‘Վարդան Սեդրակյանը խնդրել է փոխել իր նկատմամբ խափանման միջոցը’

860

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով հերթական դատական նիստի ժամանակ ներկայացվեցին ատրճանակի փորձագիտության արդյունքները, ըստ որոնց՝ արձակած կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ, քանի որ մատնահետքեր չկան, հայտնում է panarmenian.net-ը:

Ներկայացվեց նաև լազերային սկավառակ, որտեղ տեսագրված է այդ օրը տեղի ունեցածը:

Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը կներկայացվի հաջորդ դատական նիստին: Մյուս երկու ամբաստանյալները ցուցմունք կտան նույնպես հաջորդ դատական նիստին՝ հունիսի 20-ին, 12:00-ին:
Դատարանը լսեց նաև վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել վերջինիս ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրիկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:
Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել է իր համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Նախորդ հոդվածը‘Բացահայտվել են ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում պետական կայքերը հակերային հարձակման են ենթարկվել’