‘Գլխավոր դատախազությունում պաշտոնանկությունները շարունակվում են’

940

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Գագիկ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը:

Կայքի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատել է տեղեկությունը:

Այսօր սա արդեն երկրորդ պաշտոնանկություն է դտախազությունում:

Արդեն տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:  

______

11:21

Հենց նոր Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել:

Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն»:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Նախորդ հոդվածը‘«Վարդան Պետրոսյանը և իր հետևանքները» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Ջեքսոնը գլխավորում է ամենահարուստ անվանի հանգուցյալների ցուցակը’