‘Վարորդների ստացած տուգանքների բողոքարկման համար ձեւավորվել է իրավաբանների խումբ’

854

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, փոխանցում է News.am-ը:

«Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները բերել մեր գրասենյակ, եւ մենք դրանք ամբողջը կբողոքարկենք»,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ բողոքարկամ համար արդեն իրավաբանների խումբ է ձեւավորվել, իսկ բողոքներն իրենք կընդունեն վաղը առավոտվանից իրենց գրասենյակում: Վարդան Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այս իրենք մի քանի նման հայցերով դիմել են դատարան, իրենց բողոքները բավարարվել են:

«Այս ոլորտում այնքան օրենսդրական բացեր կան, որ հերիք է՝ քաղաքացին որոշի իր իրավունքները պաշտպանել, ինքը կպարզի, որ պաշտպանված է ավելի շատ, քան գիտեր  մինչեւ այդ»,-նշեց Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությունը պայքարի մի առանձին ձեւ է, ինչպես, օրինակ, ավտոերթը:

«Մենք վարորդներին ուզում ենք ասել՝ մի մուծեք այդ տուգանքները ոչ միայն նրա համար, որ այդ 5000 դրամը ձեզ պետք կգա: Դատարանում ակտը բողոքարկելը պայքարի շատ կարեւոր ձեւ է: Մենք պատրաստվում ենք վարչական դատարանը ողողել ակտեր  բողոքարկելով: Պատկերացրեք՝ օրական 4000 խախտում է արձանագրվում: Ի՞նչ կլինի դատարանի վիճակը, եթե օրական գոնե դրանց չնչին մասը բողոքարկվի»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ եթե անգամ ոչ բոլոր բողոքները բավարարվեն, այնուամենայնիվ, վարորդները հնարավորություն կունենան մի քանի ամսով հետաձգել տուգանքի մուծումը:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ վարորդներն իրենց կարող են դիմել 095 95 62 30 հեռախոսահամարով: Նա նաեւ նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով:

 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները նորից ցույց են անում, սպասում են Արմեն Մովսիսյանին եւ հանդիպել են Արամ Մանուկյանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 22-ի’