքից ոչ ոք նրանց չի այցելել, ցավակցություն չի հայտնել։

Տեսանյութը թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել։

Նախորդ հոդվածը‘Զլատանի պոկերը և Ռոնալդուի դուբլը. ՉԼ-ի 3-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունում պաշտոնանկությունները շարունակվում են’